«Հերոսները գրքում ապրելու են»․Անի Ավետիսյան

«Հերոսները գրքում ապրելու են»․Անի Ավետիսյան

1548

Զրուցակիցս ԵՊՀ ժուռանլիստիկայի ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանողուհի Անի Ավետիսյանն է, ով 2014 թվականից ի վեր՝ անմահացած հերոսների անունից նամակներ է գրում, հերոսներին նվիրված միջոցառումներ կազմակերպում։

-Անի, 2014թ.-ին, երբ զոհվեց Արմեն Հովհաննիսյանը, սկսեցիր գրել արդեն բոլոր ժամանակների հերոսների մասին, այդ դեպքից հետո՞ ես սկսել հետաքրքրվել բանակով:

-Երբ Արմենը զոհվեց, ես դեռ նոր էի դարձել 14 տարեկան ու մինչ այդ շատ փոքր էի բանակով լրջորեն հետաքրքրվելու համար։ Բայց, միևնույնն է, այցեր Եռաբլուր, կամ սերը դեպի զինվորականը եղել է միշտ։ Արմենի քայլը, սխրանքը, կյանքի պատմությունն ու բնավորության գծերը այնքան սիրեցի ու արժևորեցի, որ այդ օրից սկսած չեմ հիշում գոնե մեկ օր, որ բանակը մտքումս չլինի։ Սկզբում բացահայտեցի մերօրյա Հերոսներին, այնուհետև սկսել էի ուսումնասիրել ու բացահայտել Արցախյան գոյամարտի Հերոսների կյանքը, մինչև սկսվեց այս պատերազմը։

-Երբ նամակներ ես գրում հերոսների անունից, իրենց կյանքն ուսումնասիրելով ես գրու՞մ, թե՞ այն, ինչ պատկերացնում ես, որ իրենք կասեին.

-Իրականում, մինչև շատ լավ չբացահայտեմ Հերոսին ու իր ընտանիքին, համարձակություն չեմ ունենա իր անունից գրել նամակ, քանի որ այնտեղ գրված ամեն տողը վերցված է իր կյանքից, կիսատ հուշերով կամ հորինված մտքերով նամակը իրական չի լինի։Եվ մի բան ասեմ նամակի հետ կապված։ Այս նոր պատերազմի հերոսների տուն այցերի ժամանակ տանում եմ ինձ հետ նամակները՝ առանց նախօրոք հրապարակելու, որպեսզի անակնկալ լինի ծնողների համար, և տպավորություն, որ իսկապես որդուց նամակ է եկել։

-Երբեմն անգամ հոգեբաններն են դժվարանում խոսել  զոհված զինծառայողների հարազատների հետ: Շատ հաճախ ես այցելում նրանց, միշտ կապը պահպանում ես, կասես՝ ինչպիսի՞ մոտեցում ես ցուցաբերում վերքերը կրկնակի չթարմացնելու համար

-Ունեցածս բազմաթիվ զրույցներից հասկացել եմ, որ ծնողների հետ տղաների մասին խոսելիս ոչ թե վերքերը թարմանում են, այլ իրենք սփոփվում ու հանգստանում են։ Իրենք սովորաբար առաջինը սկսում են պատմել պատերազմից կամ զոհվելու հետ կապված դեպքերից։ Բայց ես նկատում եմ, որ այդկերպ նրանք մեծ ցավ են ապրում, ու միանգամից խոսքը տեղափոխում եմ մանկություն։Այդ պահին ծնողի երեսին ժպիտ է հայտնվում։

-Հերոսներին նվիրված գրեթե բոլոր միջոցառումներին մասնակցում ես, անգամ ինքդ էիր ԵՊՀ-ում կազմակերպել հերոս Նորայր Մարությանին նվիրված միջոցառումը:

-Կազմակերպում եմ սրտանց, բայց ավելի շատ սիրում եմ ներկա լինել որպես հանդիսատես։Այդ կերպ հույզերս ու ապրումներս զգում եմ, իսկ իմ կազմակերպած միջոցառումներին լարվածությունը թույլ չի տալիս հուզական դաշտին առաջ գալ։ Ամենից շատ լարվել եմ իմ կազմակերպած առաջին միջոցառմանը։ Այն նվիրված էր 2010-2018 թվականներին զոհված բոլոր Հերոսներին։ Պատասխանատվությունն այնքանով էր մեծ, որ բեմից ես փոխանցում էի անհատապես բոլոր տղաների արտասանած արժեքավոր խոսքերը ու տեսնում էի, թե ինչպես են հարյուրավոր ծնողներ թաց աչքերով նայում ինձ։ Առաջին միջոցառումիցս առաջ մի ուսանող տղա ասաց, որ չլարվելու համար նայեմ ինչ-որ կետի, կամ ինչ-որ մեկի։ Ես բարձրացա բեմ, նա դահլիճից բռունցքով արեց, ու ամեն բան անցավ։ Այս պատերազմին նա էլ էր մասնակցում։ Հոկտեմբեր ամսիցիրենից լուր չկա:

Առաջիկայում դեռ շատ միջոցառումների մտքեր ու սցենարներ կան, պետք է իրականացնեմ։

-Հերոսների մասին պատմությունները երբևէ գրքի կվերածվե՞ն, ո՞րը կլինի վերնագիրը։

-Այն, որ հերոսապատումները առաջիկայում գրքի կվերածվեն, դա հաստատ է։ Բայց վերնագիրը կախված է բովանդակությունից։ Դեռ չեմ որոշել կենսագրականները հանձնեմ թղթին, թե՞ նամակները։ Բայց մի բան հաստատ է, ինչ կերպով էլ լինի, հերոսները գրքում ապրելու են։

Մերի Ալոյան

3-րդ կուրս

Կիսվել