Ռուս խաղաղապահների միջամտության արդյունքում հաջողվել է հեռացնել ադրբեջանական հենակետը և ապաշրջափակել Հին...

Ռուս խաղաղապահների միջամտության արդյունքում հաջողվել է հեռացնել ադրբեջանական հենակետը և ապաշրջափակել Հին Շենը. Վահրամ Պողոսյան

539

Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանում ստեղծված լարված իրավիճակի վերաբերյալ «Արմենպրեսի» հարցերին պատասխանել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը։

Մամուլի խոսնակն ասել է, որ ադրբեջանական ուժերը փորձել են հայկական կողմի նկատմամբ ճնշում գործադրել՝ Հին Շեն տանող ճանապարհի վրա հենակետ դնելով, սակայն ռուսական խաղաղապահ զորակազմի միջամտության արդյունքում այսօր հաջողվել է ճանապարհից հեռացնել ադրբեջանական հենակետը և ապաշրջափակել ՀԻն Շենը։

«Համայնքում այս պահին գտնվում են ինչպես Պաշտպանության բանակի ներկայացուցիչներ, այնպես էլ ռուս խաղաղապահներ՝ ապահովելով ինչպես համայնքի բնակիչների անվտանգությունն, այնպես էլ խաղաղ ու անարգել անցուդարձը»,-նշել է խոսնակը։

Ըստ Պողոսյանի՝ տեղեկությունները, թե ադրբեջանական կողմը բնակիչներին գյուղը թողնելու համար 12 ժամ ժամանակ էր տվել, իրականությանը չեն համապատասխանում։

«Խոսքը վերաբերել է ՊԲ մեկ դիրքում գտնվող զինվորականներին։ Ի պատասխան՝ հայկական կողմը մերժել է պահանջն, ու դիրքն այս պահին գտնվում է հայկական ուժերի վերահսկողության տակ»,-ընդգծել է նա։

Համացանցում տեսանյութեր են հայտնվել, ըստ որոնց՝ ևս 100 հայ է գերեվարվել։ Վահան Պողոսյանն ասել է, որ պաշտպանության բանակն այդ տեղեկությունները չի հաստատել, ուստի չի բացառվում, որ ադրբեջանական աղբյուրներն այդ լուրերը տարածում են դիտավորությամբ՝ լրացուցիչ լարվածություն ստեղծելու համար։

«Մենք, իհարկե, հրատապ ռեժիմով, ուսումնասիրում ենք այդ նյութերը՝ իրավիճակի ամբողջական պատկերն ստանալու համար։ Հավելեմ, որ ենթաշրջանում պաշտպանության բանակն ու ռուս խաղաղապահ զորախումբն ակտիվ աշխատում են՝ լարվածությունը թուլացնելու ու հնարավոր բախումները կանխելու նպատակով»,-նշել է Արցախի նախագահի մամուլի խոսնակը։

Կիսվել