Սվետ(Lանա) Իշխանյան՝ Light Up մարքեթինգային ընկերության հիմնադիր/ղեկավար։ Զբաղվում է մարքեթինգով արդեն յոթ տարի։ Կարծում է (վստահ է), որ մարքեթինգը ուղղակի մասնագիտություն կամ ոլորտ չէ, այլ lifestyle (ապրելակերպ) է։ Զրույցում Սվետլանայի հիմնական մտքերից մեկն այն էր, որ Covid-19-ը «եկավ և ապացուցեց», որ մարքեթինգը այժմ առավել քան պահանջված է և հիմա ավելի քան «օդ և ջրի» պես անհրաժեշտ է յուրաքանչյուր, թե՛ սկսնակ, թե՛ ոլորտում առաջատար, սակայն սոցիալական մեդիա հարթակներում ոչ այնքան ակտիվ ընկերություններին և ոչ միայն։
-Լա՛ն, քանի որ այժմ խորը ճգնաժամում ենք՝ կորոնավիրուսային ճգնաժամը, որը պատել էր ամբողջ աշխարհին, մեզ մոտ գումարվեց նաև հետպատերզմյան ճգնաժամը, արդյո՞ք ճիշտ է մարքեթինգը անվանել ճգնաժամային ոլորտ։ Այսինքն կա՞ միտում, որ միշտ պետք է ճգնաժամից հետո կամ ընթացքում մարքեթոլոգին դիմել։
-Կարծում եմ՝ ճգնաժամից առաջ էլ պետք է մարքեթոլոգին դիմել (ծիծաղում է), մարքեթինգը՝ բրենդի վաճառքներ, բրենդի տեսանելիություն, ճանաչելիություն ապահովելու համար է, այսինքն շրջակայում կատարվող իրավիճակը այդքան էլ կապ չունի (չհաշվված որոշակի դեպքեր), երբ մեկը որոշում է բացել իր բրենդը պետք է պարտադիր հաշվի առնի ռիսկերը, որովհետև կարող է մեկ պրոդուկտ լավ վաճառվել, մյուսը՝ վատ, և դա լինի օրինակ վատ գովազդի կամ վատ արված մարքեթինգային արշավի արդյունք։
-Կարո՞ղ ես համեմատել մարքեթինգային կրթությունը Հայաստանում և Գերմանիայում (երկու կրթական մոդելին էլ ծանոթ ես, երկուսի հետ էլ առընչվել ես):
-Անկեղծ ասած՝ ոչ, ընդհանրապես համեմատելի չեն (ժպտում է): Ես Հայաստանի կողմնակից եմ միշտ ու բոլոր պարագաներում, բայց դրսում սովորելուց հետո հասկացա, որ այնտեղ ամեն բան առավել պրակտիկ է՝ այսինքն՝ այն ինչ սովորում ես, միայն տեսական չէ, այլ նաև ամեն բան փորձարկում ես, կիրառում գործնականում, սովորում ինքդ քո սխալների վրա հենց ուսումնառության տարիներին, լսում դասախոսներիդ ուղղորդումները։ Բացի այդ, այնտեղ լինում են քննարկումների, խորհրդատվությունների ժամեր, երբ կարող ես հղել ցանակացած հարց քո դասախոսին, ով մշտապես կտա քեզ սպառիչ պատասխան։ Ցավոք, Հայաստանում դեռ այդ պրակտիկան չկա, ես այստեղ սովորել եմ մարքեթինգի բաժնում, բայց մարքեթինգ «ուսումնասիրել» և մարքեթինգի մասին լսել եմ ավարտական կուրսում, որը ինձ համար ընդունելի չէ, և այդքան էլ ինֆորմատիվ չէ այստեղ կրթական մակարդակը: Եթե հույսս դնեի միայն այստեղ ուսանելու վրա, պետք է ինքնակրթությամբ զբաղվեյի, որովհետև Հայաստանում ստացած համալսարանական մարքեթինգային կրթությունը ինձ ոչինչ չի տվել։ Ոլորտում կարևորագույնը գործնականում աշխատանքն է։ Ոլորտում աշխատելու համար պետք ա «գերճկուն» լինես բոլոր առումներով, մարքեթինգը անընդհատ զարգացող ոլորտ է, պետք է կարողանալ հասնել իր հետևից, հաճախ նաև՝ թելադրելով քոնը։
-Ինչպես դու նշեցիր՝ մարքեթինգը միշտ արդիական ոլորտ է եղել, բայց այժմ SMM-ը (Social Media Marketing) առաջատարն է, մարդկանց մոտ էլ ձևավորված կարծրատիպ կա, որ SMM-ը Instagram-ում մի քանի story, նկար post անելն է, և ով ցանկանա՝ կարող է անել։ Ի՞նչ կասես տվյալ կարծրատիպը կոտրելու մասին։
-Սա իմ ցավոտ կողմն է (ծիծաղում է)։ Վերջին երեք տարին գալիս ենք նրան, որ շատ կարևոր է ճիշտ ներկայացված լինել սոցիալական հարթակներում։ Այսիքն կարող ես ուենանալ շատ լավ բրենդ և պրոդուկտներ, սակայն չապահովել վաճառք, քանի որ չես կարողանում վարել ճիշտ մարքեթինգային արշավներ։ Հայաստանում կարծրատիպերը կոտրելը մի փոքր դժվար է միշտ ստացվում, բայց ես առհասարակ չեմ կենտրոնանում կարծրատիպերի ուղությամբ՝ ի՞նչ կասեն, կամ ի՞նչ կմտածեն։ Հայաստանում «վատն այն է», որ բրենդի սեփականատերերը մտածում են, որ ամեն բան իրենք կարող են միայնակ էլ անել՝ լոգոյից սկսած, գովազդից ավարտած։
Այն մարդկանց, որ թվում է, թե մարքեթինգը միայն նկար գցելն է Instagram-ում, ուղղակի կասեմ, որ մարքեթինգը տարբեր մասնագետների աշխատանքի mix է, աշխատում են՝ թարգեթոլոգներ, գովազդի մասնագետներ, բովանդակություն ստեղծողներ, բովանդակություն գրողներ, լուսանկարիչներ/վիդեոնկարիչներ, դիզայներներ և այլոք, և այս ամեն ինչը ամփոփվում է սոցիալական հարթակում post-երի տեսքով։
-Մարքեթինգը քեզ համար մասնագիտությու՞ն, թե՞ lifestyle (ապրելակերպ)։
-Չէ՜, LIFESTYLE (ժպտում է)։ Մարքեթինգը ես տեսնում եմ ամեն ինչի մեջ, կոպիտ ասեմ՝ ես միշտ ամենուր շեշտում եմ, որ առաջին հերթին մենք «ինքներս մեզ ենք վաճառում», երբ օրինակ գնում ենք որևէ մեկի հետ հանդիպման, մենք փորձում ենք լինել կամ առավել ճիշտ կլինի ասել ցույց տալ մեզ լավ կողմից։ Եթե անգամ տերմինով այն չկոչենք մարքեթինգ, բայց մեր կյանքն էլ մարքեթինգային պլան է, կամ այսպես ասած՝ վաճառք է։ Ես ուզում լինել հաճելի քեզ, դու՝ ինձ, երկուսս ուզում ենք լավ տեղ գնալ ճաշելու, և ի վերջո, այս ամենը լավ մարքեթինգի արդյունք է։
Ինձ մոտ աստղանիշով նշված մի հարց ունեմ. ի վերջո մարքեթի՞նգ, թե՞ շուկայաբանություն (որն իմ կարծիքով բավական «վատ է հնչում»)։
Միանշանակ՝ ՄԱՐՔԵԹԻՆԳ (ծիծաղում է)։
-Դու որպես մարքեթինգի գուրու, երբ մուտք ես գործում որևէ սոցիալական հարթակ, որևիցե բիզնես էջ, ինչի՞ն ես ուշադրություն դարձնում, ի՞նչը կարող է գրավել, կամ հակառակը՝ վանել քեզ։
-Առաջինը՝ ընդհանուր բովանդակությունը, այս պարագայում՝ նկարներ, գունային գամմա։ Ինձ համար ամենացավոտ տեղը գունային համադրությունն է, երբ օրինակ մտնում ես մի էջ ու նկարների բազմատեսակությունից աչքերդ ցավում են. դա արդեն վատի ազդանշան է։
Այն բոլոր էջերը, որոնցով մեր թիմն է զբաղվում, առաջնահերթ աշխատում ենք, որ աչքին հաճո լինի, սա նաև հոգեբանական ազդեցություն է ունենում, քանի որ մարդն առաջնահերթ ընկալում է գույները, հետո կարդում է։ Այսինքն՝ հետևություն, եթե մեզ վիզուալը դուր չի գալիս, մենք էլ չենք շարունակի ու չենք հասնի կարդալու փուլին։
-Լա՛ն, ի՞նչ ես կարծում, արդի մասնագիտությունների շարքին դասվում է մարքեթինգը, ինչքանո՞վ է անհրաժեշտ մեր օրերում այն և, եթե ամենապահանջվածների շարքերում է, մտավախություն կա՞, որ կմարի «աստղը», կանխատեսումներ ունե՞ս։
-Ապրելով 21-րդ դարում և «ինտերնետացված» տիրույթի մեջ, կարծում եմ՝ մոտակա հիսուն տարիներին ավելի կզարգանա, քան կնվազի հետաքրքրությունը։
Այժմ ամեն բան դառնում է թվային, այսինքն՝ ամեն բան հեռախոսով և համակարգչով է, մարդիկ անգամ խանութ չեն բացում, մտածում են, որ այդ գումարը ավելի նպատակային կօգտագործեն, և ավելի շատ եկամուտ կունենան, և բացում են օնլայն շոփ։
Սա խոսում է այն մասին, որ ճիշտ մարքեթինգը շատ անհրաժեշտ է և պահանջված է մեր օրերում։
-Դու նաև influencer ես, զբաղվում ես բլոգինգով, ունես քո բազմահազարանոց էջը Instagram-ում, ի՞նչ է քեզ համար այս ամենը։
-Այ դա ավելի հոբբի, որովհետև ինձ ուղղակի դուր է գալիս գեղեցիկ նկարներ անել, կամ հետաքրքիր ինֆորմացիա տալ հետևորդներին։
Մոտ երկու տարի առաջ որոշեցի փակել և ունենալ միայն իգական սեռի ներկայացուցիչներով լսարան, և մտածում էի՝ գրել հանգիստ այն, ինչը վերաբերում է աղջիկներին, որ չմտածեմ ինչպե՞ս գրեմ, սրբագրեմ, որ ճիշտ դիտարկվի։
Ինձ համար այս ամենը ուղղակի լայքեր չեն, ուղղակի հետևորդների քանակ չի, որովհետև ես ընդհանրապես ուշադրություն չեմ դարձնում դրան։ Փորձում եմ մոտիվացիոն post-եր անել, լուքեր կազմել, որը կհետաքրքրի յուրաքանչյուր աղջկա։ Այս ամենը ինձ համար միտված չի գումար աշխատելու կամ հայտնի դառնալու համար։ Ես ինձ բլոգեր չեմ համարում, ճիշտ է՝ սա միկրոբոլգ է, բայց երբեք չեմ անում գովազդներ ուղղակի գումարի համար, ես պարտադիր փորձում եմ ամենը, նոր կիսվում, ինձ դուր չեկած որևէ բան չեք գտնի իմ էջում։
-Ինքդ երբևէ դիմե՞լ ես influencer-ների օգնությանը, կամ գովազդի քո անձնական էջում, թե ամեն բան organic է։
-Անձնական էջի համար երբեք չեմ դիմել, գովազդներ երբեք չեմ միացրել անձնական էջումս։
-Մեծ լսարանի վրա ազդեցություն ունենալը հայ իրականության համար բացահայտվեց վերջին տարիներին, համենայնդեպս social media տիրույթում, ինչքաո՞վ է այն արդյունավետ գործնականում։
-Միայն չոր գովազդով սահմանափակվելը ճիշտ չէ։ Եթե ցանկանում ես բրենդը ավելի լսված և ճանաչված դարձնես, դու պետք է բոլոր լծակները գործի դնես, որոնցից մեկը influencer-ներն են։ Ես այժմ էլ անում եմ գովազդներ, բայց օրինակ դա լինում է թաքնված գովազդ։ Օրինակ հագնում եմ կամ կրում եմ x բրենդի զարդերը աքսեսուարները և նշում եմ իրենց, կամ շատերը նաև հարցնում են՝ վստահելով ինձ ու իմ ճաշակին։ Influencer-ները այսպես ասած ավելի հասնալի են դարձնում ու ցուցադրում բրենդի առավելությունները, կապը բրենդի և հաճախորդի influencer-ը դարձնում է ավելի անմիջական։
-Ճգնաժամին բոլորը չեն հաջողում բիզնես հիմնել, բայց դու հիմնադրեցիր քո` Light Up ընկերությունը։ Ինչո՞վ է զբավում ընկերությունը, ի՞նչ դժվարություններ եղան, և արդյո՞ք ճիշտ էին գնահատված ռիսկերը քո կողմից։
-Ես երկար տարիներ է աշխատում եմ այս ոլորտում, և ընկերություն հիմադրելու միտքը շատ վաղուց էր ծագել։ Թիմը ամբողջական դարձրեցինք և սկսեցինք, սկզբում եղել ենք չորսով։ Սկեսեցինք հունիսին, որոշել էինք Covid-19-ից առաջ, սակայն մեջտեղ եկավ այն և մտածեցինք՝ ռիսկի չդիմել, շատ անելիքներ ունեինք, որը տանից չէր ստացվի, և երբ բացվեցին կիսով չափ քաղաքում որոշակի տեղեր, մենք էլ բացվեցինք և սկեցինք աշխատել։ Ռիսկերը հաշվարկել էինք, քանզի ունեինք արդեն իսկ համագործակցող ընկորություններ, որոնց հետո կային պայմանագրեր, այսինքն՝ ուղղակի մենք չկայինք սոցիալական հարթակներում։
Մեր թիմում կան՝ SMM մասնագետներ, Digital Marketing-ի մասնագետներ, SEO մասնագետներ, ծրագրավորողներ, բովանդակություն ստեղծող/գրող, լուսանկարիչ/վիդեոնկարիչ, իրավաբան և թարգեթլոգ։
-Ինչպիսի՞ ղեկավար ես դու։
–Օյ՜, շատ դժվար հարց է(ժպտում է)։ Առաջին հերթին ես ինձ վեր չեմ դասում ոչ մեկից, սա ինձ համար շատ կարևոր նախապայմաններից մեկն է, թիմում լիովին ընկերական մթնոլորտ է։ Չկա տնօրեն-աշխատող հասկացություն, երբեք չեմ սիրել մարդուն դնել տուփի մեջ ու ասել՝ արա այսպես, արա այնպես. միշտ կրեատիվի կողմնակից եմ։ Ինձ համար կարևոր է, որ յուրաքանչյուր անձ, ով իմ թիմում է՝ ինքնաարտահայտվի և ինքնակրթվի։ Չեմ սիրում ոչ ոքի մոտ հարցականներ թողնել, միշտ սիրում եմ տալ բոլորին հուզող հարցերի պատասխանները։
-Սեփական մարքեթինգային ընկերությունը բացելուց հետո, ո՞րն է քո հաջորդ քայլը։
-Շա՜տ հետաքրքիր հարց՝ սեփական բիզնես հիմնելը։ Պլաններում կար մինչ մարքեթինգային ընկերությունը, սակայն որոշեցի առաջնահերթ անել դա։
Երեք ծրագիր ունեմ նախատեսած։ Ցավոք, չեմ կարող բացել փակագծերը, կարող եմ ասել միայն, որ երեքն էլ տարբեր ոլորտներ են։ Չեմ սիրում նախօրոք բարձրաձայնել։
Լաուրա Մանուկյան
4-րդ կուրս