Նրանք շարունակում են ապրել լուռ երազանքներով ու մեծ սպասումով

Նրանք շարունակում են ապրել լուռ երազանքներով ու մեծ սպասումով

574

Դեռ վերջերս Վարդենիսը  սահմանակից էր Արցախին, իսկ հիմա իր հարևանն Ադրբեջանն է։ Նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագրով Քարվաճառն անցավ ադրբեջանական կողմին, բնակիչները տեղահանվեցին, իսկ Վարդենիսը կորցրեց իր թիկունքը։

Վարդենիսցի Վարդանի խոսքով, մենք տվեցինք Հայաստանի համար շատ մեծ կարևորություն ունեցող Մեծ Ալ լիճը, Փոքր Ալ լիճը, որոնք մեր ջրային պաշարներն են, որոնցով սնվում է Վարդենիսը։  Այդ տարածքները ԽՍՀՄ-ի տարիներին Հայաստանին են պատկանել։ Հանձնել ենք նաև Սևանա լիճ լցվող Որոտանը: Վարդանը սկսեց քարտեզի վրա արոտավայրերը ցույց տալ, այլևս չկարողացավ նստած մնալ և տնակից դուրս եկավ, որ դրսում ավելի պատկերավոր ցույց տա, թե ուր են հասել ադրբեջանցիները. «Շատ քիչ մաս է մեզ մնացել, բայց հիմա որ բնակիչը կհամարձակվի գնալ խոտ հնձելու»,-ասում է Վարդանը։ Սոթքի հանքի մասին մեծ ափսոսանքով է նշում, որ քաղաքի տղամարդկանց մեծամասնությունը այդտեղ էր աշխատում, բայց հիմա այդ մարդիկ կորցրել են իրենց աշխատանքը։ Քարվաճառը հանձնելու հետևանքով շատերը նաև անտուն են մնացել։

Վարդենիսի Լուսանկունք գյուղ են տեղափոխվել Քարվաճառից: Ռուզաննա Ալավերդյանի ընտանիքը կորցրել է իր տունը: Ապրել են Մարտակերտի շրջանի Գետավան գյուղում,  2008 թվականին ամուսնու և երեխաների հետ տեղափոխվել և  մշտական բնակություն է հաստատել Քարվաճառի շրջանի Նոր Կարաչինար համայնքում։ Եղել  է դպրոցի տնօրենը։ Պատերազմի ընթացքում  նաև իր հետ աշխատող մի քանի ուսուցչուհիներ   մնացել և  օգնել են զինվորներին և մարտերն ավելի թեժանլուց հետո միայն տեղափոխվել են իրենց երեխաների մոտ՝ Վարդենիս։ «Դուրս գալուց ոչինչ չենք վերցրել, վստահ էինք, որ հետ ենք գնալու»,- հիշում է Ռուզաննան։ Պատերազմի ընթացքում փոքրիկ ընտանիքը համալրվել է և դարձել  են բազմազավակ։ Տիկին Նաիրայի տանը ապրում են երեք ընտանիք միաժամանակ։ Ընտանիքներն այժմ կորցրել են  իրենց տները, բայց չեն հուսահատվում: Վստահ են՝ ամեն ինչ դեռ առջևում  է և պետք է պայքարել։ Ռուզանան ցավով է պատմում, որ իրենց դպրոցը վերջապես նորոգել էին, տունը կահավորել, այդպես էլ չհասցրեցին գոնե վայելել:  «Լացելով, ծանրացած սրտով էինք դուրս գալիս մեր տնից, մեր  ձեռքերով քանդեցինք նոր նորոգած դպրոցը։ Մարդիկ կային, որ այրում էին իրենց տները, ասում էին մենակ  թուրքին չմնա, բայց մենք չկարողացանք վառել մեր  տունը։ Ես վստահ եմ, որ հետ ենք գնալու մի օր»,-պատմում է Ռուզանան։

Պարոն Վալերն ամբողջ ընթացքում օգնել է իր տան հյուրերին և միասին կարողացել են  դուրս   բերել նաև  կենդանիներին, սակայն հասկացել են, որ չեն կարող պահել։ Էժան վաճառել են և հիմա լուռ երազանքներով փորձում են ապրել: Այժմ երեխաները հաճախում են դպրոց, բայց օր առաջ ցանկանում են տեղափոխվել իրենց տունը՝ այնտեղ, որտեղ սիրելի բակն է ու հարազատ դպրոցը:

Սերինե Աղաբեկյան

3-րդ կուրս

Կիսվել