Կյանքս կտամ հայրենիքիս. Էրիկ Վիրաբյան

Կյանքս կտամ հայրենիքիս. Էրիկ Վիրաբյան

811

Երբ գնաք Վերին Կարմիրաղբյուր, գյուղ մտնող գլխավոր ճանապարհի ձախ հատվածում ծածանվող եռագույնի մոտ կանգ առեք։ Հողաթմբի վրա թարմ-թարմ ծաղիկներ կան, հողաթմբի տակ էլ` մի ջահել ու հերոսական սիրտ։ Բայց դուք չխոնարհեք ձեր հայացքը, այլ կնայեք վեր, շատ վեր, որտեղ Էրիկ Քաջիկի Վիրաբյանի ոգին է թևածում։ Կնայեք վեր առանց արցունքի, հպարտությամբ ու վեհորեն, հետո հայացք կգցեք սառը շիրմաքարին` Էրիկ Քաջիկի Վիրաբյան, 2000-2020 թթ., ու կսառեք այնպես, ինչպես սառեցին ջահել տղայի երազանքները։

«Երկու տարվա ու երկու ամսվա ծառայող էր Էրիկս, այս հուլիսին պիտի զորացրվեր։ « Ես եմ» ծրագրով էր զորակոչվել բանակ։ Երբեք չէր բողոքում ո՛չ ծառայությունից, ո՛չ ընկերներից, ո՛չ ճաշերից։ Միայն ասում էր` գոհ եմ։ Սեպտեմբերի 20-ին, որ խոսեցինք հետը, ասաց` շուտով մեծ պատերազմ է լինելու։ Պատերազմը եղավ, բայց ով կպատկերացներ, որ կտաներ Էրիկիս,- լալիս է Աննա մայրիկն ու ավելացնում,- իմ չորս երեխաներից ամենատարբերվողն ու ուրիշն ինքն էր։ Ո՜նց եմ դիմանալու առանց նրա»։

Էրիկին բոլորը  գիտեին։ Հարևաններին օգնող, շփվող ու ակտիվ էր։ Երբ Էրիկը տեսնում էր, որ հարևան կանայք ծանր գործ են անում, վազում ու օգնում էր նրանց։ Սիրած աղջիկ էլ ուներ, ում այդպես էլ  չհասցրեց սիրո մասին պատմել։ Էրիկը նիհար ու բարձրահասակ էր։ Մատներն էլ այնքա՜ն նուրբ էին։ Աննա մայրիկը կարոտել է այդ նուրբ մատների հպումը։

«Պատերազմի օրերին միայն ասում էր` այստեղ մեծ միջատներ կան։ Ասում էի, որ զգույշ մնա, Էրիկս պատասխանում էր. «Մամ ջան, տարիքով մեծ մարդիկ են կռվին մասնակցում»։ Խաբում էր, որ հանգիստ լինեմ»,- պատմում է Էրիկի մայրիկը` զգուշորեն դիպչելով որդու իրերին, որ հանկարծ չմաքրվեն նրա մատնահետքերը։

20-ամյա Էրիկը զոհվեց Խոջալուում հոկտեմբերի 16-ին։ Տղայի մարմինը գտան ուշ` դեկտեմբերի 29-ին։ Ամեն օր ընտանիքի անդամները հույս են ունեցել, որ տղան ողջ կլինի։ Երբ վերջին անգամ` հոկտեմբերի 14-ին խոսել էին Էրիկի հետ, շատ հանգիստ է եղել նա, ու ոչ ոքի մտքով չի անցել, որ այդ զանգը վերջինը կարող է լինել ու այդ հեռախոսահամարից նրանք այլևս երբեք զանգ չեն ստանալու։

«Էրիկս վարորդ էր։ Մեքենայի կողքին կանգնած է եղել, հենց տղաներն օգնություն են կանչել, ռացիան ձեռքին վազել է։ Հենց այդպես էլ մարմինը գտել ենք` ռացիան` ձեռքին, զենքն էլ` կողքին։ Խոջալու վեց երեխա է զոհվել, վեցն էլ դիպուկահարի կրակոցից»,- պատմում է տղայի մայրը։

Սեղանին շարված են այն իրերը, որոնք գտել են Էրիկի գրպաններից։ Մեծ նկարի կողքին էլ զինվորական գոտին է` Էրիկի արյամբ շաղախված։ Էրիկը նկարից ժպտում է պարզ ու մաքուր ժպիտով։ Անխախտ ու երկար լռությունը ճեղք տվեց, երբ սենյակ մտավ Էրիկի փոքր եղբայրը։ Նայեց հերոս Էրիկի նկարին, երկար նայեց ու առանց ինչ-որ բան ասելու արագաքայլ դուրս եկավ սենյակից։ Էրիկի կյանքը շատ կարճ տևեց, բայց կենսագրության մեջ գրելու շատ բան կա։ Տղան ուզում էր տունը վերանորոգել, նոր  տուն կառուցել։

Երբ Վերին Կարմիրաղբյուր գնաք, գյուղ մտնող գլխավոր ճանապարհի ձախ հատվածում ծածանվող եռագույնի մոտ կանգ կառնեք։ Այնտեղ ապրում են Էրիկ Քաջիկի Վիրաբյանի երազանքները:

Աննա Խաչատրյան

2-րդ կուրս

Կիսվել