«Խանգալ», «Կոնչոլ», «Մոխոխ». Շամշադինի գաստրոնոմիկ այցեքարտը

«Խանգալ», «Կոնչոլ», «Մոխոխ». Շամշադինի գաստրոնոմիկ այցեքարտը

1950

Շամշադինի  Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակչուհի Լիդա Հովսեփյանը բացահայտում է այստեղի համի ու հոտի գաղտնիքները,  որոնք սովորել է իր նանից և որոնք փոխանցում է արդեն իր սերունդներին։

Խանգալը տարածված է ամբողջ Տավուշում։ Պարզ ու միաժամանակ չափազանց համեղ այս ուտեստի պատրաստման համար շատ բան պետք չէ.

«Ալյուրը ջրով հունցում ենք, գնդեր անում, թողնում ու հետո գրտնակով բացում: Նանս յոխլով էր խմորը բացում, նույն՝ գրտնակի նման գործիք է։ Դրանից հետո խմորը կտրատում ենք փոքր քառակուսիների կամ բարակ շերտեր ենք անում, թողնում։ Շատերը այս կտորները  այլուրով են շաղախում, բայց ես այդպես չեմ անում, որովհետև եփելուց հետո տեսքը հարթ չի լինի։  Հետո ջուր ենք դնում գազօջախին, որ եռա: Աղ ենք անում ու հատ-հատ լցնում ենք խմորի մասերը, կարող ենք ջրին ձեթ ավելացնել, որ չկպչի եփվող կտորները։ Հետո ջրից հանում ենք վրան ձեթի մեջ տապակած սոխ և չորաթան լցնում։ Ամենահամով ճաշերից է»,- ասում է Լիդա տատը։

Նա համոզված է՝ ցանկացած ուտեստ պատրաստելու համար կարևորը սերն է և ճիշտ ընտրված համեմունքները։

Հաջորդ ուտեստը՝ կոնչոլը, առանց համեմունքների, ինչպես մեր հերոսն է ասում՝ գլուխ չի գա.

 «Երբ հացը չորանում էր, չէինք թափում, վերամշակում էինք. այն ժամանակ կիսատ-պռատ տարիներ էին, հացը քիչ, հավաքում էինք ու շատ համով բան էինք ստանում։ Երևի հենց այդ տարիներից էլ մնացել է կոնչոլի բաղադրատոմսը,- պատմում է տատը ու հավելում,- Հիմա հացը շատ է, բայց հենց չորանում է, ես ինձ չեմ կորցնում՝ կոնչոլ եմ պատրաստում։ Շատ պարզ է. յուղի մեջ սոխառած ենք անում, ջուրը ենք լցնում վրան, հետո չոր հացը քառակուսիների ենք բաժանում, լցնում արդեն եռացող ջրի վրա, հետո ձու եք կոտրում, լցնում վրան, համեմում՝ աղով, պղպեղներով, թարմ համեմով և մատուցում»։

 Ուտեստներ կան, որոնք արդեն մոռացվել են։ Քիչերը կհիշեն, որ հին ժամանակներում Շամշադինում նաև մոխոխ էին պատրաստում։ Լիդա Հովսեփյանը պատմում է, որ առաջին անգամ իր նանին է տեսել այս ուտեստը պատրաստելիս.

«Մոխողը նանս էր պատրաստում: Երբ հաց էինք թխում, անպայման մի խմորի գունդը պահում էինք հատուկ այս ուտեստի համար։ Պահված խմորի գունդը ջրի մեջ ճմռում էինք ձեռքերով ու ձավարը հետը լցնում պուլիկի (կավե փոքր աման) մեջ: Պինդ կապում էինք և թողնում, որ թթվի։ Այն ժամանակ ավանդություն կար. տղաներին ասում էին՝ «գնացեք սարի գլխին պռանչեք (բառաչել), որ մոխոխը շուտ թթվի»:  Դե, իհարկե, սա ավանդություն էր։ Մի քանի օրից թթվում էր անմահական մոխոխը»,- հիշում է Լիդա տատը։

Շամշադինին բնորոշ շատ ուտեստներ կան, որոնք հնուց եկել, հասել են մեր օրեր և հիմա էլ դարձել են այստեղ բնակվողների սեղանի զարդը և հյուրերին զարմացնելու լավագույն միջոցը։

Լիա Ավագայան

3-րդ կուրս

Կիսվել