Ճանաչենք մեր հերոսներին. Մեխակ Տոնոյան

Ճանաչենք մեր հերոսներին. Մեխակ Տոնոյան

1979

Ադրբեջանական ագրեսյան հետ մղելու հետևանքով արիաբար  զոհվել է Մեխակ Տոնոյանը։ Մեխակը ծնվել է Վայքում, բայց մանկուց  ապրել է Շիրակի մարզի Արթիկ քաղաքում։ 2019 թ.-ի հունվարի 18-ին անցել է ծառայության հայոց բանակում։

Մեխակի հերոսական կերպարի մասին զրուցել ենք եղբոր՝ Տիգրանի հետ։

Նրա խոսքով հերոսը շատ հումորով ու դրական մարդ էր։ Բոլորի կողմից սիրված ու հարգված։ Ասում է՝ հաճախ էր նեղանում, հատկապես,երբ ինչ-որ բան իր ասածով չէր լինում։

«Մխոն շատ ռեալ մարդ էր, բանակ գնալուց առաջ էլ հստակ պատկերացումներ ուներ ծառայության  մասին»,-փաստում է Տիգրանը։

Հերոսը 10 տարի սպորտով է զբաղվել։ Սպորտը նրա կյանքի անբաժան մասն էր։ Մխոն հայկական դրոշը բազմիցս բարձր է պահել միջազգային առաջնություններում։ Ճանաչվել է Շիրակի մարզային չեմպիոն։ Նա վաղուց ապացուցել էր իր նվիրածությունը բոլոր գործերում. ծառայությունը ևս բացառություն չէր։

«Մխոն հունից շուտ էր դուրս գալիս, բայց կարողանում էր կառավարել իր հույզերը, միշտ բոլորի կողքին էր, անտեղի չէր նեղացնում ոչ ոքի»։

 Մեխակը դեռ մանկուց չէր հանդուրժում վատ վերաբմունք որևէ մեկի հանդեպ։ Հենց դա էր պատճառը, որ ծառայության ընթացքում երբեք չի թողել թույլերին նեղացնեն։ «Ինքը շատ  ձիգ էր, բոլորին սփոփում էր ու դուխ տալիս։ Պատերազմի ժամանակ մի անգամ բառացի ասեց՝ բոլորին ես եմ սփոփում, դու եկել ի՞նձ ես սփոփում»։

Հերոսը ի սկզբանե ծառայել է Ջաբրայիլում։ Մարտական գործողությունների ընթացքում սերժանտը շրջափակումից հանել է 40 հոգու։ Հնարավորություն է ունեցել նահանջելու, բայց չի դիմել այդ քայլին։ Պատերազմի  ընթացքում եղել է Հադրությում, Ստեփանակերտում ապա Մարտունու Քերտ գյուղում։  Մարտունիում մղվող հերոսական պայքարում՝ հոկտեմբերի 29-ին քաջ տղան անմահացավ, միացավ զոհված հերոս ընկերներին: Նա գնաց իր ծննդյան նախօրեին՝ բոլորին թողնելով լավագույն հուշեր։

Տիգրանը վստահ է՝ հանդիպելու ու խոսելու առիթ լինելու է։ Եղբոր հերոսությունը  իր համար զարմանալի չէ. «Ես գիտեի, որ ինքը գործը սկսելուց միշտ շատ էր խորանում, երբեք ոչինչ  կիսատ չէր թողնում…»։

Նելլի Իգիթյան

2-րդ կուրս

Կիսվել