Ինչպե՞ս հաղթահարել հետպատերազմյան դեպրեսիան. պարզաբանում է հոգեբանը

Ինչպե՞ս հաղթահարել հետպատերազմյան դեպրեսիան. պարզաբանում է հոգեբանը

1236

Աննայի (անունը փոխված է) մոտ անհանգստություն, վախ, անքնություն առաջացել է պատերազմի սկսվելու առաջին իսկ օրվանից, բայց ավելի ծանր է եղել ավարտի մասին լուրը լսելուց հետո: «Ամբողջ մարմինս անհասկանալի ցավում էր, բայց անտանելին գլխացավերն էին, որոնք ուղեկցվում էին տարբեր երևակայական տեսարաններով, կամ էլ երևակայական չէին, մենք՝ բոլորս էլ դա տեսնում էինք համացանցի միջոցով։ Հետո տարբեր հետազոտություններ անցա, անալիզներ հանձնեցի, բայց ոչինչ չկար, ֆիզիկապես առողջ էի։ Ամուսինս մասնագիտությամբ բժիշկ է, որոշեց մի քանի սիստեմա միացնել, տարբեր վիտամիններ… էդպես մի քանի օր պառկեցի տանը, մինչև համակերպվեցի ու կարգավորվեցի»,- մեզ հետ զրույցում ասաց Աննան:

 Նա հավելեց, որ ընտանիքը շատ է օգնել իրեն. «Ամուսնուս, բալիկներիս ներկայությունը ստիպում էին ինձ սթափվել, մեկ էլ այդ ընթացում Գարեգին Նժդեհ էի կարդում, օգնում էր»:

Անուշի մոտ դեպրեսիան արտահայտվում է, երբ մենակ է մնում: «Երբեմն թվում է՝  ուժեղ գոռալու կարիք ունեմ, որ միջիս սթրեսը ու ցավը դուրս գա… Օրվա ընթացքում ամեն ինչ լավ է, կամ արդեն էդպես  եմ սովորել ցույց տալ, քանի որ շրջապատումս բոլորն օտարերկրացի են, ու ինչքան էլ ասում են` ցավում են, միևնույն է, չեն զգա այն, ինչ ես եմ զգում… Իրենց բացասական լիցքեր չտալու համար ես էլ ստիպված ձևացնում եմ, թե ամեն ինչ լավ է: Պատերազմի ընթացքում ու ավարտին մոտս խայտառակ հոգեբանական վիճակ էր: Երբեմն թվում էր, թե գժվում եմ, լույսն անջատում էի ու զոհված տղերքի հայացքներն էի տեսնում, էլի վախից՝ միացնում, երազում տեսնում: Ամբողջ ընթացքում «օդերով էի»»,-նշեց Աննան: Վերջինս փաստեց, որ հիմա քիչ թե շատ կարգավորվել է իր վիճակը, չնայած, երբ մենակ է լինում, էլի սուզվում է մտքերի մեջ: Խախտվել է նաև քնի ռեժիմը, չի կարողանում գիշերը 2-ից շուտ քնել:

Աննան ինքնուրույն է հաղթահարում դեպրեսիան, աշխատանքի ընթացքում փորձում է պարփակված վիճակից դուրս գալ ու մարդկանց հետ շփվել, որն ինչ-որ ժամանակ օգնում է կտրվել իրականությունից. «Փորձում եմ հարազատներիս խորհրդով շատ չկարդալ տվյալ թեմայով նյութեր»:

Ըստ հոգեբան Անուշ Կարապետյանի՝ պատերազմական իրավիճակում մարդիկ բավականին լարված են, դյուրագրգիռ, պարբերաբար կորուստներ են ապրում, վախ և ամենատարբեր բացասական հույզեր: «Դեպրեսիոն վիճակն արդեն իսկ հայտնվում է պատերազմական դրության ընթացքում, սակայն պայքարն ու հույսը թույլ չեն տալիս մարդուն կոտրվել, բայց արդեն պատերազմից հետո, հատկապես, երբ կրում են  պարտություն և մեծ կորուստներ, անձը կանգ է առնում, հայացք նետում եղածին և նմանատիպ իրավիճակում հայտնվում»,-նշեց հոգեբանը:

Նաև հավելեց, որ խոցելի խմբերի մեջ մտնում են նևրոզ, դեպրեսիայի հակվածություն ունեցողները, հղի կանայք, նրանք, որոնց հոգեկան վիճակն ավելի փխրուն է: Հոգեբանի ձևակերպմամբ, մարդու տրամադրության անկումը, որևէ բան անելու ցանկության բացակայությունը, լացը, մշտապես պառկելու ցանկությունը, մենակության, անօգնականության, անպաշտպանության զգացումները հուշում են, որ նա դեպրեսիվ վիճակում է: Դա ինքնուրույն կանխել հնարավոր է սկզբնական շրջանում, երբ դեռ շատ չի խորացել: Բայց մյուս կողմից անձը պետք է մասնագետի այցելի, օրվա ռիթմը վերանայի, իրեն ուրախ մարդկանցով շրջապատի, ապահովի հաճելի զբաղվածություն»,-ասում է հոգեբանը:

Անգին Մարտիրոսյան

3-րդ կուրս

Կիսվել