Օրենքի նախագիծը հակասում է ՀՀ սահմանադրությանը. Վահե Հովհաննիսյան

Օրենքի նախագիծը հակասում է ՀՀ սահմանադրությանը. Վահե Հովհաննիսյան

676

2020թ. նոյեմբերի 9-ի` Հայաստանի համար անբարենպաստ հայտարարությունից հետո կառավարությունը դեկտեմբերի 3-ի նիստում՝ որպես անհետաձգելի և չզեկուցվող հարց ընդգրկել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը՝ այն ուղարկելով Ազգային ժողով՝ հրատապության կարգով քննարկելու և ընդունելու առաջարկությամբ:

Ավելի վաղ ԵՊՀ գիտական խորհուրդը նշել է, որ օրենքի նոր նախագիծը չի կարող ողջամիտ լինել, որովհետև իր կարգավորումներով վտանգի տակ է դնում բուհական ինքնավարությունը, ակադեմիական ազատությունը, հայագիտական առարկաների և հետազոտությունների գերակայությունը, գիտության կառավարումը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կարգավիճակն ու գոյությունն ընդհանրապես և բազմաթիվ այլ հարցեր:

 «Իրավիճակն ավելի է վատանում նախագծում առկա մեկ փոփոխության պատճառով, ըստ որի՝ ԿԳՄՍՆ-ն իրավունք է ստանում մինչև կառավարման խորհրդի ձևավորումն ուղղակի նշանակել բուհի ռեկտորին մինչև հինգ տարի ժամկետով»,- հայտարարել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ, դոցենտ, պ.գ.թ. Մենուա Սողոմոնյանը և պարզաբանել, որ դրանով հնարավորություն է ստեղծվում երկար ժամանակ չունենալ կառավարման խորհուրդ: Սա, ըստ Մենուա Սողոմոնյանի, նշանակում է բուհական համակարգի համակենտրոնացում. «Այսպիսով՝ բուհի կառավարման և՛ կառավարման խորհուրդը, և՛ ռեկտորը միանգամից նշանակվում են մեկ մարդու կողմից, ինչը բուհական ինքնավարության կոպտագույն խախտում է»:  

Օրենքի նախագիծը, ըստ իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Վահե Հովհաննիսյանի, հակասում է ՀՀ Սահմանադրությանը. «Ոչ միայն հակասում է Սահմանադրության 38-րդ հոդվածին, որով սահմանվում է, որ բուհերն ունեն ինքնակառավարման իրավունք, ներառյալ՝ ակադեմիական և հետազոտությունների ազատություն, այլև օրենքի նախագծում առաջարկվող տարբերակը հակասում է և՛ Քաղաքացիական օրենսգրքին, և՛ «Հիմնադրամների մասին» օրենքին, որոնք հնարավորություն չեն տալիս կառավարությանը նշանակել ռեկտորին»: Մինչդեռ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը դեկտեմբերի 10-ին հայտարարել է. «Շրջանառվող օրենքը,  ըստ որի ռեկտորին նշանակելու է նախարարությունը, սխալ է մեկնաբանվել»:

Ըստ ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանի՝ խնդրահարույց են ոչ միայն նշված կետերը, այլև այն, որ նախագծով սահմանափակվում է ուսանողի մասնակցությունը բուհական կառավարմանը։ «Այժմ Հոգաբարձուների խորհրդի 32 անդամից 8-ը ուսանող է: Նախատեսվում է, որ 12 անդամից բաղկացած Հոգաբարձուների խորհրդում ուսանողները ունենալու են ընդամենը 1 ներկայացուցիչ, ինչը ուսանողների ներգրավվածությունը դարձնելու է ձևական և ոչ արդյունավետ»,-նշում է Դ. Ափոյանն ու հավելում, որ եթե գործող օրենքով հստակ ամրագրված է, որ ուսանողները բուհի և ֆակուլտետի գիտական խորհուրդներում ներգրավված են 25% համամասնությամբ, ապա նոր նախագծով ուսանողների թիվը հստակ չէ:

ԵՊՀ դեկաններ և ստորաբաժանումների ղեկավարներ պահանջել են ԱԺ-ից անհապաղ հետ կանչել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, հանրապետության գիտական և կրթական հանրության հետ կազմել նոր նախագիծ: Որոշ դասախոսներ իրենց բողոքն արտահայտում են դասադուլ անելով: ԵՊԲՀ-ն նույնպես տարածել է հայտարարությունը՝ կոչ անելով հետ կանչել օրենքի նախագիծը:

Նախագծին անդրադարձել է նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ շեշտելով դրա հակասահմանադրականությունը. «Եթե Ազգային ժողովը նախագիծն ընդունի այս տարբերակով, ապա դիտարկելու եմ ՍԴ դիմելու հարցը»:

Լիլիթ Մկրտչյան

4-րդ կուրս

Կիսվել