Եթե Գյումրիում պատահմամբ տեսնեք խաչքարագործ աղջկա, չզարմանաք. Նարինե Փոլադյանն է, որը մտածված եկել է հայրենիք, բայց պատահականությունների շնորհիվ է սկսել ստեղծել մշակութային ժառանգություն: Խաչքարագործությունը նրան նվիրել է կողակից ու, էլի պատահմամբ, ուղարկել Գյումրի, որտեղից էլ սկսել էր հայրենիքի ճանաչումը: Շուրջ երեք՝ ճակատագրական պատահականություններով ու շրջադարձերով լի տարիները Նարինեին փոխել են՝ դարձնելով քարի պես ամուր, բայց միաժամանակ նուրբ ու զգայուն:
– Նարինե՛, ինձ միշտ թվացել է, որ կոնկրետ մասնագիտության, աշխատանքի համար պետք է ունենալ «համապատասխան» մատներ: Օրինակ, ասում են՝ դաշնակահարին պետք են երկար ու բարակ մատներ: Հետաքրքիր է՝ ինչպիսի՞ մատներ են պետք խաչքարագործ լինելու համար:
– Կըրնա ըլլալ, որ կոշտ ձեռքեր են պետք, բայց միաժամանակ նուրբ ձեռքեր ալ պետք են, որովհետև քար է, բայց նենց չէ, որ կոշտ պիտի վարվինք: Գործեր կան, որ ծանր են, ու ուժ է պետք, բայց կան ահագին նուրբ գործեր. թեթև հարվածից կարող է քարը ջարդվել: Այսինքն՝ ոչ կոշտ, ոչ ալ նուրբ ձեռքեր են պետք, միջին (ծիծաղում է.-հեղ.):
– Փաստորեն քոնը միջին է:
– Հա՛, մեկ-մեկ կոշտ, մեկ-մեկ նուրբ:
– Բացի «միջին» ձեռքեր ունենալուց՝ ուրիշ ի՞նչ հատկանիշներ են պետք խաչքարագործին:
– Համբերություն, որովհետև չես կըրնա արագ-արագ ընես, միայն որպեսզի ընես, և հավատք, որովհետև ադիկ չունենաս, կարծեմ քիչ մը դժվար է աս գործը, որպեսզի ընես: Խաչքարը միայն գեղեցկությունը չէ, այլ ուժն է, որ պետք է ներկայանա խաչքարի մեջ:
– Նարինե՛, ինչու՞ որոշեցիր Լիբանանից գալ, հայրենիքում աշխատել, այն էլ՝ կամավոր:
-2014թ.-ին 14 օրով եկա Հայաստան՝ ճամբար, շատ-շատ տպավորվեցա ու մտքիս ըսի, որ ասի վերջ չունի, հաստատ հետ պիտի գամ: Գնացի, համալսարանս ավարտեցի, սկսա աշխատիլ, հետո զգացի, որ բան մը կա, որ պակաս է իմ կյանքի մեջ, և ըսի՝ հաստատ կուզեմ Հայաստան երթալ: Միակ տարբերակը, որ հեշտ էր ինձ համար՝ կամավոր երթալն էր, որովհետև ընդհանրապես ծանոթ, բարեկամներ չունեի Հայաստանի մեջ: Մտքիս ծայրը կար, որ երթամ, հաստատ մնալու եմ, բայց ընտանիքս չգիտեր այդ մասին: Երբ կամավոր աշխատեցա, գործի առաջարկ եկավ, և այդպիսով մնացի:
– Եկար հայրենիք Լիբանանի «վատ» կյանքի պատճառո՞վ, թե՞ հայրենիքի կանչն էր ուժեղ:
– Երկուսը: Լիբանանի մեջ զգացի, որ ամեն ինչը շատ նույնանման է, կյանքս ամեն օր նույնն էր: Շատ ընկճված էի, կուզեի բացվել, հանգիստ տեղս չէի գտնել Լիբանանի մեջ: Անշուշտ, նախընտրեցի հայրենիք, քան Եվրոպայի մի երկիր մը: Միանգամից փոխվեց ամեն ինչ, նույնիսկ՝ բնավորությունս: Լիբանանում շատ կամաչեի, բայց երբ Հայաստան եկա, սկսա մենակ ու ինքնագլուխ ապրիլ և այդպիսով առաջ գնացի:
– Այդ առումով շատ լավ եմ հասկանում քեզ, որովհետև ես էլ արդեն մի քանի տարի է՝ ծնողներիցս հեռու եմ ապրում: Ինքնուրույնությունը, բնավորության փոփոխությունը ես էլ եմ զգացել…
-Այո՛, շա՜տ կփոփոխվի: Լիբանանում նույնիսկ կամաչեի խանութ մտնեի, մամայիս կըսեի՝ չէ՛, մամ, դու մտիր: Գումարը, որ ամսական կհավաքիս, էսքան տան վարձ պիտի տաս, էսքան ուտելիք, էսքան տրանսպորտ…շատ-շատ լավ փորձ էր:
– Գիտեմ, որ խաչքարագործ դառնալու միտքը պատահական է ծնվել, կպատմե՞ս ինչ զգացիր այն պահին, երբ փողոցում քայլելիս հանդիպեցիր խաչքարագործների ու որոշեցիր փորձել:
– Ես Գյումրի էի կամավոր, շաբաթվա վերջ իրավունք ունեինք Երևան գնալ: Ընկերներս ըսին՝ Նարինե՛, եկո՛ւր իջնենք: Ես չուզելով գնացի: Մեր վարձած տունը արվեստանոցի դիմացի շենքն էր, վերջին օրը տնից դուրս եկանք, տեսա արվեստանոցը, չեմ գիտեր ինչ զգացի: Կարծես երկնքից մի հատըմ ուժեղ լույս մը եկավ արվեստանոցի վրա: Կեցա մի քանի րոպե, զգացի, որ իմս է: Կը սիրեմ ձեռքի գործը, գործիքները, փոշին… միանգամից ըսի, որ ես հաստատ պիտի գամ այստեղ: Հետո նայեցա, որ աղջիկ չկա, մտքիս մեջ ըսեցի՝ լավ, ինչի՞ աղջիկ չկա, թեկուզ աղջիկ եմ, պիտի երթամ, սովորեմ: Անկե առաջ դպրոցում խաչքարերի մասին կսովորեինք, շատ կան խաչքարեր Երևանում, կտեսնեի, կասեի՝ հա, ինչ անուշիկ են, բայց շատ կողքից կանցնեի՝ առանց մեծ ուշադրության:
– Այսինքն՝ քեզ գրավել է ոչ թե վերջնական տեսքը, ինչը սովորաբար լինում է, այլ հենց աշխատանքի ընթացքը:
-Այո՛, հոն սկսա հասկնալ՝ ինչ ըսել է խաչքար:
– Երբ մոտեցար ու հարցրիր՝ կարո՞ղ եմ փորձել, տղա խաչքարագործները չզարմացա՞ն:
– Միանգամից իմ վարպետը մոտեցավ, հարցրի, պատասխանը շա՜տ դրական էր: Իրենք ահագին զբաղված էին, ես ալ Գյումրի կամավոր էի, չէի կըրնալ էդ ժամանակահատվածում գայի, սովորեի: Երևան գալուս առաջին օրը գնացի արվեստանոց, նորեն շատ զբաղված էին, 1-2 ամիս ձգձգվեցավ: Միշտ կերթայի, վարպետն էնտեղ չէր, մի պահ հույսս կտրեցի: Հետո պատահմամբ վարպետիս տեսա, ըսի՝ ես քեզանից նեղվել եմ, ըսեց՝ վաղն արի: Ադ ալ պատահմամբ էր:
– Հետաքրքիր է պատահականությունների շղթան… Գիտեմ, որ ծնողներդ զարմացել էին (մայրիկդ նույնիսկ ասել է՝ տղայի գործ է): Այս ընթացքում վերաբերմունքը ինչպե՞ս է փոխվել:
– Սկզբից զարմացա, որ այդպես ըսավ. Լիբանան աղջիկ-տղու բաժանումը չկար, բայց երևի այստեղ կա: Երբ կը սորվեի, շատ ուրախ էր, բայց երբ ըսի, որ մամ, պիտի փոխեմ գործս, ըսավ՝ Նարինե, այդ ծանր գործը, պիտի հոգնիս… քու գործը չէ, տղու գործ է: Հետո տեսավ, որ ուրախ եմ, հեռուստացույցով շատ ելա (ծիծաղում ենք.-հեղ.), հպարտացավ ու համոզվեցավ:
– Փաստորեն Լիբանանում բաժանում չկա, աղջիկները կարող են ունենալ «ոչ աղջկական» աշխատանք:
– Հա,՛ շատ նորմալ է: Ես սկաուտ եղած եմ, խտրություն չկա:
– Նարինե՛, ի՞նչ խորհուրդ կտաս աղջիկներին, որոնք իրենց սիրելի մասնագիտությունը չեն ընտրում՝ համարելով «ոչ աղջկական»:
– Ես հեչ մեկ խնդիր չեմ տեսներ, հիմա իմ արվեստանոցով կուզեմ քաջալերել քաղաքի աղջիկներուն, որ չամաչեն, անպայման գան, փորձեն, ցույց տան, որ իրենք ամեն ինչ կըրնան ընել: Հոս ծնողներն ալ շատ կազդեն, ծնողքը կըսեն՝ վայ, աղջիկ ես, չես կըրնար քանդակագործություն սովորել: Պետք է ընտրությունը մնա անհատին, որպեսզի սիրով ընե, եթե չէ, անիմաստ է:
– Կա կարծիք, որ աղջիկներն իրար նախանձում են, այդ թվում՝ աշխատավայրում: Այս առումով, կարծես, անհանգստանալու կարիք չունես, որովհետև չունես մրցակիցներ:
– Հա՛, բայց իրականում շատ կուրախանամ, երբ տեսնեմ աղջիկ խաչքարագործ: Կմտածեմ, որ լավ օրինակ ծառայեցի: Մրցակցություն թող ըլլա, որովհետև վատ մրցակցությունն ալ, ի վերջո, լավ արդյունքի կհասցնի:
– Ինչո՞վ է տարբերվում քո ու տղաների աշխատանքը:
– Գործիքներ ես ընդհանրապես չեմ օգտագործել, միայն հատիչ, զուբիլ ու մուրճ: Մնացած գործիքներով ավելի շատ բան կարելի է ստանալ, բայց պիտի ձեռքի աշխատանք ըլլա: Իմ վարպետն ալ միշտ ձեռքով կաշխատի:
– Քո աշխատանքում ինչի՞ց է պետք զգուշանալ:
– Մենակ բանը, որ կը վախենամ, էն է, որ շատ մտքերով ըլլամ, քարը կջարդեմ, պետք է 100% կենտրոնանամ:
– Առհասարակ, ո՞ր դեպքում չի ստացվում կենտրոնանալ:
– Դժվար հարց է (ժպտում է.- հեղ.)… Ես ընդհանրապես կենտրոնացում չունիմ, շատ մտքերով կըլլամ: Էնպես չէ, որ մենակ ուրախության ժամանակս կաշխատիմ, կուզեմ ամեն տեսակ էմոցիաս դնեմ գործիս մեջ:
– Այդ պահերին ինչպե՞ս է օգնում քանդակելը, լիցքաթափվու՞մ ես:
– Հա՛, շատ, նույնիսկ, որ տխուր ըլլամ, կերթամ արվեստանոց, կաշխատիմ, որպեսզի մոռանամ այդ ամեն ինչը:
– Վստահ եմ՝ գիտես, որ 2010թ.-ից խաչքարագործությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում է: Ստացվում է՝ դու ստեղծում ես համաշխարհային մշակույթի ժառանգություն: Ի՞նչ է տալիս այս միտքը քեզ:
– Հատուկ գաղափարով չէ, որ մոտիվացիաս պիտի ստանամ, ասի մեր պարտականությունն է. եթե ես չանեմ, ուրիշն անպայման պիտի անե, բայց ինչի ոչ ես: Մենք պարտավոր ենք պահպաել մեր մշակույթը:
– Հնում խաչքարերը ներկում էին. դու նախընտրու՞մ ես այդ տարբերակը, թե՞ քեզ ավելի շատ դուր է գալիս քարի բնական գույնը:
– Բնական գույնը: Կան խաչքարագործներ, որ վերջավորության գործին կլաքապատեն, նույնիսկ այդ չեմ սիրել, կը սիրեմ բնական տուֆը:
– Որքա՞ն ժամանակ է պահանջվում խաչքար ստանալու համար:
– Հիմա խաչքար կընեմ, որը սկսել եմ մի քանի ամիս առաջ, բայց բավական ընդհատումներով եմ աշխատել: Արդեն կեսը հասել եմ 15 աշխատանքային օրում: 2 ամիս ամեն օր աշխատելու դեպքում կըրնամ ավարտիմ: Եթե գործիքներ օգտագործեի, ավելի շուտ կավարտեի:
– Խաչքարերի վրա քանդակված պատկերներն ունեն իրենց իմաստը: Ի՞նչ ես դու հիմնականում պատկերում, և ի՞նչ նշանակություն ունեն դրանք:
– Նախքան ուսումնասիրելս, խաչքարագործության մասին կարդալս, գիտեի միայն հիմնական բաները, կընեի բուսական պատկերներ, կնայեի գեղեցկությանը: Բայց հիմա, որ կարդում եմ, հասկցա, որ ուրիշ աշխարհ է: Հաջորդ խաչքարը որ ընեմ, շատ ավելի մանրամասն ու մտածված կընեմ:
– Մենք ակամայից եկանք այն մտքին, որ մասնագիտության համար պետք է հիմք, կրթություն, որ կարողանաս ստեղծել ճիշտ ու ավելի արժեքավոր աշխատանք, թեև շատերը հակառակն են պնդում:
– Այո՛, որովհետև մարդիկ գեղեցկությանը կնային, չհասկցողը կըսե՝ ինչ անուշիկ է, բայց հասկացողը պիտի մեջը փնտրե իմաստ: Ես կնախընտրեմ, որ իմաստ ունենա և միաժամանակ գեղեցիկ ըլլա:
– Մեր օրերում, հինը պահպանելու համար հաճախ այն համադրում, միքսում են նորի հետ: Ո՞ր տարբերակին ես կողմ, դու ինչպե՞ս ես աշխատում:
– Ես հիմա դեռ իմ ոճը գտած չեմ, կանեմ դասական ձևը, քանի որ առաջին խաչքարս է, որ լրիվ մենակ կանեմ, նախկինում վարպետիս հետ եմ արել: Հիմա, որ գիտեմ հերթականությունը, կուզեմ ավելի նոր ոճ ընեմ, բայց անշուշտ հինը պահելով:
– Նարինե՛, քարը բնավորություն ունի՞:
– Այո՛ (ծիծաղում է.- հեղ.), հաստատ ունի, կան կոշտ քարեր, որ հետը չես կարա խոսաս, կան շատ նուրբ քարեր, որ կարողա պստիկ բանից նեղանա:
– Հետաքրքիր է՝ ո՞ր քարերն են կամակոր, որո՞նց հետ ես դժվար լեզու գտնում:
– Կարմիրը, սևերը սարթ (կոպիտ) են, բայց, դժբախտաբար, ես միշտ կսիրեմ մուգ գույնի վրա աշխատիմ: Սևի փափուկներն ալ կան, բայց շատ քիչ կը պատահի: Հիմա կաշխատիմ սրճագույնի վրա, շատ լավն է՝ ոչ փափուկ է, ոչ կարծր է:
– Ճարտարապետ-դիզայներ ես: Ինչպե՞ս է օգնում առաջին մասնագիտությունը երկրորդին:
-Աչքի չափը, նկարչությունը շատ օգնեցին… Չեմ սիրե թղթի վրա նկարեմ, հետո քանդակեմ, ամեն ինչը սիրում եմ ձեռքով ընել:
– Գիտեմ, որ խաչքարագործությունը սկզբում քեզ համար հոբբի էր, իսկ հիմա նաև գումար ես աշխատում: Գո՞հ ես, բավականացնու՞մ է:
– Արամի փողոց, որ կաշխատեի, ամեն ամիս փող կստանայի, բայց հիմի, որ իմ արվեստանոցն ունիմ, խաչքարով չէ, որ գումար կվաստակիմ, այլ մանր-մունր գործերով, օրինակ՝ տուֆից սառնարանի մագնիսներ կամ այլ իրեր պատրաստելով: Խաչքարը չեմ ուզեր բիզնեսի վերածվի, որովհետև ինչի մեջ բիզնես կա, վերջավորության համը կկորի:
– Ի՞նչ է փոխվել խաչքարագործ Նարինեի կյանքում նշանվելուց հետո՝ բացի Գյումրի տեղափոխվելուց:
– Մեջս մոտիվացիան ավելի շատացել է: Նշանածս ինձ շատ կը քաջալերե, կօգնե, ինքը, որ խաչքարագործությունից հեռու է, կգա, հետս կաշխատի:
– Կամավորական աշխատանքի համար եկար Գյումրի, հետո Երևանում ծանոթացար ու նշանվեցիր գյումրեցու հետ: Կարծես Գյումրին ճակատագրական է քեզ համար…
– Երբ կամավոր եկա Գյումրի, միայն գիտեի, որ քաղաք է, ուրիշ բան չգիտեի: Երեք ամիս հետո չուզելով գնացի Երևան: Աստված ծրագրած էր Գյումրին:
– Ստացվում է՝ հայրենիքը քեզ տվեց նոր մասնագիտություն, իսկ այդ մասնագիտությունը՝ կողակից, որովհետև Ժորայի հետ ծանոթացել ես խաչքարի մասին քննարկումների ժամանակ: Այսինքն՝ Ժորային սովորեցրել ես խաչքարագործության արվեստը:
-Այո՛:
– Ի՛նչ հպարտությամբ ասացիր՝ այո՛ (ծիծաղում ենք.- հեղ.):
– Իրա մեջ ալ կար հետաքրքրությունը, կուզեր սովորել, օգնել:
– Հարցազրույցներում նշում ես, որ Ժորան միշտ օգնում է քեզ, իսկ դու հասցնո՞ւմ ես օգնել նրան: (Ժորան 2016թ.-ին զոհված Տ. Աբգարյանի եղբայրն է, «Տիգրան Աբգարյան» ակումբի հիմնադիրն ու ղեկավարը.- հեղ.):
– 75%-ով նրա հետ եմ: Տավուշի դեպքերի ժամանակ հետը ավտոն նստած գնացել եմ, մենակ չեմ թողել: Կարողա ֆիզիկապես չի կըրնամ օգնել, բայց միշտ իրա հետ կըլլամ, որպեսզի իմանա, որ ես իր կողքին եմ: Պիտի միշտ իրար կողք կողքի ըլլանք, որպեսզի մեր գործերը հաջողության հասնին:
– Հիմա Գյումրիում ես ապրում: Ինչպիսի՞ն է կյանքը, ի՞նչ դժվարություններ կան:
– Բավական տարբեր է Լիբանանի, Երևանի և Գյումրիի կյանքը: Իմ բնավորությունը շատ ավելի հանգիստ է, ադոր համար Գյումրին ավելի հարազատ է ինձ: Դժվարություններ կան մտածելակերպի հետ կապված, բայց ոչ մեր ընտանիքի մեջ: Կարևորություն չեմ տա մյուսների կարծիքին, առօրյաս կապրիմ:
– Ինչպե՞ս արձագանքեց Ժորայի ընտանիքը խաչքարագործ լինելուդ փաստին:
– Չգիտեմ (ծիծաղում է.- հեղ.), միայն գիտեմ, որ ուրախ են: Իրենք ալ կօգնեն, եթե արվեստանոցում բան մը պակաս է, շուտ կփորձեն հասցնեն, դասավորեն: Թեկուզ մինչև ուշ ժամի կաշխատիմ, կուգան, կհարցնին ՝ ամեն ինչ լա՞վ է: 4 կողմով ինձ օգնում են:
– Երջանիկ մարդ ես…
– Հա՜, կըրնամ ըսել՝ հա՛ (ժպտում է.-հեղ.):
– Լինու՞մ են պահեր, երբ Ժորայի, նրա ընտանիքի հետ չեք հասկանում իրար՝ լեզվի պատճառով:
– Ես՝ չէ, բայց իրանք՝ հա: Սկիզբը արևմտահայերեն կխոսեի, հետո սովորեցի արևելահայերեն, բայց ասեցին, որ արևմտահայերեն խոսիմ, որովհետև շատ ավելի անուշ է: Արևմտահեյերենը Գյումրիի բարբառին շատ մոտ է, խնդիր չունիմ լեզվի:
– Ես էլ դա էի մտածում, գիտե՛ս: Պատերազմի ընթացքում կամավորական աշխատանքներին զուգահետ նաև արվեստանոցում էիր աշխատում: Ինչպե՞ս էր ստացվում կենտրոնանալ:
– Աս գործն ալ հավասարապես կարևոր է. աս մտքով կաշխատեի: Երբ լսես, որ Արցախում ազերիերը խաչքար ջարդեցին, կը մտածես, որ հա, մեկը ջարդեցին, ես տեղը հազարը պիտի սարքեմ: Էդ քանի ամսվա մեջ 1-2 օր նորմալ աշխատած եմ, բայց 10 օրվա չափ առաջ է գնացել գործս: Տարածքները հանձնելուց հետո խաչքարերի փրկության համար առաջին վազողներից էինք, հաջողվեց փրկել մի քանիսը: Մեջս գոնե 1%-ով հանգստացել էր:
-Հետաքրքիր է՝ խաչքարերը պղծելու, ջարդելու մասին կարդալիս ի՞նչ էիր զգում:
– Ընդհանրապես լուրերը շատ չէի հետևի, կփորձեի հեռու մնայի: Մի բան հաստատ է. նույնիսկ եթե խաչքարը ջարդեցին, խաչքարի էներգիան տակավին հոն է՝ կիլոմետրերով տարածված:
– Քո պատասխանն արդեն պարզ է, բայց պատերազմից, կորուստներից հետո գնա՞լ, թե՞ մնալ հայրենիքում:
– Հաստատ մնալ, ավելի լավ է ներկային աշխատինք, կարողանանք մեր հիմիկվանը պահենք մեր հաջորդ սերունդին, քան թե հաջորդ սերունդին ոչ մի բան չմնա:
– Իսկ ծնողներդ միտք ունե՞ն հայրենիք գալու:
– Մինչև պատերազմը համոզված էին, որ գալու են, պատերազմը որ եղավ, պապաս ըսավ, որ ինքը չի գար, բայց կսկսե հակառակը մտածել:
– Ինչպիսի՞ն կլինի քո կյանքը հինգ տարի անց:
– Ինչքան կարամ խաչքարերը շատացնեմ, կուզեմ տուրիստների հետ աշխատիմ, որ Գյումրին դառնա տուրիստական կենտրոն, որովհետև շատ հարուստ է մշակույթով: Կուզեմ դասեր բացեմ, որպեսզի քաղաքի երեխեքը կարողանան մասնակցին:
Լիլիթ Մկրտչյան
4-րդ կուրս