«Դավիթս ողջ է մեր բոլորի սրտում…»

«Դավիթս ողջ է մեր բոլորի սրտում…»

1207

Դավիթ Վազգենի Հարությունյանը ծնվել է 1989թ.-ի նոյեմբերի 20-ին Մասիսի շրջանի Արբաթ գյուղում։ Սովորել է տեղի դպրոցում և ավարտելուն պես  ծառայության անցել Սիսիանի զորամասում` որպես հրետանավոր։ Դավիթը և սիրելին` Քնարիկը, ամուսնացել էին 2016թ.-ին և ունեն  երկու որդի:

Դավիթը 1 տարի է, ինչ աշխատում էր  որպես առաքիչ։ Կնոջ խոսքով՝ գլուխ էր հանում գրեթե ամեն ինչից. «Բավական էր մի անգամ տեսներ, թե տվյալ աշխատանքն ինչպես էր արվում կամ տվյալ իրն ինչպես են սարքում` ինքն  ավելի լավ էր անում։ Ցանկացած միջավայրում, ցանկացած իրավիճակում ինքը իր հետ ժպիտ, խաղաղություն ու ապահովության զգացում էր բերում։ Ընկերական շրջապատում խմբի ոգին էր, ուրախությունը, երբ ընկերներով հավաքվում էին մեր տանը, միայն իր ձայնն էր լսվում, պատմում էր, ծիծաղում ու ծիծաղեցնում»:

Արցախյան երկրոդ պատերազմը սկսվելուց 2 օր անց` սեպտեմբերի 29-ին, Դավիթը կնոջ` Քնարիկի եղբոր հետ կամավորագրվեց և սկզբում խմբով շարժվեցին Սիսիան, հետո` Մեղրի: «Հոկտեմբերի 14-ին արդեն տեղափոխեցին Արցախ: Իշխանաձորում սնունդ ստանալու ժամանակ  ԱԹՍ-ի հարվածից Դավիթս ընկնում է: Եղբայրս ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա է եղել ու մինչև հիմա ուշքի չի գալիս տեսածից», պատմում է կինը:

Մանուկ հասակում Դավիթը ուրախ, ժպտերես ու համարձակ տղա է եղել: Քույրը` Էմման հիշում է, որ առանց տանեցիների գիտության ընդունվում էր տարատեսակ խմբակներ, որից հետո նոր ասում հարազատներին. «Գնում որտեղ ուզում ընդունվում, գալիս ասում եր ընդունվել եմ դուդուկի, բարբայի … : Մի օր էլ գնացել էր գյուղի երաժշտական դպրոց, ընդունվել էր շվիի, տնօրենը մեր տուն էր եկել, որ հարցնի արդյո՞ք տնեցիները տեղյակ են»: Էմման ընդգծեց, որ երկուսի մանկությունը անցել է սիրո, համերաշխության ու ջերմության մեջ, չնայած, որ ստիպված են եղել շատ դժվարությունների միջով  անցել: «Ցանկացած դժվար իրավիճակում Դավիթը միշտ ասում էր` քուրս, ժպիտով, ու հենց ժպիտով էլ հաղթահարում էինք ու ուժ էինք տալիս մեր ծնողներին»: Դավիթը շատ աշխատասեր է եղել և  8-րդ դասարանից հայրիկի հետ փորձել է աշխատել: Քրոջ խոսքով՝ շատ  սիրով էր գնում աշխատանքի, միայն թե մի բանով կարողանար օգնել ծնողներին: Դավիթի հետ վերջին անգամ խոսել էին Մեղրիից` տեսազանգով. «Քարի վրա նստած էր ամպերն էլ երևում էին, ես էլ ասում էի`էնքան սիրուն, պարզ են ամպերը, ուրեմն պատերազմը կդադարի, բայց չգիտեի, որ էլ չեմ խոսելու հետը: Առավոտյան իմացա՝ Արցախ է գնում, զանգեցի` չպատասխանեց, գրեցի, որ սպասում ենք անհամբեր մեր քեռիին, որ խոստանա` շուտ գալու ա, ինքն էլ ասեց` սաղ լավ ա լինելու: Հոկտեմբերի 15-ի առավոտյան իմացանք լուրը, ու սկսվեց մեր կյանքի մղձավանջը: Անսահման կարոտում ենք, անհնար ա դիմանալ էս ցավին: Դավիթս ողջ է մեր  բոլորի սրտում: Կուզեի նորից մանուկ լինեի ու էլի ամուր գրկեի, կարոտս առնեի», եզրափակեց քույրը:

Դավիթի մանկության ընկեր Արսենը հիշում է, որ ընկերը բարձր տրամադրությամբ է մեկնել հայրենիքը պաշտպանելու. «Միշտ ժպիտը դեմքին է եղել, ես էլ իր հետ գնացի, ճանապարհեցի իրեն: Դավիթը շատ լավ ընկեր է եղել, ամեն հարցում կողքս էր: Մենք հարևաններ ենք եղել, տնեցիներով էլ էինք շատ մոտ: Երբ Դավիթին տարան Սիսիան` պատերազմին պատրաստվելու, մենք ընկերներով գնացինք էլի իրանց մոտ` ուտելիք ու հագուստ տանելու», պատմում էր Արսենը:  Այնուհետև երբ Դավիթին տեղափոխվեցին Մեղրի, նորից ուտելիք և սնունդ տանելու նպատակով հանդիպեց ընկերոջ հետ և դա եղավ նրանց վերջին հանդիպումը:

Օֆելյա Պողոսյան

4-րդ կուրս

Կիսվել