Մոսկվահայ բժշկուհին Ինստագրամում 2.300.000 ռուբլի է հավաքել Արցախում վիրավորված զինվորների համար

Մոսկվահայ բժշկուհին Ինստագրամում 2.300.000 ռուբլի է հավաքել Արցախում վիրավորված զինվորների համար

1666

24-ամյա բժշկուհի Վերոնիկա Ասլանյանը ծնվել և մեծացել է Մոսկվայում: Ծնողները արմատներով Լոռու մարզի Տաշիր քաղաքից են: Վերոնիկան «Ինստագրամ» սոցիալական ցանցում պոպուլյար է, հետեւորդների մեծ բանակ ունի՝ 30.000-ից ավելի։ Նա իր էջում գեղեցկության գաղտնիքներն է բացահայտում։

2020թ. սեպտեմբերի 27-ին սկսված արցախյան պատերազմի ընթացքում նա Ինստագրամում ակտիվ տեղեկատվական եւ բարեգործական գործունեություն էր սկսել։ «Տարածում էի մեր պատմությունը, փորձում էի ոգևորել մեր ժողովրդին: Կազմում էինք խմբեր, ամենաանհրաժեշտ իրերը հավաքում, ուղարկում էինք Հայաստան՝ դեսպանատան միջոցով: Մոռացել էի ինձ, ընտանիքիս, ուսումս: Իմ ջանքերն էի գործադրում՝ օգնություն հավաքելու և տեղեկատվություն տարածելու համար»,- ասում է Վերոնիկան:

Քաղաքականությունից նա չի ցանկանում խոսել, ասում է՝ պատերազմը թողեց իր հետքերը: Հիմա կարևորը վիրավոր զինվորների, անտուն մնացած ընտանիքների հոգսերն են: «Պարտականությունս եմ համարում հերոսներին օգնել, ոտքի կանգնեցնել: Այս պահին գումար եմ հավաքում և փոխանցում հերոսներին: Հավաքել ենք 2.300.000 ռուբլի: Հավատացեք՝ դա 1%-ն է նրա, ինչ ես կարող եմ անել զինվորների համար, ամեն ինչ քիչ է իրենց արածի դիմաց: Ես շատ երջանիկ եմ, որ հայությունն այսքան համախմբված է»,-ասում է Վերոնիկա Ասլանյանը:

Իր կատարած եզրահանգումը պատերազմից այն է, որ պետք է Աստծուն շնորհակալ լինել ամեն օրվա համար: Այն խնդիրները, որոնց ուշադրություն էինք դարձնում, ոչինչ էին և ժամանակի ընթացքում լուծվող: «Մենք իրավունք չունենք դժգոհելու, մենք չենք տեսել իսկական դժվարություն: Ոչինչ չենք կարող համեմատել այդ 44 օրվա հետ, երբ 18 տարեկան երեխան զենքը ձեռքին նայում էր մահվան աչքերին՝ վտանգելով իր կյանքը, չունենալով հանգստություն: Սովորել եմ անչափ սիրել հայրենիքս»,-նշում է Վերոնիկա Ասլանյանը:

Նրա կարծիքով՝ մենք չենք պարտվել, մենք ավելի ուժեղ ենք դարձել, եւ այս ամենը պատմության սկիզբն է, այլ ոչ թե վերջը:

«Պատերազմում մեր կորուստը շատ թանկ ու մեծ էր՝ մեր երեխաները, մեր սերունդը, մեր հերոսները…»,-ասում է ինստագրամյան օգտատերը։

Վերա Հայրյան

3-րդ կուրս

Կիսվել