Համավարակն այլևս դասի չգնալու պատճառ չէ

Համավարակն այլևս դասի չգնալու պատճառ չէ

746

Դեկտեմբերի 7-ից  առցանց ուսուցման անցած աշակերտները նորից բացեցին դասասենյակների դռները։ Այս անգամ գրատախտակի մոտ  դասը պատասխանելուց խուսափել չի հաջողվի։ Բայց ծնողներ կան, ովքեր հրաժարվում են երեխաներին ուղարկել դպրոց: Հերմինա Աբրահամյանը վստահ չէ, որ երեխաները վարակ չեն բերի տուն։

«Որքան էլ պահպանվեն համաճարակային պայմաները, միևնույն է այդքան երեխաներ կան և ուսուցիչները չեն կարող վերահսկել, որ բոլորը դիմակ դնեն, երեխաները չեն դիմանա։ Տանը մեծահասակներ կան, նրանց կյանքը ևս չենք կարող վտանգել»։

Հակադրվելով Հերմինայի խոսքին, ծնող Աննա Սողոմոնյանը մեծ ուրախությամբ է երեխային ճանապարհել  դպրոց, քանի որ վստահ է՝ ոչինչ չի կարող փոխարինել առկա ուսուցմանը։ Միայն մի խնդիր կա, երեխաները դեռ չեն հարմարվել օրը մեջ դասի գնալու ժամանակացույցին։
«Երեխաները ամբողջ օրն անցկացնում էին համակարգչի առաջ, բացի դա, աղջիկներս սովորում են տարբեր դասարաններում, և միաժամանակ դասերին միանալը մեզ համար նաև տեխնիկակն խնդիր էր»:

Ուսուցչուհի Վերոնիկա Հովհաննիսյանի խոսքով` առկա ուսուցումն ամեն դեպքում ավելի գերադասելի է։ Երեխաների շփումն ավելի ինտերակտիվ է ստացվում։

« Դասասենյակում երեխաներն ավելի ակտիվ են դասերին մասնակցում։ Փորձը ցույց տվեց, որ առցանց դա անելը բավականին բարդ է, քանի որ երեխան տանը համակարգչի կամ հեռախոսի առջև նստած կորցնում էդասապրոցեսին ներգրաված լինելու զգացումը։ Եվ շատ հաճախ նրա ուշադրությունը կարող է շեղել ծնողի ներկայությունը, հեռախոսի զանգը, և դժվար է կռահել` նա քեզ լսում է, թե` ոչ»։

Մանկական հոգեբան Իռենա Պոկոմովան մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ երեխաներին առցանց դասավանդմանը սովորեցնելն արդեն հոգեբանական որոշակի խնդիրներ է առաջացրել, իսկ հիմա խախտվում է նաև երեխաների օրվա ռեժիմը։

«Առցանց ուսուցումն իր հետքը բնականաբար թողեց մեր երեխաների հոգեբանության վրա, քանի որ նրանք կորցրին դպրոց-տուն, ուսուցիչ-ծնող հասկացությունների տարբերությունները։ Մենք դրան գնացինք պարտադրված, համաճարակից ելնելով, բայց այսօր մեր երեխաներն ավելի լուրջ հոգեբանական սթրեսներ են ստիպված հաղթահարել։ Օրը մեջ դասի գնալու ռեժիմին հարմարվելուց բացի, շատերը պատերազմի ընթացքում կորցրել են իրենց հարազատներին, և այդ սթրեսները դեռ բոլորի մոտ բացահայտված ու կարգավորված չեն»։

Իռենա Պոկոմովայի կարծիքով` դպրոցներն այս օրերին բացելը կարող է հետագայում մեծ հետք թողնել նաև ծնողների հոգեբանության վրա։ Նրանցից շատերը կխուսափեն երեխաներին դպրոց ուղղարկել, քանի որ վախենում են վարակի նոր ալիքից։

Կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանի դիտարկմամբ` դպրոցներն այս օրերին բացելու ոչ մի հիմնավորում չկար։

 «Հաշվի առնելով բողոքի ակցիաները, որոնց ընթացքում սոցիալական հեռավորություն, բնականաբար, չի պահպանվում, որևէ մեկը չհիմնավորեց, թե ինչու պետք է առկա ուսուցման անցնեն։ Կարող ենք միայն ենթադրել, որ հեռավար կրթությունից կան դժգոհություններ, և ծնողները գուցե ճնշում են գործադրում նախարարության վրա, կամ էլ գուցե կիսամյակի ավարտին որոշել են երեխաներին դպրոց ուղարկել, որ գնահատական ունենան»։

Ռիսկի խմբի, 65 և բարձր տարիքի աշխատողները կարող են աշխատանքն իրականացնել հեռավար` իրենց գրավոր համաձայնության դեպքում։ Ռիսկի խմբում գտնվող երեխաները կշարունակեն հեռավար ուսուցումը: Իսկ 10-ը տոկոսից ավելի վարակվածության ցուցանիշ ունենալու դեպքում, ըստ սահմանված առողջապահական կանոնների, դպրոցը կրկին կանցնի հեռավար ուսուցման։


Էլիզա Գալուստյան

3-րդ կուրս

Կիսվել