Որոշել ենք նրա երազանքը իրականություն դարձնել և սենյակը դարձնել կինոթատրոն․ ընկերները Սարգսի...

Որոշել ենք նրա երազանքը իրականություն դարձնել և սենյակը դարձնել կինոթատրոն․ ընկերները Սարգսի մասին

1213

 «Ես լավ եմ, ամեն ինչ լավ ա, դուք ձեզ լավ նայեք, տրամադրություններդ բարձր պահեք, լուրերին մի հետևեք, քանի որ ամեն ինչ լավ ա»-, արցախյան պատերազմի մասնակից Սարգիս Թոմբուլյանի խոսքերն են ուղղված ընտանիքի անդամներին։ Այսօր նա կդառնար 20 տարեկան։

Սարգիսը ծնվել է 2000 թվանկանի դեկտեմբերի 30-ին Երևանում: Դեռ փոքր հասակից եղել աշխույժ և աչքի ընկնող երեխա: Ընկերներից Քրիստինան պատմում է, որ դպրոցական նստարանը իրար հետ են կիսել, և միշտ Սարգսի նախաձեռնությամբ փոքր կատակներ էին խաղում համադասարացիների գլխին.

«Մարտի 8-ին գնացել էինք ուսուցիչների համար ծաղիկ գնելու, հետո Սաքը որոշեց, որ մարտի 8-ը միայն աղջիկների տոնը չի: Դասարանի տղաներից մեկի համար նվեր գնեց` խոզուկ խաղալիք ու նվիրեց»։

Դպրոցական տարիներին հաճախում էր գիմնաստիկայի, մի քանի տարի հաճախելուց հետո, որոշեց ընդունվել Թումո ստեղծարար տեխնոլոգիաների դպրոց:
«Եթե ինչ որ բան որոշում էր դա անում էր մեծ հաճույքով ու  պատասխատվությամբ: Ամեն ինչ անում էր որոշածին հասնելու համար, ոչ քո նրան չէր կարող ետ պահել»-, պատմում է նրա ընկերներից Վան Ավետիսյանը:

Սարգիսը իր ուժերն է փորձել շատ բնագավառներում` նկարչություն, պար, դիզայն: Մասնակցել է բազմաթիվ մրցույթների:

«Շատ էր սիրում նկարել, նախընտրած գույների համադրություն չուներ, բայց գրեթե բոլոր նկարներում կար եռանկյան նշանը»,- պատմում է Քրիստինան`ավելացնելով` սակայն չէր բացատրում է ինչի հենց եռանկյուն:


Դպրոցն ավարտելուց հետո որոշել էր ընդունվել  Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվետի պետական քոլեջ, սակայն միավորների չբավարարելու պատճառով չընդունվեց իր նախընտրած բաժին: Նրան առաջարկել էին նույն քոլեջի այլ բաժնի համար դիմել, սակայն Սարգիսը հրաժարվել է ասելով, որ եթե այստեղ սովորի, ապա միայն իր ընտրած բաժնում: Դիմեց և ընդունվեց Ինֆորմատիկայի պետական քոլեջի ծրագրավորում բաժինը
Վանը հիշում է, որ Սարգիսը կարծես իրենց հոգեբանը լիներ, միշտ փորձում էր բոլորին հաշտեցնել, սակայն երբեմն ինքն էր կատակի տալով միջադեպեր ստեղծում.

«Միշտ փորձում էր օգնել բոլորիս, հասնում էր ամեն վայրկյան, սակայն չէր սիրում, երբ իրեն էին օգնում:Մի օր ասաց, ուզում եմ հոգեբան դառնամ ու բանտերում գտնվող անչափասահներին օգնեմ,իրենք հոգեբանական օգնության կարիք ունեն, եթե սխալ են արել չի նշանակում, որ ամբողջ կյանքում պետք է հետք մնա իրենց կյանքում»:

Կյանքի կարգախոս չուներ, սակայն հաճախ էր կրկնում`« Դու քեզ պիտի  սիրես, իսկ դիմացինիդ սիրիր այնպես ինչպես կա, պետք չէ դնել քառակուսու մեջ»:

Ֆիլմներից նախընտրում էր սարսափ ժանրը, երևի դրանից ելնելով էր շատ-շատ էր սիրում չար կատակներ խաղալ, հատկապես ընկերների հետ:
«Մի օր եկավ ու սկսեց ինձ համոզել, որ ինչ որ հանցավոր սեկտայի մեջ է ընկել ու հիմա ստիպված պետք ինձ սպանի, թե չէ իրեն կսպանեն: Սկզբից չհավատացի, բայց հետո, իր հետ կապվելու բոլոր ուղիները փակեցի, համարն ու ֆեյսբուքի էջը բլոկ արեցի, որ չկարողանա գտնել: Մի քանի օր հետո, մի կերպ կապ հաստատեց ու ասաց, որ կատակ էր»,-ասաց Վանը:


Ուսումը կիսատ թողնելով 2019 թվականի հունվարի 31-ին մեկնեց ծառայության` Ստեփականերտի զորամասերից մեկում: Չէր սիրում շատ խոսել ծառայության մասին, երբ զանգահարում էր միշտ փորձում էր ավելի շատ վերադարձի պլաններից խոսել.

«Իրենց տանը մի սենյակ կա, որը որոշել էր բանակից վերադառնալուց հետո անպայման կինոթատրոն է դարձնելու, արդեն նախօրոք ամեն ինչ պլանավորել էր, կիսատ մնաց: Բայց  ընկերներով որոշել ենք նրա երազանքը իրականություն դարձնել և սենյակը վերածել կինոթատրոնի, նույնիսկ իր ննջասենյակի կահույքի գույնն էր որոշել, դա էլ ենք իրագործելու»-պատմեց Քրիստինան:

Պատերզամի սկսվելուց հետո հաճախ չէր զանգահարում, զանգելուց ասում էր
«Ես լավ եմ,ամեն ինչ լավ ա,դուք ձեզ լավ նայեք, տրամադրություններդ բարձր պահեք,լուրերին մի հետևեք,քանի որ ամեն ինչ լավ ա…»։


Սարգիսը զոհվել է  նոյեմբերի   9-ին՝ ժամը 20:30-ին, Մարտունու շրջանու Կարմիր շուկա կոչվող հատվածում՝ թշնամու հրետանու հարվածից:

Մուշեղ Կուրեխյան

3-րդ կուրս

Կիսվել