Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացները կարող են մարտահրավերներ դառնալ Հայաստանի անվտանգության համար....

Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացները կարող են մարտահրավերներ դառնալ Հայաստանի անվտանգության համար. Գրքի շնորհանդես ԵՊՀ-ում

880

ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում տեղի է ունեցել ԵՊՀ ՀՀԻ հայ-քրդական առնչությունների բաժնի գիտաշխատող Սարգիս Գրիգորյանի գրքի շնորհանդեսը։

«Սիրիական հակամարտությունը 2011-2020 թթ․» գրքում հեղինակն ուսումնասիրել է 2011-2020 թթ․ իրադարձությունները Սիրիայում՝ մասնավորապես հակամարտության սկզբնավորումը, իսլամական ծայրահեղական կառույցների ակտիվ ներգրավվածությունը սիրիական հակամարտությանը, քրդական գործոնի ակտիվացումը, ինչպես նաև այն վտանգը, որը սպառնում է Սիրիայի էթնիկ-դավանական փոքրամասնություններին, այդ թվում նաև հայերին: Հեղինակն անդրադարձել է նաև կոնֆլիկտի հանգուցալուծման գործընթացներին և դրանց առանձնահատկություններին:

«Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացները կարող են ուղղակի կամ անուղղակի մարտահրավեր դառնալ Հայաստանի անվտանգության համար»,- նշեց Ս․ Գրիգորյանը։

ԵՊՀ գիտական քարտուղար Լևոն Հովսեփյանը ևս հանդես եկավ ելույթով՝ գրքի հրապարակման առթիվ շնորհավորելով Սարգիս Գրիգորյանին:
Շեշտելով միջոցառման կարևորագույն նշանակությունը՝ Լևոն Հովսեփյանն անդրադարձավ մենագրության համար ընտրված թեմայի արդիականությանը․

«Հարկ է նշել, որ չափազանց արդիական թեմա է ընտրվել ուսումնասիրության համար, եթե տարիներ առաջ Մերձավոր Արևելքը մեզ շատ հեռու մի տարածաշրջան էր թվում, հիմա մենք տեսնում ենք այդ տարածաշրջանի գործընթացների փոխկապակցվածությունն ու դրանց ազդեցությունը նաև Հայաստանի անվտանգության վրա»,-ասաց Լևոն Հովսեփյանը։

Ըստ նրա՝ ՀՀ և ԱՀ անվտանգության ռիսկերի գնահատման տեսակետով է պայմանավորված այն կարևորությունը, որն ունեն Մերձավոր Արևելքին վերաբերող գործընթացների ուսումնասիրությունները:

Լուսանկարները՝ ԵՊՀ կայքից։

Կիսվել