Ակտիվացել են կիբերհանցագործությունները

Ակտիվացել են կիբերհանցագործությունները

704

Հետպատերազմական շրջանում  ավելացել է կիբերհանցագործների թիվը։

Հեռավար աշխատանքը և ուսումը մեծացրել են առցանց կոնֆերանսների ժողովրդականությունը։ Զուգահեռաբար աճել է առցանց հարձակումների ենթարկվելու  վտանգը։ «Կասպերսկի» ընկերության մասնագետները  պարզել են, որ 2020-ին Zoom-ի  հարթակում վտանգավոր ֆեյքային սպառնալիքներն ավելացել են և գրոհել մեկուկես անգամ շատ օգտատերերի։ Փորձագետները պարզաբանում են՝ սպառնալիքները, որոնք տարածվել են տեսակոնֆերանսների հարթակի անվան տակ, հիմնականում գովազդային  նյութեր են  կամ անցանկալի ծրագրային ապահովումներ։

Լավ հանցագործը նաև լավ մարքեթոլոգ է, գիտի՝ որն է իր աշխատանքային շուկան, ում է պետք թիրախավորել և ինչ թեմայով, ասում է ՏՏ անվտանգության մասնագետ Արթուր Պապյանը։ Նրա դիտարկմամբ` հայկական առցանց տիրույթը միանգամից երկու մարտահրավերի առջև է՝ համաշխարհային և տեղական։ Եթե առաջինին բախվել է գրեթե ամբողջ աշխարհը, ապա երկրորդի հասցեատերը միայն հայ օգտատերերն են։ Քովիդից հետո աշխատանքային և ուսումնական գործընթացները գրեթե ամբողջությամբ տեղափոխվեցին առցանց տիրույթ, հետո սկսվեց պատերազմը՝ ադրբեջանական աննախադեպ թվով հաքերային հարձակումներով։

«Հիմա շատ տարածված են գովազդային խաբեությունները։ Վերջին թարմ դեպքերից է մեր հայրենակցի՝ Ռուբեն Վարդանյանի օրինակը, որն  իբրև իր գումարները վերածել է  բիթքոինի և մարդկանց մի հղում է առաջարկում, որով անցնելուց հետո  արագ հարստանալու ուղեցույց է տրվում։ Իհարկե, այդ հղումով անցնելը ձեր համակարգչին լավ տեղ չի հասցնի»,-ասում է Արթուր Պապյանը։

Կորոնավիրուսը ևս շարունակում է մնալ խաբեության արդյունավետ թեմաներից մեկը։

«Ամենալավ վակցինան, ամենահարմար գներով, այնպիսի նկարագրությամբ, որ միանգամից հավատաք՝ դեղն օգտագործելը ձեզ կազատի քովիդի կապանքներից»,-նշում է ՏՏ անվտանգության մասնագետը։

Պատերազմից հետո պետական կայքերի վրա հարձակումների դեպքեր գրեթե չեն գրանցվել, բայց հայ օգտատերերն արդբեջանական հաքերների կողմից շարունակում են ենթարկվել ֆիշինգային հարձակումների։ Մասնագետը բացատրում է՝ ֆիշինգային հարձակումը կիբեռհանցագործության տեսակ է, որի նպատակն է ստանալ սոցիալական որևէ կայքի օգտատիրոջ գաղտնի տվյալները, ծածկագիրը և ծածկանունը։ Նման հարձակումների հեղինակները միշտ չէ, որ ադրբեջանցիներն են. սա աշխարհում տարածված հանցագործություն է, որի միջոցով կիբեռհանցագործները ահռելի գումարներ են աշխատում։ Օրինակ՝ հղում են ուղարկում 1 միլիոն հոգու, արձագանքում կամ ավելի ճիշտ է ասել՝ խաբվում է 100 հազարը, հանցագործը աշխատում է հազարավոր դոլարներ։

Վերադառնալով քովիդին՝ 2020-ին զանգվածային անցումը աշխատանքի և ուսման հեռավար ռեժիմին մեծացրել է առցանց կոնֆերանսներ անցկացնելու ծառայությունների ժողովրդականությունը։  Տեսակոնֆերանսների հարթակի անվան տակ հիմնականում տարածվել են  գովազդներ և անցանկալի ծրագրեր։ ՏՏ անվտանգության մասնագետն ասում է՝ առցանց կոնֆերանսներ անցկացնելու ծառայությունների ընտրությունը մեծապես կախված է այն լսարանի պահանջներից, որի հետ աշխատում ենք.

«Zoom-ում անցած տարի ծագած սկանդալներից հետո մի շարք փոփոխություններ են արվել, և հիմա շատ լավ ու անվտանգ է, վաղուց մոռացված Skype-ն է ծառայություններ առաջարկում օնլայն կոնֆերանսների, Microsoft teams – ն է շատ հարմար ծառայություններ ավելացրել։ Օգտատերը բոլորն են օգտագործում են, բոլորն էլ կիրառելի են, էս դեպքում շատ կարևոր են տվյալ լսարանի կարիքները»,-ասում է Արթուր Պապյանը։

Երկփուլային անվտանգությունը միացնելուց, գաղտանաբառը գաղտնի պահելուց, բանկային հաշիվները սոցիալական էջին չկցելուց և մի շարք այլ տեխնիկական խորհուրդներից բացի՝ ՏՏ անվտանգության մասնագետը նաև հորդորում է՝ տարբեր հղումներ ստանալիս  մինչև դրանք բացելը կասկածել ՝ ի՞նչ հղում է և ինչո՞ւ եք դուք դա ստացել։

Մարիամ Հարությունյան

2-րդ կուրս

Կիսվել