Հնդկական սերիալների «առեղծվածը». արժե՞ արդյոք ցուցադրել ․ ...

Հնդկական սերիալների «առեղծվածը». արժե՞ արդյոք ցուցադրել ․ Կինոգետի և հոգեբանի դիտարկումները

1222

Կադր «Պարոն 420» ֆիլմից

Հայաստանում հնդկական սերիալներ ցուցադրելու այսպես ասած մշակույթը մեծ թափ առավ, երբ «Շանթ» հեռուստաընկերությունը 2015 թվականին հեռարձակեց «Մերժվածը» հնդկական սերիալը, որը մեծ տարածում գտավ հասարակության շրջանում և դարձավ բուռն քննարկումների առարկա։ Այդ ժամանակվանից ի վեր Հայաստանի մի շարք հեռուստաընկերություններ՝ Արմենիա TV-ն, Կենտրոնը, ցուցադրում են հնդկական արտադրության սերիալները, որոնցից են «Ինչ կոչել այս սերը», «Հարսիկը», «Գանգա», «Թափկի» և այլն։ Այս սերիալները առանձնանում են նրանով, որ իրադարձությունները արագ չեն զարգանում, դրանք տևում են շատ երկար, նույնիսկ մի քանի տարի, օրինակ՝ «Մերժվածը» սերիալը ցուցադրվել է մոտավորապես երեք տարի։ Այս սերիալներից յուրաքանչյուրը առանձին կարելի է վերլուծել, սակայն կփորձենք տալ ընդհանուր գնահատական ու պատկերացում դրանց մասին՝ զրուցելով հոգեբանի և կինոգետի հետ։

Կինոգետ Սիրանույշ Գալստյանը այս թեմայի շուրջ մեզ հետ զրույցում ասաց․ «Իրականում, հնդկական ու ոչ միայն հնդկական սերիալներին բնորոշ է առօրեականության է՛լ ավելի առօրեականացումը, որը անհարկի ձգձգումներով, պատումի պրիմիտիվ սյուժետային զարգացումների անտանելի ճահճացման է բերում: Դերասանական չափազանցված խաղի հետ մեկտեղ, դրանց հատուկ է իրավիճակների և երկխոսությունների կրկնվողությունը, որ կարծես արվում է այն հանդիսատեսի համար, որը չի հասցրել ինչ-որ սերիայի սկիզբը տեսնել, գուցե մյուսի` միջին կամ վերջին հատվածը: Որ մասն էլ որ դիտի, բավական կլինի ընդհանուր գործողությունն ըմբռնելու համար: Իրականում այս բոլորը կարթի նման հնարքներ են հեռուստադիտողին բռնելու և այդ թմբիրի մեջ ամիսներ շարունակ պահելու համար: Դրա շնորհիվ հեռուստաալիքները լուծում են եթերը «լցնելու» խնդիր, այսպես կոչված` ռեյթինգի խնդիր և այլն: Իսկ հանդիսատեսը, իր «օրը լցնող» նաև այս տեսակ զբաղմունքի պատճառով, է՛լ ավելի է խրվում առօրեականության մեջ, միայն թե դա ուրիշների առօրեականությունն է արդեն, ո՛չ թե իրենը: Եվ հոգսերն էլ ուրիշինն են, սակայն կարծես իրենն են դառնում, ինչ-որ պահ մոռացնելով սեփական առօրյա խնդիրները: Անշուշտ, սա կինոարվեստի հետ ոչ մի կապ չունեցող, զուտ սոցիալական կամ սոցիալ-հոգեբանական երևույթ է և անգամ կոմերցիոն կինոյի հետ համեմատվել չի կարող: Սակայն հարկ է նշել, որ հնդկական սերիալներում ինչ-որ հանդարտություն կա, զգացմունքների առատության և հերոսների փոխհարաբերությունների լարվածության հետ մեկտեղ, հանդարտություն, որ հեռուստադիտողների լայն խմբերի համար իսկապես շահեկան է, հոլիվուդյան խելահեղ, ագրեսիվ և աղմկոտ ֆիլմերի համեմատ»։

Այս ամենի ֆոնին կինոգետը հավելեց, որ կարիք կա նաև բարձրարվեստ հնդկական կինեմատոգրաֆի հիշատակման: Մանավանդ որ, կարելի է ենթադրել` մերօրյա հայ հանդիսատեսը հիմնականում անտեղյակ է, գաղափար չունի հնդկական այդ տեսակ ֆիլմերի գոյության մասին։

Անցյալ դարի 1940-60-ականները կինոգետները համարում են հնդկական կինոյի «ոսկեդար», թեև դրանից առաջ և հետո էլ ժամանակ առ ժամանակ այս յուրօրինակ ազգային ֆիլմարվեստը զարմացրել է կինոսեր հանդիսատեսին: Կինոգետը պատմում է, որ ավագ սերնդի հիշողության մեջ կայուն տեղ են գրավել 1950-ականներին խորհրդային էկրաններին հաղթարշաված «Թափառաշրջիկը» և «Պարոն 420» կինոնկարները` անմոռանալի Ռաջ Կապուրի և Նարգիզի մասնակցությամբ: Այս և մի շարք ուրիշ կինոնկարներում Ռաջ Կապուրի ստեղծած կերպարների շնորհիվ նրան ժամանակին կարգել են «հնդկական Չապլին»: Եվ դա զարմանալի չէ: Համոզվելու համար բավական է ընդամենը դիտել դրանք:

Կադր «Պարոն 420» ֆիլմից

Այդ «ոսկե» շրջանի ամենահայտնի և տպավորիչ ֆիլմերից էին նաև «Երկրի զավակները», «Ծարավ», «Թղթե ծաղիկներ» և «Մայր Հնդկաստան» կինոնկարները: Իսկ «Մեծ Մուղալը» մելոդրաման, ըստ վարձույթի տվյալների՝ ճանաչվել է «բոլոր ժամանակների բլոքբասթեր» և մեկուկես տասնամյակ պահել է հնդկական ամենադրամարկղային ֆիլմի կարգավիճակը: Հայ հանդիսատեսի հիշողության մեջ են նաև 70-80-ականների հնդկական շատ մելոդրամաներ: 

Կադր «Մեծ Մուղալը» ֆիլմից

Տիկին Գալստյանը հատկապես հիշեց «Հայրենիք» կինոթատրոնը, որ հայտնի էր հնդկական կինոյի մշտական սեանսներով: Եվ դա միայն մեր մայրաքաղաքին չէր հատուկ: Հայտնի է, որ ողջ Խորհրդային Միության տարածքում կինովարձույթի խնդիրները լուծվում էին հենց հնդկական կինոյի շնորհիվ:

«Հայրենիք» կինոթատրոն, 1972 թ

Դիտարժան ժամանակակից ֆիլմերից, որ նկարվել են վերջին երկու տասնամյակում, արժե նշել «Պատմություն կամակոր աղջկա մասին» (2002) ռեալիստական ֆիլմը, հնդկական ծագում ունեցող բրիտանացի ռեժիսոր Ազիֆ Կապադիայի` BAFTA-ի «լավագույն բրիտանական ֆիլմ» մրցանակին արժանացած «Ռազմիկը» (2001) և Սանջայ Լիլա Բհանսալիի «Բաջիրաո և Մաստանի» (2015) վիպերգական-առասպելական գեղեցիկ կինոպատումները:

Կադր «Բաջիրաո և Մաստանի» ֆիլմից

«Գունեղ, միամիտ թվացող հնդկական ֆիլմերը, որոնցում առկա են նաև կրոնական և դիցաբանական մշակութային շերտերը, մեծ հետաքրքություն են առաջացրել և օտար հանդիսականների մոտ: Ու չնայած օտարին երբեմն հոգնեցնող ազգային երգուպարով, մշտապես առկա բուռն զգացմունքների հեղեղին, սյուժետային անհավանական շրջադարձերին ու զուգադիպություններին, հնդկական ֆիլմերում անբացատրելի, սրտառուչ մի բան կա, որ այնքան էլ դյուրին չէ ժխտելը: Չարի և Բարու հստակ սահմանազատումը, որ մելոդրամայի ժանրի` գեղարվեստականության առումով ցածր, պարզունակության դրսևորույթ է, հնդկական մելոդրամայում վերածվում է էպիկական տարաշխարհիկ հմայքի: Տարբեր ազգերի կինոսեր հանդիսատեսից (կինոքննադատները սովորաբար խորհրդավոր ժպտում են, բայց նման խոստովանություններ չեն անում) լսել եմ, որ իրենց ռեժիսորների ֆիլմերում այդչափ չեն ճանաչում իրենք իրենց, որքան հնդկական ֆիլմերի հերոսների մեջ:

Հետաքրքիր բան է ստացվում, միամիտ ու պարզ պայմանականությամբ այս ֆիլմերն ու հերոսները ունիվերսալ կերպով մոտենում են կյանքին։ Եվ բոլոր դեպքերում, այդ ֆիլմերի հիմքում կյանքի ինչ-որ ազնիվ համընդհանուր մոդել է, առասպելական և, միևնույն ժամանակ, շատ անկեղծ իրական, չնայած ողջ դեկորատիվությանն ու տարաշխարհիկությանը։ Այս ամենը իհարկե գեղարվեստական խաղարկային ֆիլմերի մասին է, այլ ոչ թե սերիալների, որոնց նույնպես, չգիտես ինչու, «կենսականություն» են վերագրում ոմանք,- ասում է Սիրանույշ Գալստյանն ու եզրափակում,- չպետք է մոռանալ, որ հասարակական գիտակցության ձևավորման հարցում, 20-րդ դարից սկսած, շատ ուղղակի դերակատարություն է ունեցել և ունի կինոն»։

Կադր «Թղթե ծաղիկներ» ֆիլմից

Վերադառնալով հնդկական սերիալների ցուցադրման թեմային՝ մեզ հետ զրույցում հոգեբան Եվա Օհանյանը այն հարցին, որ հատկապես փոքրահասակներն ու պատանիները սերիալներում հնչող երգերը, արտահայտությունները, ժեստերը, միմիկաները, վարքը շատ արագ  կրկնօրինակում են, արդյո՞ք այդ ամենը ապագա սերնդի հոգեկան ու ֆիզիկական ռողջության վրա ինչ-որ ազդեցություն կարող է ունենալ, պատասխանեց․ «Հոգեկանը շատ սերտ կապ ունի ֆիզիկականի հետ, և եթե, օրինակ, տղաները փորձեն վատ վերաբերվել աղջիկներին, ինչպես մենք դա տեսնում ենք սերիալներում, այսինքն վարք կրկնօրինակել, որը լրիվ օտար է մեզ համար, իհարկե, բացասական ազդեցություն կունենա։ Զարգացվածության մակարդակը ցածր կլինի, այն պրիմիտիվ մտածելակերպ է սերմանում»։

Դերասանները կարող են միմյանց նայել անգամ մի քանի րոպե առանց որևէ բառ ասելու, և կամ մի նախադասությունը ասելու ընթացքն է երկարում շատ դեպքերում անգամ մի ամբողջ սերիայի չափով, արդյո՞ք այս ամենը կարող է  ազդել մարդկանց նյարդային համակարգի, զարգացվածության աստիճանի, գիտելիքների ընկալունակության վրա․ «Իր մտածողությունը, մտածելաոճն է փոխվում, մարդիկ կան, որոնք շատ արագ են մտածում, իսկ ոմանք ավելի դանդաղ, այս սերիալները կարծես օրինակ են դանդաղ մտածելու, պաուզաներ անելու։ Ժամանակի սպանություն է դա»։

Սովորաբար գլխավոր հերոսուհիները համեստ են, ցանկացած վիրավորանք կուլ տվող, շատ են մանկահասակ երեխաների ամուսնության խնդրի, այրիների ոտնահարված իրավունքների վերաբերյալ սցենարները։ Հայաստանում այս ամենի ցուցադրումը ինչպիսի՞ հետևանքների կարող է հանգեցնել․ «Այս ամենը բնորոշ է հնդիկ ժողովրդին, շատ ավելի լավ կլինի նայել օրինակ հին հայկական ֆիլմերը, քան թե, երբ երեխաները տեսնեն ընտանիքի այդ մոդելը, որտեղ երեխային 11 տարեկանում ամուսնացնում են և այդ ընտանիքում ինքը բռնության է ենթարկվում, սա վարքի մոդել է, որը Հայաստանում գոյություն չունի, ավանդույթների և կրոնական հակասություններ կան մեզ հետ։ Մեզ մոտ չպետք է օրինակ ծառայի իրենց մշակույթը, կրոնը, քանի որ դրանք մեզ բնորոշ գծեր չեն, իրենք ավելի կռապաշտ են, որն էլ մեր քրիստոնեական արժեքներին չի համապատասխանում»։

Եվ վերջում այն հարցին, թե ինչ խորհուրդ կտա այն ծնողներին, որոնք իրենց երեխաներին թույլ են տալիս դիտել այսպիսի սերիալները և իրենք էլ են դիտում հոգեբանն ասաց․ «Դա գալիս է նաև ծնողի զարգացվածության մակարդակից, հիմա համացանցից կարելի է շատ օգտակար տեղեկատվություն քաղել և զարգացնել սեփական անձը, օնլայն թրեյնինգների մասնակցել։ Ժամանակը սերիալների վրա ծախսելու փոխարեն ծնողն էլ կարող է իր վրա աշխատել և օրինակ ծառայել երեխայի համար, որ երեխան էլ ազատ ժամանակը տրամադրի սպորտով զբաղվելուն, օգտակար գիրք կարդալուն, զարգանալուն»։

Հնդկական հեռուստասերիալները ապահովում են շատ բարձր դիտելիություն Հայաստանում և օգուտ բերում հեռուստաընկերություններին։ Չկա որևէ օրենք, որը կարող է սահմանափակել հեռուստաընկերության իրավունքը՝ ցուցադրել այն, ինչ ինքն է ուզում, այնպես ինչպես յուրաքանչյուր մարդու իրավունքն է դիտել այն, ինչ ինքն է ցանկանում։ Եթե լիներ այսպիսի օրենք, շատ հաղորդումներ ևս կարող էին դուրս մղվել եթերից (բայց սա արդեն այլ թեմա է)։ Շատերի կարծիքով նման սերիալների ցուցադրությունը կամուրջ է ստեղծում հայ և հնդիկ ժողովուրդների միջև ու էլ ավելի ամրապնդում կապը, ոմանք պնդում են, որ ավելի լավ է հնդկական սերիալներ ցուցադրվեն, քան հայկական արտադրության սերիալներ, սակայն երևի չարժի համեմատել այս երկու՝ միմյանցից հեռու բևեռները, որոնք միմյանցից պետք է լրիվ տարանջատել ու դիտարկել տարբեր հարթություններում։ Յուրաքանչյուր մարդ ինքը պետք է ընտրություն կատարի նայել, թե չնայել այդ սերիալները և մտածի այն մասին, թե ինչ կտա այդ սերիալը իրեն, որպես ծախսված ժամանակի փոխհատուցում։

Սոնա Պետրոսյան

3-րդ կուրս

Կիսվել