Սահմանը կանչում է. Յուրիկ Գաբրիելյան

Սահմանը կանչում է. Յուրիկ Գաբրիելյան

810

ԻՄ ՀԵՐՈՍԸ

«Իմ հերոսը» խորագրի ներքո Ձեզ ենք ներկայացնում Արցախյան, Ապրիլյան, ինչպես նաև 2020 թվականի Արցախյան պատերազմների մասնակից լեյտենանտ Յուրիկ Գաբրիելյանին։

Տարվա իմ հերոսը Յուրիկն է, ով 91 թվականին՝ Արցախյան շարժումը սկսվելուն պես միանում է ընկերներին, չնայած որ առողջական խնդիրների պատճառով ազատված էր զինվորական ծառայությունից. «Դպրոցում ծանոթանալով մեր պատմության փառահեղ էջերին, ընթերցելով մեր գրողների հայրենասիրական ստեղծագործությունները` ես նույնպես ցանկանում էի մասնակցել հայրենիքի պաշտպանության գործին, որի հնարավորությունն  ինձ տրվեց»։

Չնայած ընտանիքը դեմ էր, բայց ծնողներից ծածուկ փախչում է տանից, միանում Չարենցավանի կամավորական ջոկատին և մեկնում է ռազմաճակատ։ Մասնակցել է Լաչինի միջանցքի պաշտպանությանը, Վահան գյուղի ազատագրմանը, նաև Մարտունիի և Ֆիզուլիի համար մղված մարտերին. «Պատերազմի ավարտից հետո անցել եմ ծառայության նորաստեղծ հայոց բանակում։ Ծառայել եմ հատուկ հետախուզական գնդում»։

Պարգևատրվել է է «1992-1994 թթ. Մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով, «Անդրանիկ Օզանյան», «Մարտական ծառայություն» մեդալներով։ Մեր զրուցակիցը կամավոր մեկնել է ռազմաճակատ նաև Ապրիլյան պատերազմին, որպեսզի իր ունեցած փորձով աջակցի նոր սերնդին։

«Ինչպես մեր պապերն էին ասում, որ մենք պատերազմել չենք կարող, այդպես էլ ես էի մտածում մեր երիտասարդ զինվորների մասին, բայց լինելով նրանց կողքին, հասկացա, որ մեր զինվորները քաջ են ու ապացուցեցին, որ ես սխալվում էի, ինչպես և իմ պապերը»։

2020 թվականին նույնպես մեծ ոգևորությամբ ու առանց մեկ վայրկեան վարանելու անցավ մարտական ծառայության։ Իսկ այժմ մեր հերոսը պատրաստվում է մի քանի օրից մեկնել ռազմական հերթապահության` սահմանը կանչում է:

Տաթևիկ Գաբրիելյան

3-րդ կուրս

Կիսվել