«Ընկերությունը՝ ընկերություն, մրցակցությունը՝ մրցակցություն»

«Ընկերությունը՝ ընկերություն, մրցակցությունը՝ մրցակցություն»

1063

Հայ դիզայներների միջև գործակցության և մրցակցության կարծրատիպերի, նորաձևության տենդենցների, և ոճաբանի իր գործունեության մասին զրուցել ենք դիզայներ և մոդելավորող Ֆաինա Հարությունյանի հետ։

-Ֆաինա, ինչո՞ւ հայ աղջիկները չեն ստեղծում նոր կերպարներ, ու փորձում են նմանվել Սիրուշոյին և Լիլիթ Հովհաննիսյանինտարիներ առաջ Ձեր հարցազրույցներից մեկում այդպես էիք նշել:

-Իրականում հիմա շատ են նմանվում ինստագրամյան բավականին հետևորդներ ունեցող աղջիկներին, բայց այդ ժամանակ, երբ ես հարցազրույց էի տալիս, ինստագրամն այդքան էլ պոպուլյար չէր, ու իրոք, Սիրուշոյի դիմահարդարումը, սանրվածքը, հագուստը շատ էին կարևորում, այսինքն՝ ինքն այդ տենդենցը անմիջապես Հայաստան էր բերում: Իսկ ինչը վերաբերում է Լիլիթ Հովհաննիսյանին՝ կար ժամանակ, երբ Լիլիթն իր հագուստներն էր վաճառում, իրեն ուզում էին նմանվել, դրա համար հագուստի վաճառքը հաջողված էր: Ոչինչ չի փոխվել, ուղղակի ավելացել են այլ աղջիկներ, որոնց էլի փորձում են նմանվել, բայց, միևնույն է, Սիրուշոն և Լիլիթը ակտուալ են:

-Առաջիկայում կա՞ն նպատակներ արտերկում գործունեություն ծավալելու։

-Իհարկե, և ինչու՞ ենք անում այդ աշխատանքը, եթե չունենք նպատակներ:

-Ձեր առաջին մասնագիտությունը՝ տնտեսագիտությունը օգնո՞ւմ է արդյոք Ձեզ նորաձևության մեջ:

-Ժամանակին օգնում էր, հիմա ընդհանրապես մոռացել եմ տնտեսագիտության մասին (ծիծաղում է). ունեմ թիմ, որը զբաղվում է այդ ամենով:

-Ինչպե՞ս որոշեցիք ստեղծել մանկական հավաքածու։

-Աղջիկ երեխա ունեցա և հասկացա, որ ով, եթե ոչ ես, այդ պահին պետք է անեմ դա։ Աղջիկս նոր էր ծնվել, ու ես արդեն պատկերացնում էի, որ մեծանա՝ գեղեցիկ շորիկներ կհագնի: Իմ աղջիկն էլ շատ սպորտային է և թիթիզ բաներ դեռ չի սիրում, բայց առայժմ փոքր է, ես ամեն դեպքում սպասում եմ, թե երբ է  էդ շորիկները կրելու:

Մենք ունենք հավաքածու բոլորի համար, և շուտով պատրաստվում եմ ներկայացնել նոր արտադրանք, որը իմ կոմղից կարող է անսպասելի լինել: Մենք ուզում ենք, որ հայկական արտադրանքը հասանելի լինի մեր ժողովրդին:

-Ներկայացնում եք հավաքածուներ, որոնք Դո՞ւք եք ցանկանում, թե՞ այն ինչն այժմյան նորաձևությունն է թելադրում։

-Նորաձևությունն ընդհանրապես բիզնես է, որը, բնականաբար, պահանջարկի ետևից գնում է, սխալ է ասել, որ մենք ստեղծում ենք տեսականի, որը մեր ֆանտազիան է թելադրում: Մենք անում ենք մեր աշխատանքը տոկոսային հարաբերությամբ, այն ինչ պահանջարկ ունի, այն ինչ թրենդային է և այն, ինչ մենք տեսնում ենք որպես դիզայներ: Հաջողակ է բրենդը, որը կարողանում է այդ ամենը միքսել:

-Ո՞րն է Ձեր ոգեշնչման աղբյուրը նորաձևության մեջ:

-Ինձ ոգեշնչում են տարբեր բաները, և ես չեմ սիրում, երբ հստակ բաներից են խոսում ոգեշնչման ժամանակ: Այսօր կարող է լինել լավ եղանակը, կարող է լավ երեկո ես անցկացնում, ինչ-որ բանից ես խոսում՝ ֆիլմից, երգերից, զբոսնում ես երեխաներիդ հետ, տեսնում ես հետաքրքիր հագնված աղջիկ ու էդ գույների համադրությունից ոգեշնչվում ես, սկսում ստեղծագործել:

-Ըստ Ձեզ՝ նորաձև են արդյո՞ք հայ երիտասարդները:

-Այո, իհարկե:

-Դիզայներների միջև կա՞ մրցակցություն:

-Իհարկե կա մրցակցությունը, ու թող ոչ ոք չասի, որ դա էդպես չէ: Մենք  ընկերություն ենք անում տարբեր դիզայներների հետ, ես և ևս երեք դիզայներ ունենք համատեղ բիզնես, բայց, միևնույն է, բոլորս համարվում ենք մրցակիցներ, և ես անկեղծ եմ միշտ (ժպտում է):

-Ձեր խորհուրդը սկսնակ դիզայներներին:

-Գնալ մինչև վերջ, եթե ուզում են լինել դիզայներ, պետք է նպատակ դնել ու հասնել, աշխատել և կրթվել, եթե երազում եք ինչ-որ մի բանի մասին, պետք է հասնեք դրան և ոչ մի դժվարության առջև չկանգնեք:

Մերի Ալոյան

3-րդ կուրս

Կիսվել