Որքանո՞վ է պատերազմը ազդել ՀՀ քաղաքացիների անվտանգության զգացողության վրա

Որքանո՞վ է պատերազմը ազդել ՀՀ քաղաքացիների անվտանգության զգացողության վրա

797

Պատերազմից հետո, երբ թվում էր, թե վատ նորությունների ու դժբախտությունների շարանն ավարտված է, ամեն օր ի հայտ են գալիս տեղեկություններ գերեվարված անձանց, գրավված, հանձնված գյուղերի, բնակավայրերի մասին՝ այդ թվում ՀՀ տարածքից։ Այս լուրերի մեծ մասը իրականությանը չի համապատասխանում, բայց դրանք անհանգստության եւ տագնապի զգացումներ են առաջացնում, ինչպես այդ բնակավայրերում, կամ դրանց մերձակայքում գտնվող բնակչության, այնպես էլ դրանցից բավական հեռու գտնվողների մոտ։ Նոյեմբերի 10-ի  հայտարարությունից հետո ձեւավորվեց նոր ստատուս-քվո ոչ միայն Արցախում, այլև Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Վարդենիս-Քելբաջար, Վայոց Ձոր-Քելբաջար, Գորիս-Լաչին/Կուբաթլու, Կապան/Մեղրի-Զանգելան հատվածներում: Որոշ բնակավայրեր դարձան սահմանամերձ։ Չնայած ամեն օր ստացվող վատ նորություններին, որոնք հաճախ խուճապ են առաջացնում հասարակության մոտ, մարդիկ ապրել եւ շարունակում են ապրել իրենց բնկավայրերում՝ անտեսելով վախն ու անհագսըությունը։

Տավուշի մարզի սահմանապահ Բերդավան համայնքում բնակվող Ասպրամ Փարսադանյանը, որ արդեն 22 տարի է՝ ապրում է իր հայրենի Բերդավանում, նշում է՝ գյուղում  վախի ու անհանգստության զգացումներ առաջանում են հիմնականում կոնկրետ դեպքերից հետո.

«Իմ գյուղ Բերդավանը Ադրբեջանի հետ սահմանից 2 կմ է հեռու։ Ռազմական գործողություններ կամ կրակոցներ, եթե չասեմ՝ ամեն օր, ապա շատ հաճախ են լինում։ Մենք հիմնականում սովոր ենք կրակոցներին։ Եղել են նաեւ դեպքեր, երբ ռմբակոծություններ են եղել խաղաղ բնակչության ուղղությամբ, 2015-ին էլ երկու կին է զոհվել ռմբակոծությունից։ Բնականաբար, որպես մարդ անհնար է, որ այս դեպքերը չազդեն էմոցիաների վրա։ Վախի, անհանգստության զգացումներ լինում են ոչ միայն սեփական անձի հանդեպ, այլեւ հարազատների, համագյուղացիների համար»։

Ասպրամի խոսքով՝ գյուղում խուճապային տրամադրություններ ստեղծվել են նաեւ 2018–ին՝ իրենց համագյուղացու՝ Կարեն Ղազարյանի գերեվարումից հետո, ով դեկտեմբերի 15-ին  ադրբեջանական կողմից Հայաստանին հանձնվեց, քանի որ հայկական կողմին էին հանձնվում ոչ միայն Արցախի վերջին պատերազմում գերի ընկած զինծառայողներին ու քաղաքացիական անձինք, այլև նրանք, որ գերության մեջ էին հայտնվել վերջին սրացումից տարիներ առաջ։

Վախի եւ անհանգստության զգացում ունենում են, ասում է Ասպրամը, բայց պատրաստ են, որ մի ամենասովորական խաղաղ օրը հանկարծ կարող է փոխարինվել կրակոցներով կամ ռմբակոծությամբ.

«Իհարկե կան տարածքներ, որտեղ սովորականից ավելի զգուշավոր է պետք լինել, քանի որ դիտարկելի տարածքներ են։ Ընդհանուր առմամբ, սահմանամերձ գյուղում ապրելն, իմ կարծիքով, այնքան էլ արտասովոր կամ սարսափ առաջացնող պրոցես չէ։ Սահմանին մոտ գտնվելով էլ մարդիկ աշխատում եւ արարում են, հողագործությամբ են զբաղվում, բայց իհարկե, վտանգի դեպքում բոլորը գիտեն՝ ինչ անել»։

Հարցին, թե ինչ տրամադրություններ են տիրում գյուղում պատերազմից հետո, մեր զրուղակիցը պատասխանում է.

«Պատերազմի ընացքում կամ դրանից հետո մեր տարածքում լայնածավալ ռազմական գործողություններ չեն եղել, ինչը եւ նպաստել է որոշակի հանգսության։ Բայց, բանկանաբար, երբ  գիտես, որ սահմանի մյուս կողմում ռազմական գործողություններ են, այս կողմում չես կարող հանգիստ լինել»-, պատասխանում է նա՝ հավելելով, որ մարդիկ, ովքեր փոքրահասակ երեխաներ են ունեցել, ժամանակավորապես լքել են գյուղը՝ տեղափոխվելով ավելի ապահով տեղ, իսկ նրանք, որ մնացել են, ապահովության համար, օրինակ, բարելավել են ապաստարանները, անհրաժեշտ իրեր են տեղափոխել այնտեղ.

«Չեմ կարող ասել, որ պատերազմից հետո շատ բան է փոխվել, որովհետեւ դրանից առաջ էլ, երբ ամառվա ընթացքում ռազմական գործողություններ էին տեղի ունենում Տավուշում, վախեր կային, բայց դրանք խուճապի չէին վերածվում»։

Սահմանապահ գյուղի բնակիչ Ասպրամն ասում է՝ սովորական ժամանակ էլ մարդիկ ունենում են վախի, անհանգստության զգացումներ՝ մանավանդ երիտասարդները, դեռահասները։ Շատ հաձախ էլ վախերը դրսեւորվում են գյուղը լքելով։

«Եղել են դեպքեր, որ գյուղի ռմբակոշության ժամանակ ես, ընտանիքս, գյուղում շատերը կարճ ժամանակով լքել ենք գյուղը՝ տարհանվել, ինչը նորմալ է։ Գյուղի մեծ մասի վերաբերյալ շատ բան ասել չեմ կարող, բայց  չեմ կարծում, որ մեր գյուղում՝ բնակիչների գյուղը լքելու դեպքերը տարածված են։ Գյուղը փոքրերից չէ, գյուղից դուրս մշտական բնակություն հաստատողների շատ չգիտեմ։ Գյուղը ծերացողներից էլ չէ, նույնիսկ ուսանողները Երեւանում կրթություն ստանալուց հետո վերադառնում են։ Շատերը պատրաստ են մերժել Երեւանում առաջարկվող լավ աշխատանքները, վերադառնալ գյուղ՝ միայն խաղախության պայմանով»,– ասում է Ասպրամը՝ ընդգծելով, որ կարիք չկա ծայրահեղացնել սահմանին ապրող մարդկանց կարգավիճակը, բայց չի էլ կարելի ասել, որ հեշտ է։

Պարզելու համար, թե ՀՀ քաղաքացիների որ մասն է իրեն անվտանգ զգում պատերազմից հետո Հայաստանում, որոշեցինք իրականացնել առցանց հարցում։ Հարցման մասնակիցների 60 տոկոսը, չնայած պատերազմից առաջ ՀՀ–ում իրեն բավարար անվտանգ էին զգում, ապա դրա ընթացքում եւ դրանից հետո իրենց անվտանգ չեն զգում իրենց բնակավայրերում։

Պատճառը, թե ինչու է առաջանում վտանգված լինելու զգացումը, հարցմանը մասնակցածների 50 տոկոսը պատասխանել է, որ այն արդյունքն է պատերազմից հետո տեղի ունեցող սահմանային փոփոխությունների։ 30 տոկոսի մոտ անվտանգության զգացումը բացակայում է՝ պայմանավորված երկրում տեղի ունեցով բողոքի ակցիաներով։

Չնայած այս հանգամանքին՝ ՀՀ քաղաքացիների 50 տոկոսը չի պատրաստվում լքել իր բնակավայրը, քանի որ իր համար վախի զգացումից ավելի կարեւոր է հայրենի բնակավայրում մնալը։ 20 տոկոսը չի պատրասվում լքել այն, քանի որ ապահով է զգում իրեն իր բնակավայրում։

Հետաքրքականն այն է, որ պատերազմից հետո տեղի ունեցող սահմանային փոփոխությունները անվտանգության զգացման բացակայության պատճառ են հանդիսանում նաեւ այնպիսի բնակավայերում, որոնք բավականին հեռու են սահմաններից՝ օրինակ Երեւան, Կոտայք։

Հոգեբան Ամալյա Հարությունյանի կարծիքով՝ մարդկանց մոտ կարող է առաջանալ վախի, տագնապի զգացում նույնիսկ իրական սպառնալիքի բացակայության դեպքում.

«Իրական սպառնալիք ասվածն էլ հարաբերական է, քանի որ, երբ պետությունը պատերազմական իրավիճակում է, ենթադրվում է, որ մարդկային տարբեր խմբեր եւ ողջ հասարակությունը տարբեր կերպ ներգրավված է։ Պատերազմի ժամանակ կարեւոր պահանջմունքներից մեկը՝ անվտանգության պահանջմունքը խաթարվում է, քանի որ ապրում ես մի տարածքում, որն անվտանգ չէ, եւ այն վերաբերում է հենց քո ժողովրդին»։

Ամալյան ընդգծում է, որ ազգերն ունեն էթնիկ անգիտակցական կամ կոլեկտիվ անգիտակցական վիճակ։ Այդ ժամանակ ամբողջ ազգը անգիտակցական մակարդակում ունի նույն մտածողությունը.

«Սրա պատճառով է, որ այն ինչ կատարվում է ազգի մի մասի հետ, ազդում է նաեւ մյուսների վրա։ Այս հանգամանքով կարելի է բացատրել նաեւ ազգի՝ դժվարին իրավիճակներում համախմբվելու ունակությունը»։

Անդրադառնալով ամեն օր տարածվող կեղծ տեղեկություններին, հոգեբանը նշում է, որ կեղծ տեղեկությունները, մանիպուլյիացիաները հուզական ֆոնի վրա բավականին մեծ ազդեցություն են ունենում՝ ընդհուպ մինչեւ հոգեբանական խնդիրներ։ Ըստ նրա՝ սահմանամերձ գյուղերում բնակվողների համար սա կրկնակի ազդեցություն կարող է ունենալ, քանի որ նրանք պետք է առնչվեն դրան, կիզակետում նրանք են։

«Սահմանին մոտ ապրողները եղելությունը տեսնում են և լուրջ չեն վերաբերի կեղծ տեղեկություններին։ Իսկ նրանց մոտ, որ սահմանամերձ գյուղից են, բայց ոչ այնքան մոտ սահմանին, կամ ավելի քիչ են տեղեկացված, ապա կեղծ տեղեկություններին հավատալը կարող է առաջացնել սթրես, նաև՝ դեպրեսիա»։

Ըստ հոգեբանի՝ տեւական ժամանակ վախի զգացումով ապրելը կարող է առաջացնել հուզական խանգարումներ, մինչև անգամ անձնային խանգարումներ, նյարդաբանական, տրավմատիկ խանգարումներ, դեպրեսիաներ։

Հարցին, թե արդյոք տեւական ժամանակ վախի զգացումով ապրելը կարող է հանգեցնել նրան, որ մարդիկ հեռանան իրենց բնակավայրերից, հոգեբանը պատասխանում է.

«Անվտանգությունը մարդու կենսաբանական պահանջմունք է, որը հաճախ կապ չունի մտածողության, բանականության հետ, այն ավելի շատ բնազդ է, շատ հաճախ նույնիսկ չմտածված, չգիտակցված մարդիկ փորձում են ավելի անվտանգ տեղում հայտնվել», – ասում է հոգեբանը՝ ավելացնելով, որ վախի, վտանգված լինելու զգացումը շատ հաճախ կարող են հաղթահարվել նույնիսկ ոչ արդյունավետ միջոցներով, օրինակ նոր ցանկապատներ կառուցելով։ Սա անգիտակցական մղում է, որը արվում է՝ հույս առաջացնելով, որ մարդն անվտանգ է։ Վախի հիմնական դրսեւորումը լինում է սեփական բնակավայրը ավելի անվտանգ տեղանքով փոխարնելը։

Այսպիսով՝ առցանց հարցման արդյունքներից, սահմանամերձ գյուղի բնակչի, ինչպես նաեւ հոգեբանի հետ զրույցից կարելի է եզրահանգել, որ սահմանամերձ բնակավայրերում պատերազմից հետո հոգեբանական առումով շատ բան չի փոխվել, քանի որ մարդիկ սովոր են պայմաններին, նրանց մոտ տանգնապի, վախի զգացում առաջանում է կոնկրետ դեպքերից, կամ կեղծ տեղեկությունների տարածումից հետո։
Քանի որ ըստ հոգեբանի՝ ազգերին հատուկ է էթնիկ անգիտակցական կամ կոլեկտիվ անգիտակցական վիճակը, ապա արդարացված է նաեւ այն համանգամանքը, որ նույնիսկ իրական վտանգի բացակայության դեպքում մարդիկ չեն ունենում անվտանգության զգացում։ Ինչպես փաստում են հարցման արդյունքները, եւ ինչպես նշում է հոգեբանը, մարդկանց՝ տեւական վախի զգացում ունենալը կարող է հանգեցնել ոչ միայն հոգեբանական խաթարումների, այլեւ արտագաղթի կամ սեփական բնակավայրի փոփոխության:

Զարա Խաչատրյան

2-րդ կուրս

Կիսվել