«Երևանյան էսքիզ» հրատարակչությունը լույս է ընծայել գերմանական ռոմանտիզմի նշանավոր ներկայացուցիչներից մեկի՝ Յոզեֆ ֆոն Այխենդորֆի «Մի դատարկապորտի կյանքից» վիպակը՝ հայերեն թարգմանությամբ: Գիրքը հրատարակվել է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ թարգմանիչներին, ստեղծագործողներին տրվող դրամաշնորհի շրջանակներում: Թարգմանիչ Սիրանուշ Փարսադանյանը գիրքը թարգմանել է բնագրից՝ գերմաներենից:
Յոզեֆ ֆոն Այխենդորֆի «Մի դատարկապորտի կյանքից» վիպակը բոլոր ժամանակների կարևորագույն գեղարվեստական ստեղծագործություններից մեկն է, գերմանական ռոմանտիզմի դասական օրինակ:
Դեկտեմբերի 12-ին Եկմալյան 1/1 հասցեում գտնվող «Յասաման» ռեստորանում տեղի ունեցած շնորհանդեսին թարգմանիչ Սիրանուշ Փարսադանյանը խոսեց և՛ բնագրային թարգմանության կարևորության մասին, և՛ թարգմանական գործընթացի մասին։ «Թարգմանությունը կատարվել է բնագրից՝ գերմաներենից։ Շատ մեծ կարևորություն եմ տալիս բնագրային թարգմանությանը, այն իսկապես կարևոր է հատկապես մեր օրերում, որովհետև միայն այդ կերպ է հնարավոր տեքստին հնարավորինս հարազատ մնալ, միջնորդավորված թարգմանության դեպքում դժվար է հարազատությունը պահպանել»,- ասաց Ս. Փարսադանյանը։
Թարգմանության ընթացքում, իհարկե, եղել են դժվարություններ։ Թարգմանչի խոսքով՝ դժվարությունը հիմնականում կապված էր գերմաներում մի բառի շատ տարբեր իմաստներ ունենալու առանձնահատկության հետ, կային հին գերմաներենից բառեր ու արտահայտություններ, նաև՝ շատ այլ լեզուներից։
Այխենդորֆը թողել է հարուստ գրական ժառանգություն, որի գերակշռող մասը բանաստեղծություններ են՝ գրված մեղեդային ու նուրբ ոճով: «Մի դատարկապորտի կյանքից» վիպակը գրվել է 1822-1823 թթ., առաջին անգամ տպագրվել է 1826 թ.: Ստեղծագործությունը համարվում է երաժշտական արձակի ամենաբարձր արտահայտություններից մեկը և ուշ ռոմանտիզմի դասական օրինակ է:
Վիպակի հերոսն անուն չունի: Հեղինակի բնորոշմամբ, թեպետ դատարկապորտ, այսինքն՝ անգործ, անբան է, բայց ունի հարուստ ներաշխարհ և օժտված է մարդկային ամենամաքուր ու ջինջ հատկանիշներով՝ ազնվությամբ, բարությամբ, կամեցողությամբ։ Սիրում է նաև ճամփորդել,նոր երկրներ ու վայրեր բացահայտել։ Այս կերպարին զուգընթաց նրբորեն հյուսվում է գլխավոր հերոսուհու՝ նրա սիրելիի, չքնաղ տիկնոջ կերպարը: Վիպակում առանձնահատուկ նշանակություն ունի ջութակը, որ գլխավոր հերոսի «մտերիմ ընկերն» է:
«Մի դատարկապորտի կյանքից» ստեղծագործությունը նաև էկրանավորվել է: 1973 թ. վիպակի մոտիվներով նկարահանվել է համանուն ֆիլմը:
Նորա Ղազարյան
3-րդ կուրս