Կորոնավիրուսի համավարակի եւ պատերազմի հետեւանքով Հայաստանում ստեղծված իրավիճակի պատճառով Արագածոտնի մարզի մի շարք համայնքների բնակիչներ բերքի իրացման խնդրի առջև են հայտնվել:
«Ամեն տարի բեռնատարները եկել են, հավաքել բերքը ու արտահանել Ռուսաստան. լինում էր, որ փոխանակում էինք անում կամ տեղական շուկայում վաճառում՝ բավականին հաջող: Այս տարի խնձորը քաղել եմ ու դրել սառնարանում, չգիտեմ՝ վերջն ի՞նչ է լինելու: Սահմանները փակ են՝ արտահանում չկա, շուկայում էլ չի վաճառվում, եթե անգամ վաճառվի, առավելագույնը՝ 100 դրամով, բայց դա էլ է էժան: Եթե սահմանը բաց լիներ, իրացման խնդիր չէր լինի, կարող էին մասնավոր գնորդներ էլ լինել, բերքը գետնին չէր մնա»,- ասում է Կարբի գյուղի բնակիչ, 64-ամյա Դավիթ Դավթյանը։
Գործարաններին հանձնելը նույնպես ձեռնտու չէ գյուղացիներին, քանի որ շատ էժան գնով են վերցնում մթերման համար, կատարված ծախսերը չեն փոխհատուցվում։
Դավիթ Դավթյանն ամեն տարի 2 մլն դրամ է ծախսում խնձորի այգու վրա՝ բուժանյութեր, ջրի եւ հողի հարկ, պարարտանյութեր, աշխատողների վճար։
«Տարի է լինում՝ բնական աղետներն են բերքից զրկում, այս տարի էլ բերք կա, բայց չի վաճառվում: Եղել է տարի՝ այնպիսի կարկուտ է եկել, որի հետևանքով շուրջ 4 տարի բերք չեմ ստացել: Այս տարի էլ այգիների տարածքի կեսում կարկուտ եկավ, բայց բախտս բերեց՝ մեր կողմերում չկար, բերքն անվնաս մնաց»,- նշում է Դավիթ Դավթյանը։
Կարբին մարզի միակ համայնքը չէ, որ կանգնել է այս խնդրի առջև։ Օհանավան գյուղի բնակիչ Հրաչյա Առաքելյանն ասաց, որ իր ապրուստի միակ միջոցն էլ է խնձորի այգում մշակումը և հիմա չգիտի, թե ինչպես իրացնի բերքը:
«1,5 մլն և ավելի գումար եմ ծախսել, այգի մշակել, բայց բերքս չեմ կարողանում վաճառել, որպեսզի տունս պահեմ: Երկրում տիրող իրավիճակի պատճառով բախվել եմ ապրանքի իրացման խնդրին, գնորդի և արտահանման խնդիր կա, դրան էլ հետևում է գնանկումը»,- ասաց Հրաչյան:
Օհանավան համայնքի ղեկավար Էդգար Հայրապետյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ համայնքի բնակիչները բերքը փորձում են իրացնել տեղական շուկայում, բայց այստեղ էլ իրացումը նորմալ չէ՝ ո՛չ գին կա, ո՛չ էլ քանակն է վաճառվում։ «Այս պահին գյուղացիները շուկաներում միրգը փորձում են վաճառել արկղերով, փողոցներում՝ կիլոգրամներով, սակայն ներկայումս մեծ առևտուր չկա»,- ասաց Էդգար Հայրապետյանը։
Նրա խոսքով՝ այս տարի խնձորի գինը կայուն չէ, վաճառվում է 50-300 դրամով, բայց անգամ այս գներով վաճառքը քիչ է և նախորդ տարիների համեմատ բավականին էժան է, քանի որ շուկայում լճացում է, ապրանքը դժվարությամբ է վաճառվում։
«Լճացման պատճառները շատ են. արտահանում չի լինում մեզ մոտ, ժողովուրդը գումարի խնդիր ունի, ապրանքը համատարած շուկա են տանում, առաջարկը պահանջարկից շատ է լինում ու այդ դեպքում ուզեն, թե չուզեն՝ գինը նվազում է»,- ասաց համայնքի ղեկավարը։
Էդգար Հարությունյանի պնդմամբ՝ խնձորի այս տարվա ծավալները անցյալ տարվա համեմատ գրեթե նույնն են, բայց որոկը լավը չէ, եղանակն անբարենպաստ է եղել՝ մի քանի անգամ կարկուտ է եկել և խնձորի վրա հետքեր է թողել։
Համայնքապետը նշեց, որ Օհանավան համայնքում հիմնականում մշակում են գոլդեն, այդոռետ, կրիպսոն տեսակի խնձոր, իսկ մնացած տեսակների ծավալն այդքան էլ մեծ չէ, թեև գրեթե բոլոր տեսակներն էլ արտահանվում են։
Բացի խնձորը, Օհանավան համայնքի բնակիչները մշակում են նաև կեռաս, որը ևս բավականին քանակությամբ արտահանվում է, և ծիրան, թեև ծիրանի ծավալները քիչ են։
Հարցին, թե ովքեր են բերքի հիմնական արտահանողները, համայնքի ղեկավարը պատասխանեց՝ նախկինում «Սպայկա» ընկերությունն է արտահանել, բայց այժմ հիմնականում ինչ-որ մեկը գալիս է բեռնատարով, գումարը տալիս է և տանում։
Աջակցության համար պետական մարմիններին դիմելու անհրաժեշտություն Էդգար Հովհաննիսյանը չի տեսնում։ «Դիմենք ի՞նչ ասեն։ Կասեն՝ ազատ շուկա է, խոչընդոտ չկա, բոլորն էլ կարող են վարձել բեռնատար և տանեն իրենց ապրանքը դրսում վաճառեն, միայն կախված է դրսում եղած գներից և մեզ մոտի ապրանքի որակից»,- ասում է Հովհաննիսյանը։ Ապա հավելում է, որ արդեն 2 օր է՝ բեռնատարները գալիս, բարձում են բերքը և տանում. «Տեսնենք, թե ի՞նչ կլինի հետագայում, առանց այն էլ գյուղացին այս տարի տուժել է եղանակի անբարենպաստ լինելու պառճառով, գոնե արտահանումը հաջող լինի, որպեսզի հաջորդ տարվա մշակության համար գոնե մի քիչ գումար ունենա»։
Կարբի համայնքի ղեկավար Կարո Բաղդասարյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ինչպես նախորդ տարի, այս տարի ևս խնձորը պահեստավորված է։ Նրա ասելով՝ համայնքում այս տարի մոտ 10 հազար տոննա խնձոր կա, սակայն արտահանվել է 100 տոննան։
«Խնձորի բերքահավաքն ավարտվում է հոկտեմբերի վերջին, սակայն նոյեմբերը որպես վաճառքի սեզոն շատ պասիվ ամիս է, վաճառքը պետք է տեղի ունենա դեկտեմբեր ամսին և դրանից հետո՝ մինչև մայիս ամիսը»,- հայտնեց Կարո Բաղդասարյանը։
Նրա խոսքով՝ հիմնականում կա 2 խնդիր. առաջինը կապված է համավարակի հետ, որի հետևանքով մարդը չի կարողանում ուղեկցել իր ապրանքը վաճառքի համար, քանի որ վարորդի կողքին 2-րդ անձ չի կարող նստել։ Երկրորդ խնդիրը շուկայական հարաբերություններն են՝ կապված արցախյան պատերազմի հետ. մրգի ռուսական շուկաներում հիմնականում ադրբեջանցիներ են և այժմ խուսափում են հայերի հետ առևտուր անելուց։ Համայնքի ղեկավարը նշեց նաև, որ այժմ մարդիկ, ովքեր ունեն հնարավորություն, պատվերով՝ բեռնատարով ուղարկում են ապրանքը, հիմնականում՝ ՌԴ։ Եվ քանի որ այնտեղ ունեն դիմավորող, նրանց միջոցով վաճառում են բերքը։
Էկոնոմիկայի նախարարության Պարենային անվտանգության և ագրովերամշակման զարգացման վարչության պետ Գևորգ Ղազարյանը հայտնեց, որ բերքի արտահանման խնդրով աջակցություն չի տրամադրվում, եթե իրենց դիմում են, ապա իրենք արտահանողներին կապում են արտադրողների հետ, որպեսզի միմյանց հետ աշխատեն։ Վարչության պետը նշեց նաև, որ իրենց մինչ այսօր դիմել են այլ բերքի արտահանման խնդրով՝ կարտոֆիլի, խաղողի, բայց ոչ՝ խնձորի։
Մերի Մաթևոսյան, Սվետլանա Դավթյան
3-րդ կուրս