Ա կետից Բ հասնելու ճանապարհը

Ա կետից Բ հասնելու ճանապարհը

879

Հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժման իրավունքը կարող է  խախտվել յուրաքանչյուր կիլոմետրի վրա։ Պետությունը մշակում է օրենքներ, ստորագրում միջազգային կոնվենցիաներ, բայց փողոցի մյուս ծայրի մայթեզրի թեքահարթակը չի երևում, նախազգուշացնող սալիկները չեն տեղադրվում, մեր մետրոն էլ զարգացած երկրներից օրինակ չի վերցնում։ Ա-Բ կետ հասնելու ճանապարհին հայտնվող դժվարությունների, քաղաքացու իրավունքների, գրանցվող զարգացումների մասին են խոսում իմ նյութի հերոսները։ 

Արտակ Դավթյան, հաշմանդամություն ունեցող անձ, սիրում է լողով զբաղվել

– Շատ կուզեմ, որ սա ուղղակի խոսակցություն չլինի։ Թեև արդեն երկար տարիներ է՝ խոսում եմ այս մասին։ Ինձ մանկուց ասել են՝ եթե մնացածը մի գործողության համար պիտի քրտնեն մի դույլ, դու պիտի քրտնես երկու։ Ես միշտ ասում եմ, մարդու մտքին տեղ լինի։

Ա կետից Բ կետ հասնելու համար հաշմանդամություն ունեցող անձը հանդիպում է նախ շենքի անմատչելիությանը՝ մուտքից մինչև տուն՝ վերելակն էլ հաշված։ Եթե Բ կետը խանութ է, լիքը բաներ դրված են գետնին, ասես շուկա մտնես։ Չեմ ասում, խանութի դռներ, աստիճաններ։ Եթե Բ կետը մի քանի կիլոմետր հեռու է, տեղաշարժվում ես սայլակով, բախվում ես երթուղայինի խնդրին։

Մի մայթեզրի մոտ թեքահարթակ կա, իսկ հենց դիմացինը անհարթակ է։ Եթե հանկարծ մեկով իջար՝ փողոցը անցնելու, մնում ես փողոցում։ Ավտոբուսները հարմարեցված չեն, երթուղայինները չեն էլ կանգնում՝ անկախ նրանից, որ դու կարողանում ես նստել։

Ժամանցի վայրերը պակասում են։ Մեր քաղաքում չկա ոչ մի հարմար դիսկոտեկ։ Կինոթատրոններից «Մոսկվա»-ն հարմար է։ «Նաիրրի» կինոթատրոն հենց մտնում ես աստիճաններ են։ Մոլերի մասով կասեմ, որ մատչելիությունը սկսվում է սանհանգույցից։ Մոլերից մեկում կա հանդերձարան, որ կահավորված է հաշմանդամների նշանով, այսինքն՝ կախիչները ցածր են, որպեսզի կարողանաս փոխվել, շորերդ կախել։

Մեր մետրոն վատն է մատչելիության տեսանկյունից, լավն է աշխատողների տեսանկյունից։ Ես կարողանում եմ շարժասանդուղքով իջնել, բայց տատիները մի քիչ հին ժամանակներից են, իրենք մտածում են՝ ես կընկնեմ և այլն։ Մի լավ կինո կա այս մասին…

Թեքահարթակներ չկան մետրոյի մուտքերում, անցակետերը նեղ են։ Շարժասանդուղքը չի կանգնում։ Էստոնիայում վերելակ կա, ու կան շարժասանդուղքներ, որ կոճակը սեղմում ես (այսինքն ոչ մեկից կախված չես), երկու հատն անցնում է, նոր դառնում աստիճան։ Այդտեղ ես կանգնում։ Դուրս գալիս էլ այդ հատվածը ավարտվում է, նոր դառնում աստիճան։ Իսկ Ճապոնիայում մետրոյի աշխատողների մոտ հարմարանք կա, բացում են, դնում կառամատույցի և մետրոյի վրա, իրենք հավասարվում են, ու դու սայլակով դուրս ես գալիս։ 

Զրույցն արվել է 28.11.2020թ.-ին

Սիփան Ասատրյան, տեսողության խնդիր ունեցող անձ, Երևանի ավագանու անդամ, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս

– Զարգացած երկրներում գոյություն ունի շոշափական սալիկների գաղափարը, որոնք տեսողության խնդիր ունեցող մարդուն ուղղորդում են փողոցներում, գնացքների, մետրոների կայարաններում։ Անձը սպիտակ ձեռնափայտի կիրառմամբ կամ ուղեկցող շան հետ իր ոտքի ներբաններով կամ ձեռնափայտով կարողանում է ուղղորդող շոշոփական սալիկների միջոցով հասնել Ա-Բ կետ։ Եվ բացի ուղղորդող սալիկներից գոյություն ունեն նախազգուշացնող սալիկներ, օրինակ՝ մետրոյի գծերից առաջ։ Մեր քաղաքում միայն կան նախազգուշացնող սալիկներ որոշ խաչմերուկներում։ Եվ տարեկան մոտավոր մի քանի տասնյակ խաչմերուկներ հագենում են։ Բայց մի խնդիր կա։ Եթե անգամ մենք նախատեսում ենք ուղղորդող սալիկների տեղադրում փողոցներում, տենդերային մրցույթներին չեն մասնակցում կազմակերպությունները, որովհետև պատկերացում չունեն, թե ինչ է նշանակում ուղղորդող սալիկ, նախազգուշացնող սալիկ, թեքահարթակի կառուցման նորմերը չեն պահպանում։ Նորմերը կան օրենքով գրված, բայց վերստուգող մարմին չկա, որպեսզի շտկելու հնարավորություն տա։

Վերջերս բանկերից մեկում նկատեցի որոշ հարմարեցում, երբ բարձրաձայն հայտարարվում էր մարդկանց հերթի կտրոնի կոդի համարը։ Բայց եթե հայտարարվում է՝ «մոտեցեք այսինչ պատուհանին», դու, բնականաբար, չգիտես՝ որտեղ է այդ պատուհանը, պիտի ինչ-որ մեկին հարցնես։

Թատրոններն են հարմարեցվում, երբ մարդը ականջակալներով աուդիո նկարագրությունն է լսում։ Դրա միջոցով չտեսնող անձի համար նկարագրվում են այն տեսարանները, որտեղ խոսք չկա: Ի դեպ, կարող եմ ասել, որ մեզ մոտ էլ՝ Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանում և Հայաստանի պատմության թանգարանում, (մեկը դրսի, մյուսը ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ) որոշ ծրագրեր տեղի ունեցան։ Տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար, օրինակ, կրկնօրինակվեցին շուրջ 20 բնօրինակներ, քանի որ դրանց ձեռք տալ չենք կարող շատ դեպքերում։ Սա արվում է, որպեսզի տեսողության խնդիրներ ունեցող անձը կարողանա լիակատար պատկերացում ունենալ թանգարանում ցուցադրվող ցուցանմուշների վերաբերյալ։ Կրկնօրինակված նմուշների կողքին պետք է դրվեն նաև բրայլի համակարգով տեքստեր։

Եթե շենքը նախագծում ենք մատչելի բոլորի համար, ընդամենը ծախսի 3% ավելացում կբերի։ Չեմ կարծում, որ կարելի է այդ երեք տոկոսը խնայել։ Մատչելի ենթակառուցվածքներ ունենալը միայն հաշմանդամություն ունեցող անձանց համար չէ։ Դա մանկասայլակով տեղաշարժվող ծնողների համար է, տարեցների համար է, կյանքի ընթացքում որոշակի խնդիրներ ձեռք բերած անձանց համար է։ Երբ տրանսպորտում բարձրաձայնվում է կանգառը, դա տուրիստների, տեղանքին անծանոթ մարդկանց համար է օգտակար։

Զրույցն արվել է 28.11.2020թ.-ին

Սերյոժա Օհանջանյան, հաշմանդամություն ունեցող անձ, «Էխո» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան ՀԿ հիմնադիր-ղեկավար

– «Հաշմանդամություն ունեցող անձնաց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան վավերացվել է ՀՀ-ի կողմից դեռևս 2010 թվականին, այսպիսով՝ անձի տեղաշարժի /շարժունակության/ համար անհրաժեշտ պայմանների ստեղծման համար ստանձնելով պատասխանատվություն։

Պետությունը պատասխանատվություն է ստանձնել  նաև անկախ ապրելու, համայնքային կյանքին  հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավումն ապահովելու համար։

Ակնհայտորեն խախտվում են Կոնվենցիային 19, 20 դրույթները, անձը ենթարկվում է խտրականության, ինչը նաև արգելված է ՀՀ Սահմանադրությամբ։

Նորմերի պահպանումը հաջորդ գերխնդիրն է, այսինքն բավական չէ, որ չկա վերահսկողություն շենք-շինությունների վերջնական փուլի՝ շահագործման փուլում դիտարկելու մատչելիության հարցերը, այլ նաև զարմանալի անտրամաբանական է, թե ինչպես է ստացվում, երբ որևէ շինարար ծախսում է գումարներ, սակայն կրկին վերջում ստացվում են սխալ նորմերով թեքահարթակներ, որոնցով լցված է մեր քաղաքը։

Ակնհայտ է, որ այստեղ վերահսկողական մեխանիզմի խնդիր կա, ինչը համայնքային մարմինների բացթողումն է։ Մենք բազմիցս առաջարկել ենք, որ եթե պատկան մարմինները չունեն այդքան գիտելիք, որպեսզի ստուգեն թեքահարթակի համար նախատեսված նորմերը,  գոնե հանրային ծառայություններ մատուցող  կազմակերպությունների շենք-շինությունների կառուցման կամ վերակառուցման հատակագծային և շահագործման փուլում հրավիրվեն հաշմանդամություն ունեցող հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների փորձագետներ։

Ընդհանրապես անձն իր ոտնահարված իրավունքների համար կարող է դիմել ինչպես տարբեր իրավապաշտպան կազմակերպություններ, այնպես էլ դատարաններ, կամ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։

Զրույցն արվել է 22.01.2021.-ին

Նկարները վերցված են հյուրերի ֆեյսբուքյան էջերից։

Հայկ Մարության, Երևանի քաղաքապետ

– Դեկտեմբերին կմատակարարվի 30 կոմպակտ դասի ավտոբուս, հունվարին կլինի ևս 30-ը և փետրվարին` 40 նույն դասի ավտոբուս։ Բոլոր ավտոբուսները կահավորված են այնպես, որ հաշմանդամություն ունեցող մեր համաքաղաքացիները ոչ մի դժվարություն չունենան մուտքի և ելքի։

Հոլովակը ներկայացվել է 21.12.2020

Հղում- https://www.youtube.com/watch?v=mnEfziMeAdE

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ԳԼՈՒԽ 2 ՄԱՐԴՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 40. Ազատ տեղաշարժվելու իրավունքը 1. Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական հիմքերով գտնվող յուրաքանչյուր ոք ունի ազատ տեղաշարժվելու և բնակավայր ընտրելու իրավունք:

Հոդված 29. Խտրականության արգելքը Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:

«Հաշմանդամություն ունեցող անձնաց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիա

Հոդված 19. Անկախ ապրելու և համայնքում ներգրավվելու իրավունքը

բ. հաշմանդամություն ունեցող անձինք օգտվեն մի շարք ներտնային, բնակության հետ կապված և համայնքային աջակցության այլ ծառայություններից և ստանան համայնքում ապրելու և ներգրավվելու, ինչպես նաև համայնքից չմեկուսացվելու համար անհրաժեշտ անձնական աջակցություն.

Հոդված 20. Անհատական շարժունակությունը

բ) հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի դարձնելով շարժունակություն ապահովող օժանդակ որակյալ սարքավորումները, պարագաները, օժանդակող տեխնոլոգիաները և օգնող անձանց ու միջնորդների ծառայությունները, որոնք նաև հաշմանդամություն ունեցող անձանց պետք է տրամադրվեն մատչելի գներով։

Միլենա Մովսեսյան

4-րդ կուրս

Կիսվել