Արմեն Սարգսյանն առաջարկել է շտապ ԱԺ արտահերթ նիստ գումարել

Արմեն Սարգսյանն առաջարկել է շտապ ԱԺ արտահերթ նիստ գումարել

460

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դիմել է ՀՀ պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարություններին՝ անհապաղ հանրությանը ներկայացնել Արցախում ստեղծված իրավիճակը։

«Սույն թվականի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով նոյեմբերի 9-ին հայտարարված զինադադարը, գրավել են Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր գյուղը եւ առաջացել դեպի նույն շրջանի Խծաբերդ գյուղի տարածք:

ՀՀ կառավարության համապատասխան գերատեսչությունները մինչ այս պահը պատշաճ կերպով հստակ չեն ներկայացրել իրավիճակը եւ հայկական կողմի իրականացրած գործողությունները։

Հաշվի առնելով իրադրությունը՝ Հանրապետության նախագահը դիմում է ՀՀ պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարություններին՝ անհապաղ հանրությանը ներկայացնել Արցախում ստեղծված իրավիճակը, ինչպես նաեւ նշված բնակավայրերի պաշտպանության եւ զինադադարի արդյունավետ պահպանման համար հայկական կողմի ձեռնարկած գործողությունները։

Միաժամանակ Հանրապետության նախագահը դիմում է ՀՀ ԱԺ-ին՝ շտապ գումարել ԱԺ արտահերթ նիստ, որը կքննի Հադրութի շրջանում ստեղծված իրավիճակի պատճառները եւ լուծման ճանապարհները։

Բարձր գնահատելով ՌԴ նախագահի միջնորդությամբ նոյեմբերի 9-ին ձեռք բերված զինադադարը եւ դրա պահպանումը՝ Հանրապետության նախագահը հիշեցնում է նաեւ, որ ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8-ին ընդունած որոշմամբ ՀՀ-ն պարտավոր է հետեւողականորեն սատար կանգնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը եւ նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը»,-ասված է նախագահի հայտարարությունում։

Կիսվել