«Տղաները միմյանց երդվել էին ողջ մնալ, բայց Ռաֆս երդումը չպահեց»

«Տղաները միմյանց երդվել էին ողջ մնալ, բայց Ռաֆս երդումը չպահեց»

1730

Ռաֆայել Օվսեյանը ծնվել է 2001 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում, զորակոչվել է բանակ  2020 թ. հունվարի 15-ին:

 «Շատ լավ է ծառայել, 8 ամիս 23 օր: Միակ խնդիրը կարոտն էր, շատ էր կարոտում  մեզ,  ընկերներին, և սպասում էր, թե երբ պիտի օտպուսկ տային, որպեսզի գար, մեզ տեսներ, ահավոր շատ էր սպասում գալուն» ,- ասաց Ռաֆայելի մայրը` տիկին Աննան: Ընտանիքը սեպտեմբերի 27-ի առավոտյան  լուրերով իմացավ պատերազմի մասին: Այդ օրը խոսեցին Ռաֆայելի հետ, ասաց, որ ամեն բան կարգին է. «Ռաֆս զանգեց, ասեց՝ լավ եմ: Ասում էր՝  ի՞նչ պատերազմ, տենց բան չկա: Ասեց` հա, թեթև ամենօրյա կրակոցներ են, մի անհանգստացեք»: Ծնողները չեն իմացել, որ իրենց որդին առաջնագծում է եղել, հրամանատարի հետ 10 օր եղել է թեժ մարտերում: Ամեն անգամ զանգելիս, բարձր տրամադրությամբ խոսել է ընտանիքի հետ: «Երբեք չի ասել, որ վիրավոր կա, կամ զոհ, ինքն է օգնել վիրավորներին։ Տղաները միմյանց երդվել էին ողջ մնալ, բայց Ռաֆս երդումը չպահեց»,- պատմում է  մայրը: 22 հոգուց մահացու վիրավորումը Ռաֆայելն է ստացել:

 Մոտ ընկերներից Նարեկը հիշում է, որ բոլոր ընկերները միշտ իրար հետ կապված են եղել, միմյանցից տեղյակ ու միշտ միասին, հատկապես, երբ մոտենում էին Ռաֆայելի ծառայության մեկնելու օրերը. «Երբ արդեն պետք ա մի երկու ամսից Ռաֆը ծառայության գնար, ամեն օր  ինչ-որ հետաքրքիր բան էինք կազմակերպում, որ Ռաֆի համար ուրախ անցնի: Ամեն անգամ մի տեղ գնում էինք՝  Ծաղկաձոր, Սևան, Դիլիջան, իրար հետ մեր ամեն օրը մի կյանք էր՝ մեկը մյուսից տարբերվող, հիմա էնքան դժվար ա մի բան հիշել, մի օրը առանձնացնել»:

Ռաֆայելը մի քանի անգամ փոխել է դպրոցը, վերջին 2 տարիներին հաճախել է Երևանի Լեոյի անվան թիվ 65 ավագ դպրոցը: Դասղեկը` Քրիստինա Գրիգորյանը, Ռաֆայելին ազգանունով էր դիմում, որովհետև դասարանում Ռաֆայելները երկուսն էին. «Իմ սիրելի Օվսեյանի հետ մոտիկից ծանոթացել եմ շատ ուշ՝ 12-րդ դասարանում: Հենց սկզբից սիրեցի նրան. շատ մաքուր հոգի ուներ: Շատ անհանգիստ ու շարժուն տղա էր, տեղում նստել չգիտեր: Հավաքվում և երկար զրուցում էինք վերջին հավաքույթից, վերջին զանգից: Շատ ոգևորված էր: Աչքերը միշտ փայլում էին, մազերը բաց արևի գույնի էին: Մի առանձին զրույցի ժամանակ փոքր ակնարկեց, որ սիրած աղջիկ ունի ու շատ է սիրում նրան, կյանքից առավել: Վերջին զանգի օրը ուրախ էր, պատրաստվել էր: Ես նրան այդպիսին եմ հիշում՝ ուրախ, շենշող ժպիտով, լույսերի մեջ, ոնց որ արևի լույս: Եվ բառերը մնում են կոկորդիս…»:

Սիրած աղջկա` Ռիտայի հետ ծանոթացել է դպրոցում, իսկ որոշ ժամանակ անց` սկսել շփվել: Ամեն օր դասից առաջ Ռաֆայելը Ռիտային ասում էր, որ լավ գնահատականներ ստանա, իսկ դասերն ավարտվելուն պես նորից հարցնում էր իր օրվա  դասերից: «Բանակ ճանապարհելու օրը ես քաղաքում չէի ու չկարողացա իր հետ լինել, անընդհատ զանգում էր, որ իմանայի՝ ուր ա գնալու: Ծառայության ընթացքում երբեք չի դժգոհել ինչ-որ բանից, միայն օրերն էինք հաշվում, թե երբ ա գալու: Սպասում էինք, որ ամռանը պետք ա արձակուրդ գար, բայց համավարակով պայմանավորված` չստացվեց: Չէր ասում, բայց զգում էի` շատ էր նեղվել, որ էդ պատճառով չէր կարողացել գալ» : Ռաֆայելը ամեն անգամ խոսելիս սիրելիին ասում էր, որ արագ են անցնում օրերը, և մնում է միայն, որ սպասի իրեն: Ընկերուհին սպասում էր, և իր խոսքով՝ շարունակում է սպասել ընկերոջ գալուն…

Օֆելյա Պողոսյան

4-րդ կուրս

Կիսվել