Ճանաչենք մեր հերոսներին. Արգամ Սելիմյան

Ճանաչենք մեր հերոսներին. Արգամ Սելիմյան

1249

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու արդյուքում  քաջաբար զոհվել է Արգամ Սելիմյանը։  Արգամը ծնվել է 2001 թ.-ին Բազում գյուղում։ Սովորել է տեղի դպրոցում, ավարտելուց հետո մեկնել է զինվորական ծառայության։ Արգամը ծառայության է անցել Մեհրաբում։ 3 ամսվա զինծառայողը ինքնակամ մեկնել է կռվի դաշտ ու դարձել մերօրյա հերոսներից մեկը։

Հերոսի մասին զրուցել ենք քույրիկի՝ Մերիի հետ, ով ամենայն ջերմությամբ ու գորովանքով կիսվեց մեզ հետ հիշողություններով։

Քույրիկի խոսքով Արգամը չափից դուրս շփվող էր, երբեք ոչ մեկի վատը չի ցանկացել, ընկերասեր էր ու նվիրվող, ընկերների համար պատրաստ էր ամեն ինչի:

Արգամի ու Մերիի միջև տարիքային տարբերությունը ընդամենը մեկ տարի էր, սովորել են միևնույն դասարանում. «Ինքը միայն իմ Եղբայրը չէր, ինքը իմ ամեն ինչն էր։ Ես առանց նրա չէի կարողանում,  մանկապարտեզ գնացինք միասին,  ու մենք շատ կապված էինք, իր ստվերի տակ եմ ես միշտ եղել: Ամեն նկարում կամ գրկած, կամ ձեռքս ամուր բռնած է…»։

Արգամի հետ կապված հիշողությունները անցնում են Մերիի աչքերի առաջով, ու քույրը չի հավատում, որ դրանք էլ չեն կրկնվելու. «Վերջին զանգի օրը Արգամը աղջիկներին մեքենայով տարել էր գեղեցկության սրահ, հետո գնացել էր տորթը վերցրել:  Երբ պարզ դարձավ որ ոչինչ չի լինելու,  այդ ամողջ իրերը պիտի հանեինք դպրոցից: Բոլոր տղաները սպիտակ ու գեղեցիկ հագնված էին, մինչ այդ ամենը տարան, ամբողջությամբ ջուր ու ցեխ էին եղել՝ հատկապես Արգամը։ Ծիծաղելով ասում էր, որ այսքան յուրահատուկ վերջին զանգ չենք ունեցել։ Միարժամանակ տխուր ու երջանիկ օր էր»։

Հերոսը խիստ եղբայր է եղել, Մերիի խոսքով, եթե մի բան իր սրտով չլիներ, շատ էր բարկանում, բայց քույրիկին օգնել է ամեն հարցում։ Գյուղում բոլորը գիտեին՝ Արգամը Մերիի պաշտպանն էր ու հարազատ հոգին։

Հերոսը շատ նպատակասլաց էր, երբ բանակից գար, որոշել էր, որ պետք է սովորի։ Մեծ սեր ուներ մեքենաների նկատմամբ։

Մերին փաստում է՝ չնայած կարճ ժամանակ էր ինչ ծառայում էր, բայց շատ էր փոխվել։ Ընկերների հետ խոսելիս միշտ ասել է՝ ծառայությունը լավ բան է, անպայման պետք է ծառայել։

Արգամը մեծագույն սիրով է մեկնել ծառայության։ Երբեք ոչնչից չի դժգոհել։ Շփվող տղան կարճ ժամականում հասցրել էր շատ ընկերներ ձեռք բերել ու սիրվել բոլորի կողմից։

Մերին հիմա հիշում է եղբոր ամեն բառը ու հասկանում, որ Արգամը գիտակցաբար է զոհել իր կյանքը. «Մի անգամ առավոտը շատ շուտ զանգեց, կռիվը նոր էր սկսվել։ Երկար խոսեցինք,  ու  հեռվից գալով ասեց, որ գնումա Ղարաբաղ, ասեցի՝ բայց քեզ չեն տանելու, դու դեռ նոր ես գնացել։ Ասեց ՝ Մեր պիտի գնամ, սաղ լավ կլինի, տղերքին մահի բերան տարան, ես պիտի իրանց հետ լինեմ։ Էդ ժամանակ միայն ասեց՝ գնամ, հույս ունենանք, որ կգամ: Իր խոսքերից սկսեցի հուզվել, լաց եղա։ Ասեց՝ լավ, ինձ չգիդես, ախպերդ եմ էլի, հոգուդ հետ եմ խաղում, գալու եմ, բա ի՞նչ եմ անելու, էլ չլացես։ Ու դրա մասին ծնողներիս չասեցի, մեջս պահեցի ու ամեն օր հիշում էի»։

Արգամը միշտ Մերիին ասել է՝ չլացես, դու զինվորի քույր ես, պետք է միշտ հպարտ լինես։

Հիմա Մերին շատ հպարտ է, որովհետև հերոս եղբայրը շատերի կյանքն է փրկել, 4 անգամ կարողացել է դուրս գալ շրջափակումից։ Զանգել է տուն ու ասել. «Մենք վրեժ ունենք լուծելու, թուրքը չի մարսելու մեր տղերքի արյունը»։

Դեպքը եղել է հոկտեմբերի 29 -ին։ Վերջին անգամ զանգել է, իրեն բնորոշ ձևով հանգստացրել բոլորին, ասել է՝ ապահով տեղում եմ։ Ու, ինչպես մյուս դեպքերում, խոստացել է՝ էլի կզանգեմ…

«Եթե կարողանայի, նրան կասեի, որ կյանքիցս շատ եմ սիրում ու սպասում, որ գա էնքան բան ունեմ պատմելու։ Կասեի, որ ինքը իմ ամեն ինչն էր ու բաց թողեց ձեռքս, որը մինչ այդ ամուր բռնել էր։ Նա կյանքը ապրելու երազանքով հեռացավ մեզնից…»։

Նելլի Իգիթյան

2-րդ կուրս

Կիսվել