Երեխաների իրավունքների պաշտպանությունն իր ակունքներով սկիզբ է առնում պետության և իրավունքի ծագման ժամանակներից և շարունակում է մնալ քաղաքակիրթ պետությունների և համաշխարհային հանրության հոգածության առարկան և արդյունավետ լուծում պահանջող խնդիրներից մեկը։ Երեխան, ինչպես ցանկացած մարդ, ունի աշխատանքի, հանգստի, սննդի, բնակարանի, կրթության, տեղեկատվության և այլ իրավունքներ։ Սակայն երեխաների աշխատանքը, ըստ էության, աշխատանքային խաղ է, ուսումնառություն և ծնողներին մատուցվող փոքրիկ օգնություն։
Հայտնի է, որ կյանքում բոլոր բարդ իրավիճակների ժամանակ, առավելապես տուժում են երեխաները։ Դա առաջին հերթին կապված է նրանց ֆիզիկական ոչ բավարար վիճակով։ Այն առավել չափով իրեն զգացնել է տալիս աղքատության պայմաններում, երբ ունեզուրկ ընտանիքների երեխաները ամենանվազ չափով են օգտվում պարենից, առողջապահությունից, և ամենակարևորը աշխատանքի տեղավորվելու հնարավորությունից։
Երեխաների, որպես առանձին խումբ անձանց, իրավունքների պաշտպանության խնդիրը իր ամրագրումն է ստացել է մի շարք միջազգային իրավական փաստաթղթերում։ Մասնավորապես ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից 1959թ. նոյեմբերի 20-ին ընդունված «Երեխայի իրավունքների մասին» հռչակագիրը, որի համաձայն՝ երեխան, պայմանավորված նրա ֆիզիկական և մտավոր անհատականությամբ, հատուկ սոցիալական պաշտպանության և հոգատարության կարիք ունի, ներառյալ իրավական պաշտպանությունը։ Սակայն հռչակագրի ընդունումից անցել է տասնամյակներ և մեր օրերում երեխաների իրավունքների միջազգային պաշտպանությունը կրել է էական փոփոխություններ։ Երեխաները, ինչպես չափահաս քաղաքացիները ունեն միատեսակ իրավունքներ։
Այսօր աշխարհի շատ երկրներում տարածված է մանկական աշխատանքի շահագործումը, որն ամենից առաջ պայմանավորված է երեխաների սոցիալական անպաշտպանվածությամբ։ Այս կապակցությամբ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից պաշտոնապես հռչակված են այն չափանիշները, որոնցով բնորոշվում է մանկական աշխատանքի շահագործումը։ Մասնավորապես վաղ հասակում լրիվ աշխատանքային օրվա, աշխատանքի համար չափից ավելի ժամերի առկայությունը, աշխատանք, որը կատարվում է անթույլատրելի ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ և հանգեցնում է անթույլատրելի սոցիալական և հոգեբանական ցնցման, կյանք և աշխատանք փողոցում և անբավարար պայմաններում, աշխատանքի համար անհամապատասխան վարձատրություն, չափից ավելի պատասխանատվություն, այնպիսի աշխատանք, որը խանգարում է կրթությանը, ստորացուցիչ աշխատանք՝ օրինակ ստրկական աշխատանք կամ սեռական շահագործում, աշխատանք, որը խանգարում է երեխայի բազմակողմանի սոցիալական և հոգեբանական զարգացմանը։
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվում է, որ մինչև 16 տարեկան անձանց հետ կնքվում է ժամանակավոր աշխատանքային պայմանագիր։
«Երեխայի իրավունքների մասին» օրենքի 19 հոդվածը հռչակում է, որ յուրաքանչյուր երեխա ունի իր տարիքային հնարավորություններին, առողջական վիճակին և ունակություններին համապատասխան մասնագիտություն ստանալու, օրենքով չարգելված աշխատանքային գործունեություն ծավալելու իրավունք։ Երեխայի հետ աշխատանքային պայմանագիր կարող է կնքվել 16 տարին լրանալուց հետո, բացառությամբ ժամկետային աշխատանքային պայմանագրի։
Այսօր Հայաստանում երեխաների երջանիկ փոքրամասնությունն է, որ կարող է իրեն թույլ տալ ընտրելու հրապուրիչ և սոցիալական առումով երաշխավորված աշխատանք։ Մինչդեռ մեծ է այն երեխանների քանակը, որոնք իրենց ապրուստի միջոցը վաստակելու համար փնտրում են տարբեր բնույթի աշխատանք։
Ընտանիքի գոյությունը պահպանելու նպատակով հաճախ շատ երեխաներ ստիպված են լինում թողնել ուսումը և զբաղվել փողոցային առևտրով, որը բացասաբար է անդրադառնում երեխայի բարոյահոգեբանական ձևավորման վրա։ Պետության սոցիալական քաղաքականությունը պետք է բևեռվի հենց այս ոլորտի վրա՝ ապահովելու երեխաների սոցիալական պաշտպանությունը, որը ցանկացած քաղաքակիթ պետության առաջնահերթ և կարևորագույն խնդիրն է։
13-ամյա զրուցակիցս, ում անունը հասկանալի պատճառներով չենք նշի, իր ընտանիքի ծանր կեցությունը փոքր-ինչ բարելավելու համար թողել է իր դպրոցական կրթությունը և աշխատում է։ Սակայն դրան գնացել է ոչ թե մտադրված, այլ պարտադրված։ Զրուցակիցս որևէ աշխատանքային պայմանագիր չի ունեցել և այժմ էլ չունի։
«Սկզբում անում էի այն, ինչ կարողանում էի։ Դրանք հիմնականում ավելի թեթև աշխատանքներ էին։ Աստիճանաբար սկսեցին ինձ առաջարկել արդեն ավելի ծանր բնույթի աշխատանքներ, որոնցից ես չեմ հրաժարվել այն պատճառով, որովհետև ավելի բարձր էր վարձատրվում»։
Զրուցակիցս նաև նշեց, որ աշխատանքները, որոնք նա կատարում էր, իրենից խլում էին մեծ էներգիա։ Իր և իր ընտանիքի կեցությունը բարելավելու փաստը խլել էր իրենից ոչ միայն կրթություն ստանալու իրավունքը, այլ նաև իր հասակակիցների հետ շփումը և տարիքային հետաքրքրությունները։
«Ես ունեմ նաև քույր, ով սովորում է 4-րդ դասարանում։ Փորձում եմ անել այնպես, որպեսզի նա էլ ունենա այն ամենը, ինչ իր համադասարանցիները»։
Հերոսի մայրը մեզ հետ զրույցում նշեց, որ որդու աշխատելու և ուսումը թողնելու փաստը իրեն շատ է անհանգստացնում։ Բայց հավելեց նաև, որ հայրը հաշմանդամ է և ընտանիքի հիմնական հոգսը իր ուսերին է։
«Շատ անգամներ եմ վիճել տղայիս հետ և դեմ եմ եղել նրա աշխատելուն, որովհետև ցավ եմ ապրում, որ նա դպրոցի փոխարեն գնում է աշխատանքի։ Բայց պետք է նաև փաստեմ, որ շատ անգամներ նրա օգնությունը թեթևացնում է իմ հոգսը»։
Մեզ հետ զրույցում հոգեբան Էլմիրա Սարգսյանը նշեց, որ անչափահաս տարիքում երեխաների աշխատելը կարող է մի քանի վտանգավոր հետևանքներ ունենալ։
«Երեխաները, վաղ տարիքում աշխատելով, առաջին հերթին վնասում են իրենց առողջությունը։ Բացի դա, նրանք գումար վաստակելով ինչ-որ չափով անկախանում են իրենց ծնողներից, որը խանգարում է լիարժեք դաստիարակությանը ծնողի կողմից։ Պետք է նշեմ, որ կա երեխաների մի խումբ, որ ցանկանում է գումար վաստակել իր տարիքին ոչ համապատասխան հետաքրքրությունները բավարարելու համար, բայց ամեն դեպքում երեխաների մեջ էլ կան բացառություններ։ Կան ավելի հասուն մտածելակերպ ունեցող երեխաներ, որոնք այդ գումարը ծախսում են ոչ թե իրենց համար վտանգավոր երևույթների վրա, այլ իսկապես ծնողներին աջակցելու համար։ Դրան շատ հաճախ դրդում են ընտանիքի սոցիալական պայմանները»։
Աշխատանք երեխաները գտնում են տարբեր ոլորտներում։
Գյուղաբնակ երեխաների 40% հիմնականում զբաղվում է սեզոնային աշխատանքով: Այս աշխատանքով զբաղվող երեխաները նշում են, որ իրենք աշխատում են հիմնականում դպրոցական պարագաներ և հագուստ գնելու համար: Բայց, ոչ բոլոր դեպքերում է, որ երեխաները գումարային փոխատուցում են ստանում, իրենց կատարած աշխատանքի համար: Շատ դեպքերում երեխաներին վճարում են հենց սննդամթերքով։
Անչափահասների համար աշխատանքային ոլորտ է համարվում նաև ավտոսպասարկման և ավտոլվացման կենտրոնները, գազա և բենզալցակայանները, և շինարարությունը: Այնինչ ՀՀ աշխատանքային օրենսգիրքը ապահովագրում է երեխաներին այնպիսի աշխատանք կատարելուց, որը կարող է վտանգավոր լինել նրանց առողջության համար: Նույն օրենսգրքում սահմանվում է, որ 14-16 տարեկան երեխաները չեն կարող ներգրավվել ծանր աշխատանքերում:
Սառա Ցականյան
4-րդ կուրս