«Տեղեկատվությունը սունկի նման է, նախ պետք է զննես, հետո՝ տապակես». Սամվել Մարտիրոսյան

«Տեղեկատվությունը սունկի նման է, նախ պետք է զննես, հետո՝ տապակես». Սամվել Մարտիրոսյան

802

Ռազմական դրության ժամանակ մեդիա դաշտի կողմից ներկայացվող նորությունների, ապատեղեկատվությունների, մեդիահարձակումների և մեդիագրագիտության մակարդակի և այլ կարևոր հարցերին պատասխանում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

«Հայաստանի կողմից պատերազմի ընթացքում  աշխատում էր մոտ 200 լրատվամիջոց՝ մի մասը Արցախից, մյուսը՝ Երևանից։ Իհարկե, այս փաստը բարենպաստ էր մեր կողմի համար, բայց ժամանակը անցնում էր, իսկ պատերազմը չէր վերջանում։ Հակառակորդի կողմից աշխատում էին Ադրբեջանն ու Թուրքիան, բայց հիմնականում՝ թուրքական ռեսուրսները։ Աշխարհը երկար չի կարողանում նույն հարցի վրա ֆիքսվել, այդ պատճառով միջազգային հանրության ուշադրությունը սկսեց շեղվել այս խնդրից։ Այդ ժամանակ կային ավելի հետաքրիր թեմաներ, ինչպես օրինակ ԱՄՆ նախագահական ընտրությունները»,- մեզ հետ զրույցում նշեց Սամվել Մարտիրոսյանը։

Նրա տպավորությամբ, մենք պատրաստ չէինք պատերազմին բոլոր առումներով, նաև տեղեկատվական. «Սկզբում նպատակ կար ցույց տալու, որ պատերազմը վարում է ոչ թե Ադրբեջանը, այլ Թուրքիան, երկրորդը ահաբեկիչների առկայությունը պատերազմում ցույց տալն էր։ Այս երկու կարևոր փաստերը կարողացանք ներկայացնել ի լուր աշխարհին, այդ պատճառով էլ հետաքրքրությունը կոնֆլիկտի հանդեպ մեծացավ։

Սակայն տեղեկատվական պատերազմում մեզ պետք էր ավելին, քան կարողացանք հասնել. ճանաչել Արցախի անկախությունը կամ պատժամիջոցներ կիրառելը ագրեսորների դեմ մեզ չհաջողվեց։

Այս խնդիրները միայն տեղեկատվական ոլորտը չէր կարող լուծել, այն դիվանագիտության միջոցով պետք է լուծվեր: Բացի այդ, դա միայն պատերազմի ժամանակ չեն լուծում։ Տեղեկատվական առումով մենք չենք կարողացել խաղաղ պայմաններում  աշխարհին ցույց տալու, որ Արցախում մարդիկ են ապրում»։

Տեղեկատվական անվտանգության փորձագետի խոսքով, մեծ խնդիր կար նաեւ ներքին տեղեկատվության առումով, մարդկանց ներկայացվում էր մի երևույթ,  հետո պարզվում էր, որ դա  այդպես չէ, ինչն էլ  հանգեցրեց մարդկանց կողմից վստահության կորստի լրատվամիջոցների հանդեպ։

Ըստ նրա՝ հետպատերազմյան շրջանում  եւս գտնվում ենք տեղեկատվական վակումի մեջ, պետական կառույցներից տեղեկատվություն չենք լսում Արցախի մասին, միակ աղբյուրը մնում են ռուս խաղաղապահները:

«Մեդիագրագիտությունը հասարակության շրջանում բարձացնելու համար, նախ, պետք է սկսել դպրոցից, հետո բուհերից։ Պետք է ամեն ինչ փոխել բոլոր ոլորտներում, նորից սկսել ամեն ինչ»,-համոզված է մեր զրուցակիցը։

Իսկ ինչպե՞ս պաշտպանվել մեդիահարձակումներից։ «Տեղեկատվություն սպառելը համեմատելի է սննդի հետ, օրինակ սունկը միանգամից չես ուտում, հավաքելուց հետո նախ զննում ես, հետո նոր միայն տապակում։ Տեղեկատվություն ստանալը նույնն է, չպետք է միանգամից հավատալ լուրերին և միանշանակ ընդունել դրանք»,-ասում է Սամվել Մարտիրոսյանը։

Նրա կարծիքով՝ Հայաստանում մամուլը ազատ է, բայց անկախ չէ. « Շատ դեպքերում լրատվամիջոցները դառնում են ներքաղաքական պայքարի մարտիկներ և հրապարակում են լրատվամիջոցներին ոչ վայել նյութեր»։

Որպես մեդիամասնագետ, Սամվել Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս ուղղակի գիտակցել, որ այսօր շատ դժվար է կեղծիքը տարբերել իրականությունից, այդ պատճարով հնարավորինս պետք է խուսափել կասկածելի աղբյուրներից օգտվելուց եւ հղում անելուց,  համոզված չլինելու դեպքում՝ չտարածել դրանք՝ մարդկանց շփոթության մեջ չգցելու համար։

Մարիաննա Մխիթարյան

3-րդ կուրս

Կիսվել