Պատերազմը զգում ես, պատերազմը բառ չէ

Պատերազմը զգում ես, պատերազմը բառ չէ

704

Մեր հերոսը տասնիննամյա Աննա Խաչատրյանն է Տավուշի  մարզի Տավուշ գյուղից։  Այսօր՝ հուլիսյան մարտերից  յոթ ամիս անց, պատմում է տեսածի և զգացածի մասին։

-Ինչպե՞ս Ձեզ համար սկսվեցին հուլիսյան մարտերը:

-Հուլիսը հիշելը ինձ համար շատ դժվար է, որովհետև այդ ժամանակ ես տեսա կյանքիս առաջին պատերազմը։ Հուլիսի 12-ի առավոտը նախօրդ օրերի նման չբացվեց։ Այդ օրը սկսվեց հրետակոծության ձայներով և դղրդյուններով։ Երբ միանգամից ականջիդ են հասնում «պատերազմ է» շշուկները, դու արդեն սկսում ես անհանգստանալ, մտածել՝ ինչպես կարող ես փրկել ոչ թե քո կյանքը, այլ՝ հարազատիդ։ Միևնույն է, նույնիսկ այդ օրերին մենք միտք չունեինք գյուղից հեռանալու, երբ զինվորը շրջվի ու տեսնի՝ մեր տների լույսերը վառվում են, նա ավելի ամուր կկանգնի սահմանին և կգիտակցի, որ իր պահած անառիկ սահմանների շնորհիվ մենք այստեղ շարունակում ենք ապրել։

-Դուք պատսպարվում էիք գյուղում գտնվող մեծ քարի տակ, որտեղ նաև 80-90 ական թվականներին պատսպարվել էին գյուղի կանայք և մեծահասակները։ Ուզում եմ հասկանալ՝ գյուղում ապաստարան չկա,՞ թե՞, այնուամենայնիվ, քարի տակ ավելի ապահով է։

-Մենք պատսպարվում էինք գյուղում գտնվող մեծ քարի տակ, որը նաև 90-ականներին էր ծառայել գյուղի բնակիչներին։ Այստեղ կա մեկ ապաստարան, դա մեր տնից շատ հեռու է գտնվում։ Ամեն եկող արկի հետ չենք կարող վազել այնտեղ, որովհետև չգիտենք, թե ճանապարհի կեսին ինչ կարող է պատահել մեզ։ Գիտակցում էինք՝ թեև քարի տակ ապահով չէ, բայց այն, որ մենք միասն ենք, միասնական ենք, մեզ ուժ էր տալիս։

-Դուք այդտեղից սկսեցիք զրույցների շարք անել, անվանելով՝ «Զրույցներ քարի տակից», նաև լուսանակրներ էիք հրապարակում՝ ցույց տալով մյուսներին, որ հրետակոծության տակ մարդիկ շարունակում են մնալ իրենց տեղերում և զբաղվել առօրյա գործերով։ Ի՞նչպես ծագեց միտքը, և արդյո՞ք ժուռնալիստիկայի ֆակուլտետում սովորելը օգնեց Ձեզ այդ գործում։

-Ես այդ օրերին ոչ թե ուղղակի գյուղի մարդ էի ինձ համարում, այլ՝ լրագրող, ով գրի էր առնում բոլորի ասածները  ու դա զրույցների տեսքով ներկայացնում էր ընթերցողներին։ Բավականին մեծ շրջանակ կար մարդկանց, որ ընթերցում էր իմ գրածները, ու դա ինձ շատ էր ոգևորում։ Բացի պատմությունների շարքից, ես, ինչպես Դուք նշեցիք, ներկայացնում էի ֆոտոներ, թե ինչպես են մարդիկ արարում հրետակոծության տակ։ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում սովորելը ինձ շատ օգնեց, թե՛ գրելու, թե՛ լուսանկարելու հարցում։ Այն գիտելիքը, որը ինձ տվել էր ֆակուլտետը մեկ տարվա ընթացքում, այդ օրերին օգտագործեցի և ինչու ոչ՝ կատարելոգործեցի։

-Ի՞նչ է պատերազմը Ձեզ համար։

-Երբ ընդհատվում են ջահել կայնքեր, ու այդ կյանքերի տերերը քո հասակակիցներն են, մտերիմները, կամ ընկերները։ Երբ մարդիկ կորցնում են իրենց տները, կամ ավելի վատ՝ հայրենիքից մի հատված։(Լռում է,- հեղ․) Չէ՛, պատերազմը բառերով չեմ կարող նկարագրել, երևի պետք է ուղղակի զգալ, պատերազմը զգում են։

-Իսկ ինչպե՞ս կնկարագրեիք տավուշեցուն:

-(Ժպտում է,- հեղ․) Ես այնքան եմ հպարտանում, երբ ինձ հարցնում են՝ որտեղի՞ց ես, ես հպարտ-հպարտ, բարձր գլխով պատասխանում եմ, որ Տավուշից եմ։ Այստեղ ապրելը իսկապես հպարտություն է։ Ինչու չէ, նաև գլուխ գովալու է, երբ ասում եմ, որ  մեծացել եմ սահմանում՝ հրետակոծության տակ։ Տավուշեցին բնավորությամբ ու էությամբ անվախ ու հպարտ է։ Ես ու իմ շրջապատում բոլորն այդպիսին ենք։

-Ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում Հուլիսյան մարտերից հետո։

-Նախքան դա, ես չգիտեի, որ այս չափ սիրում եմ իմ ծննդավայրը, իմ սահմանը։ Հուլիսյանից հետո, հենց դա փոխվեց․ հասկացա, որ սիրում եմ Տավուշը և ես պետք է ապրեմ այստեղ. իմ ամբողջ նպատակները հենց այստեղի հետ են կապված։

-Երեք պատճառ՝ ի՞նչու եք սիրում Տավուշը։

– (Մտածում է․- հեղ․) Իրականում, Տավուշը սիրելու հազարավոր պատճառներ կան, ու դժվար է առանձնացնել հենց երեքը։ Երևի թե,  կսկսեմ բնությունից։ Ով տեսնում է այստեղի բնությունը առաջին անգամ, այլևս չի ուզում հեռանալ այս մաքուր օդից, սարերից ու անտառներից։  Երկրորդը՝ ուտելիքները։  Դրանք անմահական համ ունեն, իմ ամենասիրելին Սալին է, որը ամենաշատը մեր շրջանում տարածում ունի։ Երրորդ պատճառը՝ հյուրասեր ու անմիջական մարդիկ են։ Նարանք օգնում են յուրաքանչյուրին և հյուրասիրում տավուշյան բարիքներով։

Լիա Ավագյան

3-րդ կուրս

Կիսվել