ԸՆԹԵՐՑԱՍԵՐՆԵՐԸ ՆԱՀԱՆՋՈ՞ՒՄ ԵՆ…

ԸՆԹԵՐՑԱՍԵՐՆԵՐԸ ՆԱՀԱՆՋՈ՞ՒՄ ԵՆ…

1561

«Ես այդքան էլ հաճախ չեմ կարդում գիրք, որովհետև ժամանակատար է․ մինչև գնամ գրադարան, փնտրեմ ինչ-որ հետաքրքիր գրողի, ուսումնասիրեմ այդ ստեղծագործությունը․․․դրա փոխարեն եթե ինչ-որ գիրք պետք է կարդամ, նախընտրում եմ էլեկտրոնային տարբերակը կամ համանուն ֆիլմը»,- ասում է ոչ այդքան ընթերցասեր Լուսինեն։

Իսկ ահա 19-ամյա Անին, ում  անգամ որոշ դասերի ընթացքում կարող ենք տեսնել գրքի մեջ խորացած, ամեն օրը սկսում և ավարտում է գրքով․«Յուրաքանչյուր գիրք կարդալուց հետո մի քանի օր մնում եմ դրա ազդեցության տակ և ապա անցում կատարում մյուսին։ Հիմնականում նախընտրում եմ տպագիր տարբերակը, քանի որ այդպես ընկալումը լրիվ ուրիշ է։ Եթե ստիպված եմ լինում էլեկտրոնային տարբերակով կարդալ, միշտ վերսկսում եմ, երբ գիրքն արդեն ձեռքիս տակ է լինում»։

Այսպիսի հակադրությունների բազմիցս հանդիպեցինք անցկացրած հարցումների ընթացքում։ Արդյո՞ք այժմ «ընթերցանության ճգնաժամ» է, թե՞ այնուամենայնիվ գիրքն ու գրականությունը շարունակում են ապրել մարդկանց դարակներում, պարզաբանում է բանաստեղծ, Հայաստանի Գրողների Միություն նախագահ Էդվարդ Միլիտոնյանը․«Ժամանակը ամեն ինչ սեղմել է, կարճացրել։ Այդ իմաստով անգամ գրքերն են ադապտացնում, էլեկտրոնային տարբերակներն են մեծ տարածում գտնում։ Ես չեմ ուզում դրանք իրար հակադրել։ Բոլոր դեպքերում եթե մարդ ուզում է ինչ-որ բան կարդալ, ճանաչել, ուրեմն կանի դա։  Իհարկե մարդիկ առաջ ավելի ընթերցասեր էին, քան հիմա։ Այդ տարբերությունը հսկայական է։ Ծնողն ու ուսուցիչը պիտի ուղորդեն երեխային հենց փոքր ժամանակվանից, թե ինչ կարդան։ Ցավոք, ներկայիս դպրոցական դասագրքերը կարդալով հնարավոր է երեխաները բոլորովին հեռանան գրականությունից ու չսիրեն, քանի որ  այնպես չի գրված, որ կարդացողը զգա ու կլանվի դրանով, միայն չոր ու ցամաք կենսագրոթյուն է»։

«Բուկինիստ» գրախանութի աշխատակիցները, այնումամենայնիվ չդժգոհեցին իրենց վաճառքից։ Նրանց խոսքով հիմնական գնորդները 16-35 տարեկան են։ «Գրքերը մոտավորապես 200 օրինակից են վաճառվում, բայց դա այդքան էլ վատ չի, քանի որ այդ ցուցանիշը օրեցօր աճում է։ Հիմնականում նախընտրում են արտասահմանյան դասականների գրքերը։ Հայ գրականություն այդքան էլ չեն կարդում։ Որոշ ժամանակ առաջ մեծ տարածում էր գտել Ջոջո Մոյեսի «Մինչ քեզ հանդիպելը» գիրքը, քանի որ նկարահանվել էր համանուն ֆիլմը, հետո Վահրամ Միրաքյանի «Հարյուր բիզնես գաղտնիքները»։ Այժմ հայ ժամանակակիցներից հիմնականում գնում են Էդգար Հարությունյանի «Չգտնված Երիցուկներն» ու «Սիրելու Արվեստը»,-պատմեց  գրախանութի մենեջերը։

Փաստորեն կարելի է ենթադրել, որ Հայաստանում առավել պահանջված են այն գրքերը, որոնց մասին շատ է խոսվում, որոնք հայտնի են, լավ PR է արված:

Իսկ ինչ վերաբերում է էլեկտրոնային ու տպագիր գրքերին, անցկացված հարցումներից պարզ դարձավ, որ երիտասարդների հիմնական մասը նախընտրում է տպագիր տարբերակը, քանի որ այդպես հերոսները ավելի կենդանի ու շոշափելի են դառնում։ Իսկ էլեկտրոնային գրքերին այդքան էլ կողմ չեն տեսողական խնդիրների պատճառով։

Մեր ժամանակների գրող Հրաչյա Մանուկյանն էլ կարծում է, որ ճիշտ չէ դրանց մրցակցության մեջ դնելը. «Մարդուն պետք ազատության ու ընտրության հնարավորություն տալ։ Մարդ ինքը պետք է որոշի՝ որն է հարմար։ Դա նույնն է, եթե ժամանակին դեմ լինեին ավտոմեքենաներին, երբ դեռ ձի էին քշում։ Միգուցե ձի վարելով ավելի լավ կլիներ, օդը մաքուր լիներ, մարդիկ՝ ավելի առողջ, բայց հետագա զարգացումը ստիպեց անցնել ավտոմեքենաներին։ Նույնն էլ էլեկտրոնային գրքերի դեպքում է»,- կարծում է գրողը։

Հարցումների արդյունքում պարզ դարձավ նաև, որ ընթերցանության մակարդակի նվազման վրա կարող է ազդել համացանցը, հետաքրքրությունների փոփոխությունը, առօրյա հոգսերը, զբաղվածությունը։ Այս խնդրի լուծման համար երիտասարդ գրողը կարծում է, որ որոշակի միջոցառումների կազմակերպման դեպքում կարելի է փոփոխություններ գրանցել. «Պետք է ավելի շատ գրական մրցանակաբաշխություններ կազմակերպել, որպեսզի գրելու մոտիվացիան մարդկանց մոտ աճի և գրքերի որակի վրա ազդի: Եթե այդ թեմային  նաև ավելի շատ անդրադառնան լրատվական միջոցները, դա նույնպես դրական ազդեցություն կթողնի»։

Զրուցելով նաև Խնկո-Ապոր գրադարանի փոխտնօրեն Մադլենա Հովսեփյանի հետ՝ տեղեկացանք, որ գրադարանը տարեկան կտրվածքով ունենում է 17-ից 18 հազար ընթերցող, որը վատ ցուցանիշ չէ։ Տիկին Հովսեփյանը այդքան էլ համաձայն չէ «ընթերցանության ճգնաժամ» արտահայտության հետ․«Ուղղակի ժամանակն է քիչ, զբաղվածությունը՝ շատ։ Բայց գրադարան-հասարակություն կապը, կարծում եմ, չի կտրվել։ Պետք է միայն ավելի շատ քննարկումներ, հանդիպումներ կազմակերպել ընթերցողների, ժամանակակից գրողների հետ, որպեսզի այդ կապը ավելի ամրապնդվի։  Մարդիկ ճանաչեն այդ գրողներին, նրանք էլ իմանան իրենց ընթերցողների պահանջներն ու հետաքրքրությունները»։

 

Աննա Կոստանյան

2-րդ կուրս

Կիսվել