Ճանաչենք մեր հերոսներին. Մերուժան Գրիգորյան

Ճանաչենք մեր հերոսներին. Մերուժան Գրիգորյան

2212

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու արդյուքում  քաջաբար զոհվել է Մերուժան Գրիգորյանը։ Մերուժանը ծնվել է 1995թ.-ի դեկտեմբերի 9-ին քաղաք Գյումրիում։ Մերուժանը կամավոր է գնացել ռազմաճակատ։ Ոչնչի առաջ չի ընկրկել, կռվել է մինչև վերջ ու ընկել հերոսաբար։

Մերուժանի մարդ տեսակի մասին զրուցել ենք քույրիկի՝ Մարիանա Գրիգորյանի հետ, ով մեծագույն ջերմությամբ է խոսում հերոսի մասին։

Մարիանայի խոսքով` Մերուժանը աննկարագրելի բարի ու սրտացավ էր. «Իրեն ամենաբնութագրող բառը բարությունն է, որտեղ ինքն էր, այդտեղ ապահովված էր լավ տրամադրությունը։ Շատ էր սիրում երեխաների, կարող էր ժամերով խաղալ փոքրիկների հետ։ Միշտ ժպիտը դեմքին էր, մարդասեր էր ու շատ աշխույժ։ Երբեք չեմ հիշում, որ հինգ րոպեից ավել նստած լինի։ Ինքը  ոչ մեկի ոչինչ չէր մերժում, միշտ ասում էր՝ կանեմ»։

Մերուժանը շատ ընկերասեր է եղել, պատրաստ էր ամեն ինչի հանուն ընկերների։ Անտեղի ոչ ոքի չի նեղացրել։ Սիրել է հավասարություն ու արդարություն. «Իր համար չկար հարուստ, աղքատ, պաշտոնավոր, չքավոր։ Մարդկանց հետ շփվում էր հավասար, կապ չունի այդ մարդը կիսում էր իր կարծիքը, թե՝ ոչ, խելացի էր, թե տգետ։ Երբեք չէր հանդուրժում անհարգալից վերաբերմունքը որևէ մեկի հանդեպ»։

Կենսախինդ տղան վերջին անգամ տանը պղպեղ է կերել, երբ ասել են՝ սպասիր համեղ բան պարտաստենք, համտեսիր, հպարտորեն ասել է՝ կպատրաստեք, կուղարկեք Բաքու։

«Իրենից ծիծաղելի հստակ դեպք հիշելը շատ դժվար է, որովհետև, որտեղ ինքն էր, այդտեղ առկա էր հումորն ու ծիծաղը։ Իր ամեն խոսքում հաստատ կար մի բան, որը մեզ բոլորիս ուրախություն էր բերում»։

Պատերազմի սկսվելու  հաջորդ օրվանից  հերոսը սկսել է լայնածավալ կամավորական աշխատանքներ։ Մի քանի անգամ առաջին անհրաժեշտության իրերը տեղափոխել է Գորիս։ Այդ ամենին զուգահեռ Մերուժանը կամավորագրվել է ու անհամբեր սպասել, թե երբ են իրեն էլ տանում ռազմաճակատ. «Ինքն առաջին օրից ասում էր՝ բոլորս պետք է գնանք, եթե չգնանք, հետո ինչպես ենք նայելու 18 տարեկանների աչքերին, ովքեր քաջաբար կռվում են։ Իր համար կարևոր շարժառիթներից մեկը նաև այն էր, որ ասում էր՝ սա կրոնի կռիվ է, ցանկանում են խլել մեր կրոնը։ Իրեն ճանաչողները գիտեն, որ ինքն իր մեջ շատ մեծ հավատ ուներ, ու իր համար քրիստոնեության պահպանումը առաջնային էր»։

Մերուժանը ապրիլյան պատերազմի ժամական ժամկետային զինծառայող է եղել։ Քաջ տղան բոլորից լավ գիտեր խաղաղության գինը, ու հենց այն որոնելու ուղին նրան այս անգամ դարձրեց իր հայրենիքի հավերժ պաշտպանը։

Գյումրեցի հերոսը շատ սկզբունքային ու իր խոսքի տերն է եղել, եթե մի բան մտքին դրել է, ոչ ոք չի կարողացել հետ պահել։ Ամեն ինչ արել է գիտակցված ու հասկանալով. պատերազմը բացառություն չէր…

Հոկտեմբերի 17-ին՝ չլսելով ոչ ոքի, Մերուժանը վաղ առավոտյան դուրս է եկել տանից՝ քույրիկին ասելով՝ սուս մնա, եթե ես չգնամ, ապա ո՞վ գնա…

Ամեն անգամ, երբ զանգել է տուն, ասել է՝ մենք Վայքում ենք, բայց իրականում ամբողջ ընթացքում քաջ տղան եղել է կռվի ամենաթեժ կետերում։ Իր հմուտ ռազմական գիտելիքների շնորհիվ միանգամից ստանձնել է ջոկատի հրամանատարի պաշտոնը ու ղեկավարել մարտը։

Հոկտեմբերի 21-ին` առավոտյան հերոսը քաջաբար զոհվել է, Մարիանան հստակ ասում է՝ եղբոր մասին լսած բոլոր հերոսությունները իր համար սպասելի էին. «Ես ոչ մի պահ չեմ կասկածել, որ նա տեսակով հերոս է, ինձ համար իր ոչ մի քայլը զարմանալի չէր»։

«Եթե հնարավոր լիներ ամուր կգրկեի ու կհամոզեի, որ չգնա։ Ինքը շատ նպատակներ ուներ, կխնդրեի մնա ու իր նպատակները իրագործի։ Բայց ավելի քան վստահ եմ, որ նրան հետ պահելն անհնար էր, ոչ մեկ չէր կարող, բացառվում էր դա։ Իր մասին խոսելիս անասելի մեծ ցավ եմ զգում, առաջին հերթին նրա համար, որ իր տեսակը էլ չի շարունակվելու…»։

Մերուժանի մարդ տեսակը բացառիկ էր, տղան սիրված ու ընդունված էր բոլորի կողմից։ Նա իր էությամբ սեր էր ու ջերմություն։

«Մեծ, շատ մեծ հպարտություն եմ զգում, բայց նաև ափսոսում եմ, որ հերոսների քաջագործություններն ու մահը չամբողջացավ բաղձալի հաղթանակով…»։

Նելլի Իգիթյան

2-րդ կուրս

Կիսվել