Դեկտեմբերի 5-ին Հայաստանի նկարիչների միության շենքի առաջին հարկը մարդաշատ էր: Լսվում էին ծափահարություններ և բազում շնորհավորական խոսքեր: Ժամը 15:00-ից մեկնարկել էր «Առածանի» արտ-նախագծի խմբակային ցուցահանդեսը: Բարեգործական մեծ միջոցառմանը ներկայացված էին 100 հայ ասացվածքների` 100 հայ նկարիչների պատկերազարդումները: Նախագծի մասնակից նկարիչները վիճակագրական սկզբունքով ստացել էին մեկական ասացվածք, որոնց հիման վրա էլ ստեղծել էին իրենց կտավները:
Մեր այցելության պահին միջոցառման կազմակերպիչները բարձր տրամադրությամբ և ծափերի ներքո նկարիչներին շնորհակալագրեր էին հանձնում: Ծանոթ և անծանոթ մարդիկ էլ նախագծի մասնակիցներին ոգևորիչ խոսքեր էին ասում, լուսանկարվում նրանց հետ, ջերմ գրկախառնվում և նվիրում իրենց հետ բերած վառ գույների ծաղկեփնջերը:
Շնորհակալագրերի հանձնումից հետո բոլորը գնացին Նկարիչների միության մեծ դահլիճ` դիտելու, զրուցելու և քննարկելու նկարիչների կտավները:
Միջոցառմանը զուգահեռ դահլիճի մուտքի մոտ պատրաստված էին հյուրասիրության սեղաններ: Ներկայացված էին արցախյան ուտեստները` ժենգյալով հացն ու փախլավան: Մարդիկ համտեսում էին ուտեստները և կիսվում միմյանց հետ իրենց տպավորություններով:
Նկարչուհի Անի Աղաջանյանը «Journalist.am»-ի հետ զրուցում էր և ժպիտով ներկայացնում իր կտավը. «Ինձ ընկել է «Թիզուկ ես գետնի բզեզ» ասացվածքը: Ես կտավում այն մեկնաբանել եմ` «մի փոքր, մի բուռ ազգ, բայց պայքարող և ուժեղ»: Պատկերել եմ բզեզին զատկի տեսքով, որովհետև այն հանդիսանում է մակաբույծների դեմ պայքարող միջատ, և մեր ազգը, իսկապես, պայքարել է մակաբույծների դեմ: Զատկի կարմիր գույնն էլ խորհրդանշում է հայորդու թափած արյունը, իսկ աջ կողմում ներկայացրել եմ Սուրբ Ղազանչեցոցը»: Անին նաև նշեց, որ նախագիծը շատ հետաքրքիր է, հատկապես, որ նրանք հնարավորություն ունեցան ոչ միայն հայ, այլև միջազգային հանրությանը կտավների միջոցով ցույց տալու հայերի նկարագիրը, սովորույթները, ասույթներն ու ասացվածքները:
Առածներն իրենց մեջ կրելով ենթատեքստեր՝ փոխանցվում են կտավներին: Կտավներում նկարիչների կողմից շոշափվում է նաև հոգևոր թեման, որն էլ ավելի է գրավում դիտորդներին: Այցելուները բարձր տրամադրությամբ շրջում էին սրահով, որոշ ժամանակով կանգ առնում կտավների մոտ, լուսանկարվում, կարդում կտավի կողքի փոքրիկ անկյունում փակցված առածը, այնուհետև ևս մեկ անգամ ուսումնասիրում այն:
«Իհարկե այժմ բոլորիս մոտ շատ ծանր վիճակ է, բայց պետք է լավատես լինենք, և դա մեզ ապագայում կօգնի: Երևակայեք ես շատ ոգևորված եմ, որովհետև շատ լավ նկարներ են, և հաճելի է դրանք տեսնել»,- «Journalist.am»-ի հետ զրույցում նշեց ճարտարապետ Անուշ Տեր-Մինասյանը, ով ցուցադրությանը եկել էր թոռնիկի` Դանիել Ազարյանի հետ, որին շատ էր դուր եկել Էդուարդ Հակոբյանի նկարը: Դանիելը չկարողացավ հիշել ասացվածքի անունը և Տիկին Տեր-Մինասյանը նրան օգնելով նշեց, որ պատկերված էր «Ծուռը նստենք, դուզը խոսենք» ասացվածքը:
Կտավներից մի փոքր հեռու կանգնած և ցուցահանդեսի մասին բավականին ուշ տեղեկացած նկարիչ Հայկ Թևոսյանն էլ ուշադրությամբ հետևում էր մարդկանց և նրանց արձագանքներին. «Շատ լավ առիթ է բավական դադարից հետո նորից ներկայանալու և մարդկանց տրամադրությունը մի փոքր փոխելու համար: Ինձ ընկել է «Ծիտը ցորեն տեսնելիս, ականաթը աչքը չի գալիս» ասացվածքը: Այն հետաքրքիր է և բավականին մերօրյա, իմ կարծիքով՝ պետք չէր շատ բարդացնել, բայց մի փոքր սիմվոլիկ տարրեր կան մեջը: Այս պահին ուսումնասիրություն եմ կատարում և տեսնում եմ, որ բավականին մարդկանց հետաքրքրեց, և ես էլ հաճելիորեն զարմացած եմ»,- «Journalist.am»-ի հետ զրույցում նշում է նկարիչը և հավելում, որ շատ հաճելի և ուրախ կլինի, որ կտավը վաճառվի, քանի որ բարեգործության է գնալու, բայց գլխավոր նպատակը մի լավ բան անելն ու մարդկանց ցույց տալն էր:
«Մտահղացումը եղել է «Սարեր» մշակութային ՀԿ-ի համահիմնադիր Էռնա Ռեվազյանինը: Որոշեցինք միասին կատարել վերականգնողական և հումանիտար աշխատանքներ: Մինչև ամսի 10-ը նկարները կլինեն այստեղ, իսկ ամսի 12-ին կլնի գալլա ընթրիքը, որի մուտքավճարը կլինի 50 հազար դրամ»,- «Journalist.am»-ի հետ զրույցում նշեց Սոնա Ազարյանը` «Մենք ենք» հիմնադրամի նախագահը`հավելելով, որ ընթրիքի ուտեստները պատրաստված են լինելու Արցախից եկած կանանց ձեռքերով, և ընթրիքի մասնակիցները կարող են իրենց հետ մեկական նկար տանել՝ որպես հիշատակ:
Նշենք, որ «Առածանի» արտ-նախագիծը իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայաստանի նկարիչների միության, «Սարեր» մշակութային կազմակերպության, «Մենք ենք» հիմնադրամի և Iammedia օնլայն հարթակի համատեղ աշխատանքի շնորհիվ: Ցուցահանդեից հետո բոլոր նկարները նվիրաբերվելու են «Մենք ենք» բարեգործական հիմնադրամին, որից հետո աշխատանքներից գոյացած գումարը կուղվի Արցախի վերականգմանը:
Արևիկ Սարգսյան
2-րդ կուրս