Պատանի երկրապահ-Զինվոր-Հերոս…

Պատանի երկրապահ-Զինվոր-Հերոս…

1790

Հարութ Ավետիսյանը ծնվել է 2000 թ.-ի օգոստոսի 7-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում։ Սովորել է Արտակ Օհանյանի թիվ 2 հիմնական դպրոցում, որից հետո ուսումը շարունակել է Եվրոպական քոլեջում ՝ որպես ավտոէլեկտրիկ։ Բանակ զորակոչվել է 2019թ.-ի հունվարի 17-ին։ Սկզբում ծառայել է Էջմիածնում, որտեղ ձեռք է բերել սակրավորի մասնագիտություն,  6 ամսից տեղափոխվել է Ջրական (Ջաբրայիլ)։ Մինչ բանակ գնալը 4 տարի կամավորական է եղել «Պատանի Երկրապահ» ակումբում։

-Հարութը շատ ուրախ և ոգևորված էր, որ բանակ է զորակոչվելու։ Անգամ ուզում էր դիմում գրել, որպեսզի մեկ տարի շուտ գնար ծառայության։ «Պատանի Երկրապահ» ակումբում  նույպես մեծ սիրով էր կամավորագրվել,-պատմում է Հարութի քույրը՝ Աստղիկը,- շատ ընկերասեր էր, շրջապատում հարգում էին բոլորը՝ թե՛ մեծերը, թե՛ փոքրերը։ Ինչ-որ մեկին տխուր տեսնելիս անպայման հետաքրքրվում էր, թե ինչ է եղել և իր խորհուրդներով օգնում էր,- հիշում է նա։

Հարութը Եվրոպական քոլեջում շատ լավ է սովորել, հատկապես անգլերենը։ Դասախոսների խոսքով՝ ավարտելուց հետո կարող էր որպես ուսուցիչ աշխատել։ Մինչ բանակ զորակոչվելը շատ է սիրել  զբաղվել սպորտով, հատկա
պես՝ ֆուտբոլով, մասնակցել է շատ մրցույթների և ունի գրանցած հաջողություններ։ Փոքր ժամանակից սիրել է նաև երգել։

«Շատ ընդունակ է եղել։  Ուսուցիչները ասում էին՝ տեսնում էինք, որ շրջված է, մտածում էինք, որ մեզ չի լսում, բայց հենց հարց էինք տալիս, միանգամից պատասխանում էր։  Ամենաշատը կապված էր եղբոր հետ, նրանք թե՛ եղբայրներ էին, թե՛ ընկերներ էին։ Մինչ Հարութի բանակ զորակոչվելը, ես նրան վերաբերվում էի որպես փոքր երեխա, բայց բանակ  գնալուց հետո, ես էի ինձ երեխա զգում իր առջև։ Օգնում էր բոլորին։ Շատ էր նեղվում, երբ իմանում էր, որ մայրը առանց իրեն ինչ-որ ծանր ֆիզիկական աշխատանք է կատարել։ Հարութը շատ կատակասեր էր և աշխույժ»,-պատմում է Աստղիկը։

Մարիամը, ով Հարութի  մանկության ընկերն էր, հետո՝ դասընկերուհին, պատմում է , որ Հարութը սիրել է հատկապես գրականությունը և հանրահաշիվը։ Շատ լավ է եղել տրամաբանությունից։ Նա փաստում է, որ դասարանում  ամենալավ շարադրությունները Հարութն է գրել։

«Իմ ու Հարութի մանկությունը իրար հետ է անցել՝ բակային խաղերով, մեր կազմակերպած միջոցառումներով։ Միշտ ինքն էր առաջինը իմ ծնունդը շնորհավորում և տալիս նվերը, նույնն էլ ես էի անում։  Միասին սովորել ենք 9 տարի։ Հենց առաջին դասարանից իրար կողք ենք նստել։ Հարութի մասին կարելի է երկար խոսել։ Նա շատ բարի ու ընկերասեր մարդ էր։ Մարդկանց մեջ ամենաշատը կարևորում էր անկեղծությունը։ Շատ լավ եմ հիշում ՝  իր գրած  շարադրությունները  կարդալիս ամբողջ դասարանով փշաքաղվում էինք։ Հարութը երբեք հանգիստ չէր կանգնում մի տեղում, մեկ աջ էր անում, մեկ՝ ձախ։ Դասը պատմելուց անընդհատ շարժվում էր։ Շատ հումորով էր»,-պատմում է Մարիամը։

Մարիամը ասում է,  որ Հարութը դասարանի ուրախությունն է եղել։ Եթե մի օր դասի չի գնացել,  այդ օրը ուրախ չի անցել. ամեն օր, Հարութի գլխավորությամբ, դասարանի տղաներով ծիծաղելի բաներ են կազմակերպել, որպեսզի օրը ձանձրալի չանցնի։ Վերջին դասի վալսը Մարիամն ու Հարութը միասին են պարել։

«Հարութը շատ էր ամաչում պարելուց ու մտածում էր, որ չի ստացվի իր մոտ, բայց ես համոզեցի ու սովորեցրի, որոշեցինք, որ միասին էլ կպարենք»։

Բանակում սկսել էր ավելի շատ գրքեր կարդալ, գրել էր երեք բանաստեղծություն, բայց մինչ բանակ գնալը չէր գրել երբևիցե։ Բանաստեղծությունները գտել են Հարութի գրպանից։ Բանակում սկսել էր նաև նկարել,  դեռ մեկ նկար էր նկարել։ Այնտեղ պահում էր շներ, որոնցից մեկը խոսք էր տվել, որ կնվիրի քույրիկի՝ Աստղիկի աղջկան՝ Մանեին, ում Հարութը սիրում էր ասել Մանե-Մանե։

«Երբեք չի բողոքել, այդպիսի օր չի եղել, որ դժգոհի ծառայությունից։ Հարութը պատերազմի առաջին օրից եղել է առաջնագծում, բայց երբ խոսում էինք հետը, ասում էր ՝ ես ապահով տեղում եմ։ Ամեն անգամ, երբ զանգում էր, ասում էր՝ Աստղս, ամեն ինչ լավ է լինելու, երբ վերադառնամ»,-հուզվում է Աստղիկը։

Հարութի հետ վերջին անգամ խոսել են հոկտեմբերի 10-ին։ Հակառակորդի հետ համառ պայքարում ստացել է վիրավորում, հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին անմահացել  է։

Տաթև Նաջարյան

2-րդ կուրս

Կիսվել