Հարցազրույցս վարեցի 2020թվականի Արցախյան պատերազմի մասնակից Հովհաննես Մարտիրոսյանի հետ, ով մասնակցել է Ջաբրայիլի, Ֆիզուլիի և Մարտունու թեժ մարտերին։
-Տեղյակ եմ, որ մինչ բանակ զորակոչվելդ ստեղծագործել ես։
-Մինչ բանակ զորակոչվելս ստեղծագործել եմ։ Անընդհատ կարդում էի Պարույր Սևակի բանաստեղծությունները, որոնք իրենց ազդեցությունն էին թողում ինձ վրա։ Որոշեցի ես ևս ստեղծագործել։ Գրում էի և՛ չափածո, և՛ արձակ ժանրի գործեր։ Ժամանակի ընթացքում հասկացա, որ չափածոն ավելի հոգեհարազատ է և հիմնականում սկսեցի ստեղծագործել այդ ժանրում։
Գիտեմ, որ կան զինվորներ, որոնք պահում են իրենց մոտ նոթատետրեր և բանակում սկսում են ստեղծագործել։ Իսկ դու այնտեղ էլ շարունակեցի՞ր գրել։
-Այո՛, բանակում ևս ստեղծագործել եմ, ավելի քիչ, քան քաղաքացիական կյանքում։ Ես ևս ունեի նոթատետր, որի մեջ էլ գրում էի ստեղծագործություններս։ Ցավոք, կռվի օրերին, դժվար պայմաններից ելնելով, պետք է լքեինք դիրքը։ Նոթատետրը մնաց դիրքում։ Նոթատետրը վերցնելու ցանկությունը շատ մեծ էր, բայց պետք էր ընտրել՝ կա՛մ նոթատետրը, կա՛մ կյանքս։
-Սեպտեմբերի 27–ին պատերազմը սկսվեց։. որտե՞ղ էիր այդ պահին, ու առաջինը ի՞նչ անցավ մտքովդ։
-Սեպտեմբերի 25-ին մեկնել էինք մարտական հերթապահության։ Կասկածներ կային, որ հակառակորդը պատրաստվում է պատերազմի։ Բարձրացրել էինք զգոնությունը։ 27-ի առավոտ ժամը 06։00-ին իջնում եմ խրամատից և փոխարինում առույգ հերթափոխին։ Դիրքի տղաներից մի քանիսի հանգստի ժամն էր, նրանք քնել էին։ 07։15-ին հակառակորդը ռմբակոծեց Հադրութը։ Հասկացա, որ պատերազմն սկսվեց։ Միանգամից արթնացրեցի քնած տղաներին և սկսեցինք ամբողջ զինամթերքը բարձրացնել խրամատ։ Մի քանի ժամ դիրքը պահելուց հետո հարկ եղավ լքել դիրքը։ Հակառակորդի տանկերը հարձակվել էին մեզ վրա։ Ցավով նշեմ, որ այդ ժամանակ կորցրի զինակից ընկերոջս՝ Ելիսեև Հովհաննեսին՝ ում մահն ինձ վրա ամենաշատն է ազդել։ Ուզում էի խոսել մորս հետ, լսել նրա ձայնը (այդ պահին չկարողացա)։
-Երբ արդեն մի փոքր հանգիստ էր, կրակոցները դադարել էին, ի՞նչ արեցիր այդ պահին, ստացվե՞ց կապ հաստատել մայրիկիդ հետ։
-Ամբողջ օրը հրետակոծությունը չի դադարել։ Կապերը խափանվել էին, չէի կարողանում զանգել։ Երբ մթնում էր, մայրս զանգեց։ Փորձեցի նրան համոզել, որ Ջաբրայիլում հանգիստ է, ու ամեն ինչ լավ է։ Նրան ասացի, որ այս պահին պատրաստվում ենք ընթրել։ Հրետանու ձայնը խանգարում էր։ Մայրս չհամոզվեց։ Նրան խոսք տվեցի, որ անկախ ամեն ինչից, երբ վերջանա կռիվը, վերադառնալու եմ տուն։ Նա հավատաց ու վստահեց ինձ։
-Խոստումդ իրականացրիր ու հիմա տանն ես։ Բայց այդ օրերին նման խոստումը պահելը դժվար է։ Եղե՞լ են պահեր, որ մտածել ես՝ գուցե չկարողանաս վերադառնալ։
-Անշուշտ նման խոստում թե՛ տալը, և թե՛ պահելը շատ դժվար էր։ Եղել են պահեր, երբ շրջափակման մեջ ենք եղել, և ես հույս չունեի, թե ողջ կմնամ։ Հույսս դնում էի Աստծո ու զենքիս վրա։ Կորցրել եմ հույսս, բայց հավատքս երբեք չեմ կորցրել։ Անընդհատ աղոթում էի։ Ինձ փրկեց իմ հավատքը։
-Անկախ դժվարություններից, պատերազմի դաշտում ստեղծվում են նաև լավ ու բարի հուշեր։ Այս պահին ի՞նչը եկավ մտքիդ։
-Այս պահին միանգամից «ՆՐԱ» նուռը եկավ միտքս։
-Իսկ ո՞վ է «ՆԱ»:
-Նա միակն է միլիոնից։
-Ինչպես հասկացա, սիրելի աղջի՞կ. կպատմե՞ս։
-Կռվի օրերին տեղաշարժերից մեկի ժամանակ աչքովս նռան ծառ է ընկնում։ Որոշում եմ, որ մի նուռ պոկեմ ու մինչև կռվի ավարտը մոտս պահեմ (մի աղջիկ կա, որ իրեն նվիրեմ)։ Էդ նուռը զրահաբաճկոնիս վրա նռնակների համար նախատեսված գրպաններից մեկում եմ պահում, որ անընդհատ մոտս լինի ու չկորի։ Օրեր հետո, երբ հակառակորդը հրետակոծությունը 5 րոպեով դադարեցրել էր, որոշեցի զրահաբաճկոնս մի թեթև ջրով մաքրեմ։ Գրպաններից նռնակներն ու նուռը հանեցի։ Հետո նռնակներն իրենց տեղը դնելուց նուռը աչքիցս վրիպել էր։ Մի քանի ժամ հետո, երբ ուրիշ տեղում ենք խրամատավորվում, տեսնում եմ, որ նուռը չկա։ Սպասում եմ մութն ընկնելուն, որ ընկերոջս հետ գնանք նախկին խրամատ նռան հետևից։ Երբ հասանք խրամատ, փոխհրաձգություն սկսվեց, բայց կարևորը՝ գտանք նուռը։ Ու շուտով էդ նուռը կհասնի իր իրական տիրոջը։
-Զրույցի ընթացքում նկատեցի ընկերներիդ հետ կապը։ Պատերազմը ավելի ամրապնդե՞ց ընկերությունը, թե՞ բանակային ծառայության ընթացքն էլ հարուստ էր ընկերներով։
-Շատ ընկերներ չեն լինում։ Պատերազմի ընթացքում իրական ընկերությունը ավելի ամրապնդվեց, ավելի կարևորվեց։ Հասկացանք, թե ում հետ ենք կարող անցնել դժվարության միջով։ Եվ առհասարակ, ում է կարելի ասել ընկեր։
-Հայտարարված պատերազմն ավարտվեց։ Ի՞նչ եղավ հետո։
-Հրադադարից հետո մի քանի օր մնացինք դիրքերում։ Հետո եկան մեզ հերթափոխելու և մենք գնացինք մի գյուղի դպրոց, որտեղ էլ մի քանի օր հանգստացանք ու նորից մեկնեցինք դիրքեր՝ մարտական հերթապահության։
-Պատերազմը տեսնելուց, զգալուց ու ապրելուց հետո, ինչպիսի՞ տրամադրվածությամբ ետ վերադարձար դիրքեր։
-Չեմ ուզի խաբել, ասել, թե սիրով, բայց հասկանալով, որ պետք է հերթափոխենք մեր տղաներին, կասեմ՝ մեծ պատրաստակամությամբ։
-Այժմ եկել ես արձակուրդ։ Վստահաբար կարող եմ ասել, որ շատ կարոտ էիր ներսում կուտակել։ Արդյոք տունդարձիդ պատկերացումներն իրականացան։
-Կարոտը ահռելի մեծ էր ընտանիքի, հարազատ քաղաքի, ամեն ինչի, ինչի հետ առնչվել ես քաղաքացիական կյանքում, նույնիսկ նրանց ում ատում եմ։ Կարոտել էի քաղաքիս ամեն մի քարը, մորս պատրաստած թեյը, եղբորս հետ ունեցած թեթև վեճերը, հորս հետ ունեցած զրույցները. ամեն, ամեն ինչ։ Ընտանիքիս անդամները տեղյակ չէին արձակուրդ գալուս մասին։ Մտա տուն, ուրախության արցունքներն սկսեցին…
-Հիմա, երբ ետադարձ հայացք ես նետում անցյալին, փոխվե՞լ են արդյոք անցյալում ունեցած նպատակներնդ ու մտքերդ, թե՞ դրանք քեզ հետ անցկացրել ես պատերազմով և բերել ներկա։
-Նպատակներս չեն փոխվել։ Անցյալին նայելիս դրանք ավելի շատ են կարևորվում։ Եվ հասկանում եմ, որ ինչ գնով էլ լինի, պիտի հասնեմ նպատակներիս։ Կյանքը ավելի է քաղցրացել։
Անի Ավետիսյան
4-րդ կուրս