Ընտանեկան վեճերի, անհամաձայնության և բռնության կարող են հանգեցնել ինչպես զույգերի միջանձնային հարաբերությունները, այնպես էլ ֆինանսական և սոցիալական խնդիրները: Նման դեպքի զոհ էր դարձել նաև Անետան, ով ամուսնացել էր 2019թ.-ի աշնանը: Երջանիկ էր, ընտանիքում ջերմ մթնոլորտ: Ամեն ինչ փոխվեց ամուսնու` Տիգրանի աշխատանքից հեռացվելու օրից ի վեր: Ընտանիքում ապրում էին ամուսիններն ու Տիգրանի մայրը: Ինչ-ինչ հանգամանքներից ելնելով` տան միակ աշխատող ու ընտանիքի կերակրող ուժը այլևս գործազրկության մատնվեց: Սա մեկ ուրիշ խնդիր է, թե ինչ հանգամանքներից ելնելով կարող է գործատուն իր աշխատողին աշխատանքից անհիմն հեռացնել: Սակայն, այժմ կանդրադառնանք պատմության հաջորդ զարգացումներին: Չգտնելով իր համար հարմար աշխատանքի տարբերակ, ամուսինը իր մեջ կուտակված ամբողջ զայրույթը արտահայտում էր կնոջ վրա` պարբերաբար ծեծով, նվաստացմամբ ու հայհոյանք պարունակող խոսքերով: Տիգրանի մայրը, իրավիճակը համարելով որպես նրանց ընտանեկան վեճ, ընտրել էր չմիջամտելու տարբերակը: Անետայի դեմ կիրառվող պարբերաբար բռնության ու ճնշումների մասին ոչ ոք տեղյակ չէր լինում, բացի հարևաններից մեկի` Անուշի, ով պատահաբար, ուժեղ աղմուկի մեջ լսել էր Անետայի լացի ձայնը: Այնուհետև նույն հարևանուհու հորդորով Անետան դիմում է կանանց իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպություններից մեկին, որտեղ ըստ նրա` ճիշտ ու գրագետ մոտեցում ցուցաբերելով` կազմակերպության համապատասխան մասնագետների հետ համատեղ աշխատանք է իրականացնում: Որոշ ժամանակ անց Անետան իր մոտ հայտնաբերեց նաև հոգեբանական լուրջ խնդիրներ, ինչը մինչ այժմ փորձում է հաղթահարել հոգեբաններ օգնությամբ:
Նման խնդիրները մեր կողքին են, ամենուր, սակայն ոչ բոլորն են տեղեկացված իրենց իրավունքներից, և կանայք, կրելով իրենց վրա բռնության ծանր ու ցավոտ հետքերը` շարունակում են համակերպվել ու ապրել վերջիններիս հետ:
Ընտանեկան բռնության ենթարկված կանանց մոտ, ըստ հոգեբան Տիգրանուհի Աճեմյանի, կարող են առաջանալ անապահովության, անպաշտպանության և վախի զգացում, ինչպես նաև այնպիսի ֆիզիկական նշաններ, ինչպիսիք են տարատեսակ հոգեմարմնական ցավերը, գլխացավերը, ախորժակի ու քնի խանգարումները: «Սովորաբար ընտանեկան բռնությունը կրում է պարբերական բնույթ, սակայն, իրականում բացարձակ նշանակություն չունի բռնությունը տեղի է ունեցել մեկ, թե մի քանի անգամ։ Կանանց հետ սոցիալ-հոգեբանական աշխատանքում, թերևս, ամենակարևորը վստահությունն ու մասնագիտական գաղտնիքի պահպանման սկզբունքն է, որպեսզի ստեղծվի փոխվստահության մթնոլորտ, որ այն տեղեկատվությունը, որ կինը հայտնում է հոգեբանին` կմնա գաղտնի, իհարկե, բացառությամբ` կյանքին անմիջական վտանգ սպառնալու դեպքերի»: Հոգեբանը ընդգծեց, որ պակաս կարևոր չէ, որպեսզի հոգեբանը ոչ քննադատական վերաբերմունք ունենա կնոջ նկատմամբ, քանի որ բռնության հիմնական պատասխանատուն, այնուամենայնիվ, ինքը՝ բռնարարն է: Նման խնդիրների հետ սերտ աշխատում են ինչպես հոգեբանները, այնպես էլ սոցիալական աշխատողները, որոնք Անետայի դեպքում ևս շատ փոխեցին խնդրի զարգացումները: Ըստ սոցաշխատող Նարեկ Պողոսյանի, ընտանիքներում կանանց հանդեպ կիրառվող բռնությունը շատ հաճախ ծագում է սոցիալական պայմաններից` մասնավորապես ֆինանսական հարցերում ծագող վեճերից, ինչպես մեր հերոսի դեպքում էր. « Շատ են լինում նաև դեպքեր` կապված կին-ամուսին հարաբերությունների հետ` անվստահություն, անհավատարմություն, ատելության արմատացում, թշնամանք, ձանձրալիություն և այլն։ Նման դեպքերում մենք գործ ունենք ինչպես բռնության զոհի` կնոջ հետ, այլև բռնարարի`ամուսնու, 90% դեպքերում։ Նախ, պետք է հասկանալ տանը տիրող իրավիճակը, միջանձնային հարաբերություններն ու ընտանեկան մթնոլորտը։ Որից հետո մենք կկարողանանք իրականացնել մասնագիտական խորհրդատվություն, արդեն և´ բռնության ենթարկված կնոջ, և´ վերջինիս ամուսնու հետ»:
Ընտանեկան բռնության, իրավունքների խախտման և ոտնահարման համար առանձնակի կարևոր են օրենքների կիրառումն ու բռնություն կատարողի դատապարտումն ու համապատասխան պատիժը: Այստեղ հարց է առաջանում, թե բռնության ենթարկված կանանցից քանի տոկոսն է դիմում իրավապահ մարմինների օգնությունը: Ծովինար Կարապետյանը, ով հանդիսանում է «Victory time» իրավաբանական ընկերության փաստաբան, կարծում է, որ Հայաստանում ընտանեկան բռնությունների մասով վիճակագրությունը արդեն մտահոգիչ է. «Գուցե, խնդիրը կայանում է նրանում, որ եթե նախկինում ընտանեկան բռնության ենթարկված կանայք այս կամ այն պատճառով կամ չէին բողոքում դեպքերի առնչությամբ, կամ ներկայացված բողոքը հետ էին վերցնում, ինչի հետևանքով բռնության զոհերի վերաբերյալ տեղեկատվությունը մնում էր չբացահայտված և չհամակարգված, իսկ այսօր նրանք հաշվառվում են, ինչի արդյունքում լայն հասարակությունը ինֆորմացվում է, իսկ համապատասխան իրավապահ մարմինները հետամուտ են լինում դեպքերի բացահայտմանը: Հարկ եմ համարում ընդգծել, որ խնդրի հաղթահարման նպատակով անհրաժեշտ է նախ բարձրացնել ընտանեկան բռնության մասին իրազեկվածության մակարդակը: Պետությունը պետք է ծավալուն աջակցություն տրամադրի բռնության ենթարկված անձանց աջակցության ուղղությամբ. հարկավոր է պետական մակարդակով հանրային կրթության և իրազեկման ծավալները ավելացնել, որպեսզի կարողանանք բռնությունը վերացնելու ուղղությամբ դրական պատկեր արձանագրել: Այս առումով պետությունը պարտավոր է գործուն միջոցներ ձեռնարկել և հետևողական աշխատանք տանել առկա թերությունները վերացնելու ուղղությամբ: Ձախողման հիմնական պատճառը, իմ գնահատմամբ, ոչ ճիշտ շեշտադրումն է, պատճառների ոչ ճիշտ գնահատումը»: Փաստաբանի խոսքով` յուրաքանչյուր պատկան մարմին, իր լիազորությունների շրջանակներում պետք է անի հնարավորը, որպեսզի նվազեցնի բռնությունների քանակը, և որոշ հետազոտությունների արդյունքից պարզ է դառնում, որ ՀՀ-ում կանանց նկատմամբ ընտանեկան բռնության դեպքերը ամեն տարի ավելանում են:
Օֆելյա Պողոսյան
4-րդ կուրս