Զոհված հերոսը, ում սիրելի հերոսն էլ Հարի Փոթերն էր

Զոհված հերոսը, ում սիրելի հերոսն էլ Հարի Փոթերն էր

1345

Սարգիս Թոմբոյանը սովորել էր Երևանի թիվ 120 հիմնական դպրոցում` բավականին մեծ առաջադիմությամբ: Շատ էր սիրում գրքեր կարդալ: Բոլորը նրա մասին խոսելիս անպայման նշում են գրքասեր պատանու այդ նախասիրությունը:

Նրա մի քանի տարվա ընկեր Ջոաննա Եղիկյանը տխուր ժպիտով վերհիշում է իր և իր ընկերոջ առաջին հանդիպումը.

– Ձմեռ էր` դեկտեմբեր ամիսը, ընկերներով հավաքվել էինք զբոսնելու, Սաքը նույնպես մեզ միացավ: Շատ ընկերասեր, բարի, կամեցող, սիրուն ժպիտով տղա էր: Մենք ընկերներով սովորություն ունեինք հավաքվել ու տարբեր թեմաներ քննարկել, Սաքը միշտ իր գրքերի, ֆիլմերի, երգերի աշխարհում էր: Հետո հասկացա, որ նույն ճաշակն ունենք, ու այդպես սկսվեց մեր մտերմությունը:

Ընկերների խոսքով՝ Սարգիսն ամենից շատ սիրում էր Հարրի Փոթերի կերպարը, անվերջ կարող էր նայել այդ հերոսի մասին ֆիլմերն ու կարդալ գրքերը:

– Չափազանց նրբանկատ էր, ընկերներին մշտապես հասնող: Երբեմն իր մեջ թաքնված տխրություն էի նկատում, բայց պատճառրը չէր ասում, քիչ անց շարունակում էր ժպտալ ու հպարտ քայլել:

Ջոաննան պատմում է, որ մոտ ընկերներով պատրաստվում էին նշել Սարգիսի վերադարձը․ ութսուն օրից տուն պիտի գար: Ցավոք, այդ օրերի հաշվարկը նրանց մոտ կիսատ մնաց, իսկ անակնկալը, որ այդքան սիրով պետք է պատրաստեին, այդպես էլ չհասցրին։

Այս նկարը, որը Սարգիսն իրեն էր ուղարկել և հարցրել` արդյո՞ք լավ է ստացվել, Ջոաննան միշտ իր հետ է պահում: 

– Ինքը միշտ կա, միշտ մեր կողքին ա, ուղղակի մեր այգիրներն ու փողոցները կկարոտեն իր գժություններին…

Իր քրոջ` Էմմա Թոմբուլյանի խոսքերով` Սարգիսը թույլ չէր տա, որ իր կողքին տխուր լինեն, միշտ ուրախացնելու առիթ կգտներ.

– Նկարագրել իմ Սաքի բարությունը, ընկերասիրությունը, սերը հարազատների ու իր ընկերների նկատմամբ՝ անհնար է: Ահռելի էր սերը նաև իր հայրենիքի նկատմամբ, որի պաշտպանության համար էլ զոհվեց: Սաքի հոգատարության ու ուշադրության պակասը ես երբևէ չեմ զգացել: Հիշում եմ՝ ցանկացած տոնի միշտ մի յուրահատուկ անակնկալ էր պատրաստում ինձ համար ու միշտ գրկում էր այնքան ամուր, որ թվում էր՝ ճզմվել եմ:

Քրոջ խոսքերով՝ Սարգիսի մասին շատ ջերմ հիշողություններ կան տարվա յուրաքանչյուր եղանակի հետ կապված, բայց իր համար Սարգիսի հետ անցած ձմեռներն առանձնահատուկ էին.

– Ես ու Սաքը դրսում սառչում էինք, քանի որ ժամերով ձյան մեջ էինք լինում կամ ուղղակի սառույց էինք ուտում։ Ամեն Նոր տարվա գիշեր՝ տասներկուսից տասը րոպե դեռ չանցած, արագ զանգում էի Սաքին, որովհետև գիտեի՝ գալու է: Մեր դուռը առաջին թակողն էր Սաքս: Անհամբեր սպասում էի, մեկ էլ Սաքը իր բարի հայացքով ներս էր մտնում, ինչպես միշտ՝ մի յուրահատուկ նվեր ձեռքին: Ամանորն, ինչպես նաև մյուս բոլոր տոներն ու հասարակ օրերն էլ առաջվա գույները չեն ունենալու, հատուկ օրով ու հատուկ ժամի հայացքս լինելու է դռան կողմը ու աչքերիս առաջ՝ Սաքի պատկերը: Միշտ համեստ ու զուսպ։

 Էմման էլ մյուսների նման փաստում է. Սաքին չսիրելն անհնար էր։ Եղբոր մասին պատմեուց հետո, որպես այս ամենի ամփոփում, ավելացնում է.

– Բայց Սաքը իմ սրտում է, որը հիմա կարծես ավելի արագ է զարկում։

Անի Վաթինյան

4-րդ կուրս

Կիսվել