Շատ շուտով սպասում ենք մեր գերիների՝ պաշտոնապես հաստատված խմբի վերադարձի մեկնարկին. վարչապետի...

Շատ շուտով սպասում ենք մեր գերիների՝ պաշտոնապես հաստատված խմբի վերադարձի մեկնարկին. վարչապետի ուղերձը ժողովրդին

66

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել ժողովրդին, որը ներկայացնում ենք ստորև․

«Սիրելի հայրենակիցներ, սիրելի ժողովուրդ.

Վերջին օրերին մենք ռազմական իրադրության ամենալուրջ սրումն ենք ունեցել նոյեմբերի 9-ից ի վեր, եւ նախորդ շաբաթ օրը, օգտվելով այն փաստից, որ ռուս խաղաղապահները դեռեւս չեն տեղակայվել տվյալ հատվածում՝ ադրբեջանական ուժերի հատուկ ջոկատայինները գրոհ են ձեռնարկել Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր-Խծաբերդ գյուղերի ուղղությամբ եւ հսկողության տակ առել այդ բնակավայրերը:

Շտապեմ ասել, որ այդ հատվածում քաղաքացիական բնակչություն չի եղել: Գործողությունների հետեւանքով Արցախի Պաշտպանության բանակի վեց զինծառայողներ վիրավորվել են: Տեղեկություններ կան այլ տուժածների մասին, որոնք ճշտվում են: Ինչո՞ւ են ճշտվում՝ որովհետեւ տեղանքը, որտեղ կարող են լինել տուժածներ, այս պահին անմատչելի է, եւ միջոցներ են ձեռնարկվում՝ այնտեղ հասանելիություն ապահովելու համար:

Երեկ տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստում արդեն ասացի, թե առանձին քննարկման առարկա է, թե ինչու խաղաղապահները մինչեւ շաբաթ օրը չէին տեղակայվել Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում, բայց փաստն այն է, որ շաբաթ եւ կիրակի օրերին խաղաղապահ ուժերը տեղակայվել են այնտեղ, ինչպես նաեւ հրապարակել են իրենց պատասխանատվության գոտու թարմացված քարտեզ, որտեղ ներառված է նաեւ Խծաբերդ-Թաղավարդ գյուղերի այդ շրջակա եւ հարող տարածքը: Ի՞նչ է սա նշանակում. սա նշանակում է, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները պետք է ապահովեն այդ տարածքի կարգավիճակի համապատասխանությունը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին: Սա էլ իր հերթին նշանակում է, որ քանի որ ամսի 9-ի դրությամբ այդ տարածքը եղել է հայկական ուժերի վերահսկողության ներքո, պետք է շարունակի մնալ հայկական ուժերի վերահսկողության ներքո:
Իհարկե, Ադրբեջանի կողմից ձեռնարկված գործողություններն ունեն բացահայտ սադրիչ բնույթ, բայց այն ուղղված է նաեւ Արցախում ռուս խաղաղապահների ներկայության արժեզրկմանը: Նրանք ուզում են ցույց տալ, որ խաղաղապահները ի վիճակի չեն կանգնեցնել իրենց կողմից ձեռնարկվող սադրանքները, եւ Խծաբերդ-Հին Թաղեր հատվածի ճակատագիրը Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության առաջին լրջագույն փորձությունն է: Մանավանդ որ՝ Արցախի Պաշտպանության բանակը չի կարող գործել այն նույն տրամաբանությամբ, ինչ գործում են ադրբեջանցիները: Նկատի ունեմ՝ հայկական կողմը չպիտի անի գործողություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի կարող են կասկածի տակ դնել խաղաղապահների գործունեության արդյունավետությունը:

Հաջորդ հարցը, որը հրատապ լուծում է պահանջում, Սյունիքի մարզի հատվածում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանային գծերի ճշգրտումն է: Այս թեմային անդրադարձել եմ Անվտանգության խորհրդի նիստում երեկ ունեցած ելույթում եւ ուզում եմ կրկին պարզաբանել, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Զանգելանի եւ Կուբաթլիի շրջանների մասին հիշատակում չի եղել, որովհետեւ հայտարարության ստորագրման պահին այդ տարածքների 90 եւ ավելի տոկոսը, ցավոք, եղել է Ադրբեջանի վերահսկողության ներքո, եւ բանակցությունների ընթացքում եղել է ըմբռնում, որ այդ հատվածում պետք է տեղի ունենա սահմանային գծերի ճշգրտում, ինչը առաջիկա շաբաթվա ընթացքում պետք է իրականացվի: Այստեղ կան մեզ համար զգայուն հարցեր, եւ այդ հարցերի կառավարման շուրջ տեղի են ունենում ինտենսիվ բանակցություններ: Բայց կրկին ուզում եմ ընդգծել, որ նոյեմբերի 9-ի հայտարարության իրագործման որեւէ փուլում Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանները մնացել են եւ կմնան անձեռնմխելի, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության սահմանների անխախտելիության սկզբունքը որեւէ կերպ չի կարող կասկածի տակ դրվել:

Բայց այս չլուծված հարցերը պետք է լուծել սառը, հանդարտ աշխատանքով: Այսօր տեղի ունեցող գործընթացները, որոնք երբեմն ցավոտ են, շատերը փորձում են օգտագործել նեղ քաղաքական նպատակներով: Ապատեղեկատվության հսկայական հոսքեր են դրվել շարժման մեջ, այդ հոսքերի բավական մեծ մասը կառավարվում է արտերկրից, ու չենք կարող բացառել դրանց առնչությունը օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ:

Մի օրինակ կարող եմ բերել միայն՝ առավոտյան լրահոսից կարող էր տպավորություն ստեղծվել, թե ողջ գիշեր Սյունիքի մարզում մարտական գործողություններ են տեղի ունեցել, մինչդեռ ճշմարտությունն այն է, որ գիշերը Սյունիքում, ինչպես նոյեմբերի 9-ից հետո ընդհանուր առմամբ բոլոր գիշերները, ռազմական առումով անցել է հանգիստ: Իհարկե, սիրելի հայրենակիցներ, Հայաստանի շուրջ, Արցախի շուրջ կա որոշակի լարվածություն, բայց այդ լարվածությունը պետք է, կրկնում եմ, կառավարել սառնասիրտ կերպով՝ մեր ռազմավարական գործընկերների հետ սերտ համագործակցությամբ, ինչը մենք անում ենք: Քարոզչության մասով՝ ուզում եմ կրկին ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ շատ հաճախ թշնամական եւ հայաստանյան որոշ ուժերի կողմից տարվող քարոզչության դրույթները նույնական են, եւ սա նկատելի է արդեն երկար ամիսներ:

Հաջորդ թեման, որին ուզում եմ անդրադառնալ, գերիների խնդիրն է: Կարող եմ ասել, որ մենք ընդհուպ մոտեցել ենք գերիների փոխանակման, մեր գերիների վերադարձի գործընթացի մեկնարկին: Շատ շուտով մենք սպասում ենք մեր գերիների՝ պաշտոնապես հաստատված խմբի վերադարձի մեկնարկին: Մեր մտածումը հետեւյալն է. այս փուլում պիտի սկսենք վերադարձնել այն գերիներին, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է պաշտոնապես Ադրբեջանի եւ Կարմիր խաչի կողմից, որից հետո ավելի շատ կենտրոնանանք գտնվելու վայրը անհայտ մեր եղբայրների փնտրտուքի վրա, որոնց մի մասը, հնարավոր է, գերեվարված լինեն: Սա նույնպես շատ բարդ գործընթաց է, եւ այստեղ էլ ակնկալում եմ մեր քաղաքացիների, առավելեւս՝ գտնվելու վայրը անհայտ մեր եղբայրների ընտանիքների անդամների ըմբռնումը:

Նոր թափով պիտի տեղի ունենա նաեւ զոհվածների մարմինների փնտրտուքը եւ չճանաչված մարմինների ճանաչման գործընթացը, եւ ամեն ինչ արվում է՝ այս գործընթացն օր առաջ ավարտելու համար, բայց, ցավոք, մինչեւ տարեվերջ չենք կարողանա այն լրիվ ավարտել: Եւ ուզում եմ ընդգծել նաեւ, որ գտնվելու վայրը անհայտ մեր եղբայրների որոնողական աշխատանքների համար ընդհանուր առմամբ շատ կարեւոր է միջավայրի բարելավումը, որպեսզի ընդհանուր միջավայրի բարելավում տեղի ունենա, որովհետեւ, ինչպես հասկանում եք, այդ պրոցեսի արդյունավետությունը միայն մեզնից չէ կախված, եւ մենք քայլեր ենք ձեռնարկում, որպեսզի միջավայրը բարելավվի, եւ այս հարցերում լինենք, կարողանանք աշխատել ավելի արդյունավետ:

Սիրելի հայրենակիցներ.

Դեկտեմբերի 19-ին լրանում է ռազմական գործողությունների ավարտի 40-րդ օրը, եւ այս կապակցությամբ դեկտեմբերի 19-ից Հայաստանի Հանրապետությունում եռօրյա սուգ կհայտարարվի: Նաեւ հիշատակի երթ կկազմակերպվի Հանրապետության հրապարակից դեպի Եռաբլուր եւ հիշատակի այլ միջոցառումներ: Այդ օրվա դրությամբ, հնարավոր է, հավանական է, մեր ոչ բոլոր նահատակների մարմինները հայտնաբերված կլինեն, կունենանք բազմաթիվ չճանաչված մարմիններ, բայց պետական այս կարգի որոշումը, կարծում եմ, այլեւս չի կարելի հետաձգել: Ուզում եմ կրկին հավաստիացնել, որ մարմինների որոնման, ճանաչման, անհետ կորածների գտնվելու վայրի պարզաբանման աշխատանքներն ավելի ինտենսիվ կդառնան: Այս գործընթացը նոյեմբերի 18-ին իմ հրապարակած Ճանապարհային քարտեզի կարեւոր մասն է եւ ոչ մի րոպե չի կարող կանգ առնել:

Մենք իրագործում ենք նաեւ Ճանապարհային քարտեզի մյուս դրույթները: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երկարատեւ դադարից հետո այցելել են տարածաշրջան: Մինսկի խմբի ձեւաչափում բանակցությունների վերականգնումը Ճանապարհային քարտեզի առաջին կետն էր: Տասնյակ հազարավոր արցախցիներ արդեն իսկ վերադարձել են իրենց բնակավայրեր, իրականացվում են բազմաթիվ սոցիալական աջակցության ծրագրեր՝ նրանց օր առաջ բնականոն կյանքի վերադարձնելու համար: Կառավարությունը որոշում է կայացրել Հայաստանում եւ Արցախում վնասված տների սեփականատերերի աջակցություն ցուցաբերելու մասին, պատերազմին մասնակից ուսանողների եւ պատերազմին մասնակցած մեր եղբայրների ու քույրերի ընտանիքի անդամ ուսանողների ընթացիկ կիսամյակի ուսման վարձն ամբողջությամբ կփոխհատուցվի, կառավարությունը որոշում է կայացրել վերականգնողական բուժման կարիք ունեցող մեր զինվորների բուժման ծախսերը փոխհատուցելու նոր կարգի մասին, Արցախում եւ Հայաստանում հյուրընկալ ընտանիքներին վճարումներ իրականացնելու մասին որոշումն էական նշանակություն կունենա առանց բնակարանի մնացած անձանց կացության հարցերը լուծելու համար: Ճանապարհային քարտեզի իրագործման ուղղությամբ մեր աշխատանքներն ամբողջ թափով շարունակվելու են:

Սիրելի ժողովուրդ.

Այս օրերին, բացի սահմանային անվտանգությունից, մենք առերեսվում ենք տեղեկատվական անվտանգության խնդիրների հետ: Հայտնի շրջանակները տեղեկատվական ահաբեկչության մի իսկական գործընթաց են սկսել Հայաստանի եւ Հայաստանի ժողովրդի դեմ: Տարածվում է ամենատարբեր սուտ եւ կիսասուտ տեղեկություն, եւ սրա նպատակը մեր ժողովրդի շրջանում տագնապի զգացումը խորացնելն է, խուճապ ստեղծելը: Պարզ է, որ դրությունը, որում գտնվում ենք, բավական բարդ է: Բայց նաեւ այս գիտակցությամբ եմ ասում, որ մեր առաջնային խնդիրը Հայաստանում, Արցախում, Հայաստանի եւ Արցախի շուրջ կայունության եւ անվտանգության հաստատումն է, եւ մենք ամեն օր աշխատում ենք այս ուղղությամբ:

Ես խնդիր եմ առաջադրել, որ պաշտոնական տեղեկատվությունը ավելի ինտենսիվ եւ ամբողջական արձագանքի հանրության շրջանում առկա մտահոգություններին ու ավելի արագ լուսաբանի տեղի ունեցող գործընթացները: Եւ այս առումով ուզում եմ պարզապես ասել, որ կան իրավիճակներ, որոնք դեռ զարգացող են, եւ նրանց վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունը երբեմն հապաղում է մեկ պարզ պատճառով. իրադարձությունները զարգանում են, եւ քանի դեռ չկա իրադարձությունների արձանագրման որեւէ իրավիճակ, պաշտոնապես հաղորդված տեղեկությունները կարող են նեգատիվ ազդեցություն ունենալ իրավիճակի վրա, եւ այս առումով շատ կարեւոր է, որ հանրությունը ինքը նույնպես կարողանա տարբերակել ճիշտ տեղեկությունը սուտ տեղեկությունից: Սա ընդհանրապես ոչ միայն այսօրվա խնդիր է, այլեւ 21-րդ դարի ամենակարեւոր խնդիրներից է:

Բայց, օրինակ, այս համատեքստում պետք է արձանագրել, որ կան տեղեկություններ, որոնց ստահոդ լինելը պիտի ակնհայտ լինի ի սկզբանե: Օրինակ, բանը հասել է այնտեղ, որ առանց ավելորդ բարդությունների լուրեր են դրվում շրջանառության մեջ, թե, ասենք, կառավարությունը Սեւանը, կամ Ջերմուկը, կամ Սյունիքը զիջել է Ադրբեջանին: Սա իսկապես տեղեկատվական պատերազմ է, եւ այստեղ մենք հակազդեցության հստակ միջոցներ ենք ձեռնարկելու: Բայց, էլի եմ ասում, որեւէ մեկը չպետք է կասկած ունենա, որ Հայաստանի սահմանների անխախտելիության սկզբունքը պաշտպանված է հուսալիորեն:

Այս համատեքստում պետք է ընդգծեմ, որ արդեն մեկ ամիս կամ գուցե ավելի շատ, ստահոդ տեղեկությունների շրջանակում, պարբերաբար տեղեկություններ են շրջանառվում իմ ընտանիքի անդամների մասին, երեխաներիս մասին՝ իբր երեխաներս կամ ընտանիքիս անդամները Հայաստանը լքել են: Վերջին ամիսներին, առավելեւս պատերազմի մեկնարկից մինչեւ օրս իմ ընտանիքի որեւէ անդամ Հայաստանից դուրս չի եկել եւ չի պատրաստվում դուրս գալ: Արդեն ամենօրյա լրահոսի մաս է դարձել արտերկրում մեր ընտանիքի ունեցած առանձնատների մասին խոսակցությունը, եւ սա ոմանք դարձրել են իրենց պայքարի հիմնական գործիք: Մինչդեռ պիտի իմանաք, որ միակ անշարժ գույքը, որին երկիր մոլորակի վրա տիրապետում է իմ ընտանիքը, Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող բոլորիդ հայտնի բնակարանն է: Լուրեր են դրվում շրջանառության մեջ մեր ընտանիքի իբր հարստությունների մասին, մինչդեռ բոլորդ պիտի իմանաք, որ բացի հրապարակված միջոցներից, մենք այլ միջոցների չենք տիրապետում:

Անընդհատ լուրեր են շրջանառում իմ հրաժարականի մասին, մինչդեռ հստակ ասել եմ, որ ժողովրդի կողմից ինձ տրված կարգավիճակից կարող եմ հրաժարվել միայն ժողովրդի կամարտահայտման հավաստի արդյունքների հիման վրա: Քանի դեռ նման կամարտահայտություն տեղի չի ունեցել՝ շարունակելու եմ կատարել վարչապետի իմ գործառույթները եւ պարտավորվել եմ դա անել շիտակ ու ազնիվ: Ուզում եմ կրկին ընդգծել, որ այսօրվա թիվ 1 խնդիրը Հայաստանի շուրջ անվտանգության միջավայրի կայունացումն է, եւ մենք հետեւողականորեն գնալու ենք այս ճանապարհով:

Եւ վերադառնալով ներքին իրադրությանը՝ կրկին ուզում եմ ընդգծել, որ կան որոշ պրոցեսներ եւ գործընթացներ, որոնց նպատակն ակնհայտորեն ժողովրդին, մարդկանց, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ընդհանուր առմամբ պրոցեսներից դուրս թողնելն է եւ փակ սենյակներում, բարձրաշխարհիկ միջավայրերում խնդիրներ լուծելը: Իհարկե, սա անընդունելի է, եւ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ինչպես եղել, այնպես էլ շարունակելու է մնալ իշխանության եւ իրադրության տերը Հայաստանի Հանրապետությունում: Եւ ես ուզում եմ ասել, որ ինձ համարում եմ նաեւ այդ իրողության երաշխավորը, եւ ժողովուրդը պետք է վստահ լինի, որ իր կամքը Հայաստանի Հանրապետությունում ունի վճռական եւ անշրջելի նշանակություն: Եւ ժողովրդի կամքը արտահայտվելու հնարավորություն պետք է ստեղծվի, եւ ժողովրդի կամքը շրջանցելու բոլոր փորձերը, իհարկե, չեն կարող ունենալ որեւէ հաջողություն:

Սիրում եմ բոլորիդ:

Շնորհակալ եմ»։

Կիսվել