Հարցազրույցների շարքի նպատակն է պարզել, թե կրթական, արտադրական ոլորտներում, ինչ փոփոխություններ պիտի լինեն, որ կաջակցեն պետության, տնտեսության զարգացմանը։ Հյուրերը խոսում են իրենց ոլորտների առաջ ծառացած նոր խնդիրների, մարտահրավերների ու անելիքների մասին։
Զրուցել ենք ծրագրավորող, մեդիափորձագետ Սամվել Հայրապետյանի հետ։
-Ի՞նչ փոփոխություններ են պետք ձեր ոլորտում, որոնք կնպաստեն տնտեսության, բիզնեսի զարգացմանը և աճին։
-Ուշադրություն դարձնեն մեդիագրագիտությանը, կրթությանը, մատուցման ձևին։ IT ոլորտը ոչ թե տարին մեկ կամ ամիսը մեկ է uptade լինում ու զարգանում, այլ օրեկան։ Դասավանդողները ոչ թե դարը անցած բաներ պիտի ասեն, որոնք ուսանողին դժվար պետք գան, այլ թրենդի մեջ լինեն թե՛ ուսանողները, թե՛ համալսարանները։ Չեմ ասում համաշխարհային մակարդակով, բայց գոնե տարածաշրջանի մակարդակով հետ չմնանք ուսման առումով։ Եթե ուսման առումով հետ չմնանք, պրոդուկտի ստացման առումով էլ հետ չենք մնա։ Մեր երկրում մասնագետների խնդիր չունենք, սա բազմիցս ապացուցվել է։ Մենք ուղղակի կառավարման խնդիր ունենք՝ սխալ մարդկանց ենք ֆինանսավորում, սխալ մարդկանց են ընտրում, արդյունքում սխալ բան ենք ստանում։
-Թրենդներին ինչպե՞ս պետք է հետևել։
-Սա մի քիչ բարդ է։ Պետք է մի քանի աղբյուրների հետևել՝ Microsoft, Apple և այլն։ Բայց եթե խոսքը գնում է մեկ ծրագրավորման լեզվի մասին, դրանցից ամեն մեկն ունի իր պաշտոնական կայքը, որտեղ թարմացումները միշտ գրվում են։ Մանրամասն կա՝ ինչու է թարմացվել, ինչն է շտկվել։ Եթե դասախոսը հետևի այն լեզվի թարմացումներին, որ դասավանդում է, այդքանով շատ բան առաջ կգնա, շատ բան կփոխվի արդյունքում։
-Ուրիշ ի՞նչ բացեր եք նկատել։
-Ժողովրդի մեդիագրագիտության մակարդակն էլ շատ վատն էր, որովհետև շատ fake-երի էին հավատում, սոցիալական կայքերում ինչ-որ պետք չէր, անում էին, ինչը պետք էր, չէին անում։ Մեդիագրագիտությունն էլ ինչ-որ կերպ պիտի հասցնել ժողովրդին։ Կարելի է ինչ-որ տարիքից արդեն սկսել մեդիագրագիտության դասեր տալ, որպեսզի երեխաները հասկանան, որ այսինչ բանը կարելի է անել, այնինչը չի կարելի։ Այդ կերպ երեխաները՝ տանը տեսնելով, որ պապին, տատին կամ ծնողները տարածում են զինվորի գտնվելու վայր, կասեն՝ չի կարելի սենց բան անել, որովհետև անօդաչու թռչող սարքը կարող է վերցնել կոորդինատները ու խփել։
Իրոք, IT ոլորտը Հայաստանում թերի զարգացած է։ Իսկ թերի է հենց դպրոցներում սխալ դասավանդելու պատճառով։ Ինչո՞ւ, որովհետև երեխաները ինֆորմատիկայի ժամին սովորում են այն, ինչ իրենց կյանքի ընթացքում երևի թե երբեք պետք չի գալու։ Օրինակ՝ paint ծրագիրը չեմ կարծում երբևիցե պետք կգա. կա դրա անալոգ ալտերնատիվ Photoshop-ը։ Բացի այդ, դասատուները ինֆորմատիկայի դասերի ժամանակ շեշտը չեն դնում մաթեմատիկա, ֆիզիկա ու IT կապի վրա։
Այս ոլորտը բազմաշերտ է, հիմքը մաթեմատիկան է։ Մաթեմատիկական հաշվարկների արդյունքում ստեղծում են պատկերներ, որոնք դառնում են խաղ, կայքեր և այլն։ Ֆիզիկան էլ է շատ կարևոր ծրագրավորման ոլորտում, որովհետև եթե մենք ձգտում ենք երկրում զարգացնել կոնկրետ հենց անօդաչու սարքերը, պետք են ֆիզիկներ, ռադիոֆիզիկներ, ծրագրավորողներ, որ շատ լավ տիրապետում են C++ ծրագրավորման լեզվին, կամ շատ լավ կարողանում են ստեղծել պլատաներ, որոնք կարող են աշխատացնել այդ սարքերը։ Իսկ անօդաչու թռչող սարքը ոչ թե 1-3 հոգի է ստեղծում, այլ մի թիմ՝ տարբեր մասնագետներից բաղկացած։ Եթե ի սկզբանե դրա մասնակիցների գիտելիքների մասին չենք մտածում, մենք չենք կարող ունենալ այն թիմը, որը կարող է ստեղծել ինչ-որ պրոդուկտը, որը կմրցի միջազգային պրոդուկտների հետ։ Նորից գալիս ենք նրան, որ հենց կրթության վրա պետք է շեշտը դրվի։
–Սկսնակ մասնագետները, ուսանողները ի՞նչ պետք է անեն, ինչպիսի՞ն պետք է լինեն։
–IT ոլորտը իր մեջ ճյուղավորումներ ունի՝ web ծրագրավորում, անվտանգություն, արհեստական ինտելեկտ, բժշկական սարքեր և այլն։ Սկսնակը նախ և առաջ պետք է հասկանա՝ ինքը ծրագրավորման որ ճյուղն է ուզում ընտրել, որի մեջ է ուզում խորանալ։
Ուսանողները, բացի համալսարանից, դասախոսներից ստացած ինֆորմացիայի, պետք է ձգտեն նաև տարբեր աղբյուրներից օգտվել՝ GOOGLE-ից սկսած, վերջացրած ինչ-որ ծրագրավորման լեզվի պաշտոնական կայքէջից, հետևեն նոր տարբերակում ինչ է դուրս եկել, ինչն է շտկվել, փոխվել, որպեսզի միշտ «կազմվածքի մեջ լինեն»։ Սա ամենակարևորն է։
Երկրորդը, պիտի ձգտեն միջազգային կամ հայ մասնագետների հետ մտնեն ծրագրավորման մի շրջանակ. թե՛ առօրյա խոսակցությունով, թե՛ գործնական միթինգներով ծրագրավորողը անընդհատ սովորում է։ Ակամայից փորձի փոխանակում է լինում։ Պետք է անընդհատ հետևել միջազգային մեծ կազմակերպություններին, որպեսզի տեսնեն՝ երբ է անվճար կուրս կամ թրեյնինգ սկսվում, ու մասնակցեն, որովհետև նաև հավաստագիր է տրվում, որը դրսում աշխատելու ժամանակ շատ պետք է։ Կան նաև վճարովի կուրսեր, որոնց նույնպես պետք է հետևել ու մասնակցել։
Այն պահից սկսած, երբ ուսանողը հասկանում է, որ կարող է ինչ-որ պրոդուկտ ստանալ վաճառքի, ուրեմն պիտի զբաղվի դրանով։ Երբ նա անընդհատ սովորում, սովորում, սովորում է, բայց չի կիրառում ռեալ պրակտիկայում, շատ բաներ չի կարող հասկանալ։ Ծագրավորման մեջ մի խնդիրն ունի բազմաթիվ լուծումներ։ Ուսանողը պիտի զգա դա, իսկ հասկանալու համար պիտի միաժամանակ սովորի ու աշխատի դրսի շուկայի վրա։ Եթե լինեն պատվերներ, որ իր ձեռքից կգա, անի։ Արդյունքում թե՛ գումար կաշխատի, թե՛ մեծ պրակտիկա ձեռք կբերի։
-Ուսանող-աշխատավայր համագործակցությունը որտեղի՞ց պիտի սկսվի ու ինչպիսի՞ն պիտի լինի։
– Հայաստանում սա մի քիչ խնդիր է։ Ծրագրավորման մեջ կան պաշտոններ՝ Junior developer, Middle developer, Senior developer։ Առաջինները չեն կարողանում աշխատանքի անցնել՝ փորձ չունենալու պատճառով։ Երկորդ խնդիրը՝ ծանոթ չունեն։ Հայաստանում մինչև հիմա էլ ու, իմ կարծիքով, միշտ էլ սա արդիական է լինելու։
Եթե ծրագրավորողը փորձ ունի տարբեր ոլորտներում, պահանջարկ կա՝ կդիմեն, կասեն կայք հավաքի, խաղ կամ դիզայն ստեղծի։ Ծրագրավորողը պիտի որոշի իր ուղղությունը ու այդ մասով պորտֆոլիո հավաքի՝ ինչ-որ բան, որ ցույց կտա իր աշխատանքները։
–Այն, որ հիմնադրամի կայքը կրկնօրինակվեց, որ մի շարք օգտատերերի էջեր կոտրվեցին, մեղավորությունն ավելի շատ հասարակությա՞նն էր, որ մեդիագրագետ չէր, ուշադիր չէր, թե՞ ծրագիրն էր թույլ։
-Հիմնադրամի կայքի կրկնօրինակման հարցում բացարձակ ոչ մեկը մեղավորություն չուներ. ցանկացած կայք հնարավոր է copy անել ու աշխատացնել։ Նորմալ չէր այն, որ աշխատում էր։ Այդ ժամանակ բոլորս արագ էինք մտածում, խառը վիճակ էր բոլորիս մոտ, մանրուքներին ուշադրություն չէինք դարձնում։ Ոչ այնքան մեդիագրագիտության, որքան պահի ազդեցության խնդիր էր։ Բայց շատ կայքեր կան, որ աշխատում են երկար ժամանակ, հետո նոր բացահայտվում են։
Մեդիագրագիտությունը օգտատեր-ինտերնետ կապն է։ Սա շատ մեծ թեմա է, որին բացարձակապես ուշադրություն չի դարձվում։ Ոլորտի մասնագետները փորձում են իրենց ուժերի ներածին չափով ամեն ինչ անել, որպեսզի ժողովուրդը դեպի մեդիագրագիտություն գա։ Սա իրականում այնքան բարդ խնդիր է, ինչպես 3 տարեկան երեխային փորձեն ծրագրավորում սովորեցնել։ Պետությունն էլ իր կողմից պիտի ինչ-որ բաներ անի մեդիագրագիտության մասով, որպեսզի ժողովրդին ավելի հասանելի դառնա։
-Բարձր տարիքի անձանց համար անհասկանալիության խնդիր է լինում, չեն պատկերացնում՝ իրենց պրոֆիլը ում է պետք, ինչ վտանգ կարող է լինել։ Ինչպե՞ս բացատրել, որ ավելի հասկանալի, պարզ ու շոշափելի լինի։
-Ասելու ամենահեշտ ու պարզ տարբերակը ռեալ օրինակների վրա ցույց տալն է՝ տես այս մարդու պրոֆիլը տարան ու իր անձնական նկարները կամ խոսակցությունները հրապարակեցին, քարտը կոտրեցին ու միջի գումարները գողացան, պատերազմի ժամանակ այսինչ բանը նկարեցին, Ադրբեջանը տեսավ, խփեցին, զինվորները մահացան։ Այսպես ավելի արագ է ու արդյունավետ։
Միլենա Մովսեսյան
4-րդ կուրս