Միտքը վարժելու ամենախելացի ճանապարհն ընթերցանությունն է

Միտքը վարժելու ամենախելացի ճանապարհն ընթերցանությունն է

1165

Սիրային նամակագրություններ, մեղքերի համար տրվող պատասխաններ, հայրենասիրություն, ինքնության կորուստ կամ նորից միավորում․ մեր ընտրած պատմությունները շատ տարբեր են, բայց միևնույն ժամանակ շատ ծանոթ, դրանք համաչափ դասավորված են կազմի տակ ու գալիս են օգության, երբ ամենաշատն ունես իրենց կարիքը․ փետրվարի 19-ը գիրք նվիրելու օրն է։

Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 3-րդ կուրս ուսանողները Ձեզ են ներկայացնում իրենց ամենասիրելի գրքերը։

Էլիզան իր ընտրությունը մեկնաբանելու փոխարեն նշում է պատճառ, թե ինչու ընթերցել շատ ու հաճախ։

«Հաճախ թվում է՝ գրքերը երևակայական փախուստի հնարավորություն են տալիս՝ կտրելով մի կյանքից, որը ոչ մի բավականություն չի պարգևում։ Մինչդեռ գրքերում պատկերվածը հենց մեզ բավականություն չպարգևած կյանքն է»:

Իսկ Տաթևը նախընտեց թվարկել իր գրադարանի ամենահաճախ ընթերցվող գրքերի ցանկը. «Այս երկու գրքերը դուր կգան սիրային պատմությունների սիրահարներին։ Ինչ-որ բան անպայման կպատահի, որովհետև չի լինում այնպես, որ որևէ բան ձգվի հավերժորեն: «Վարպետը և Մարգարիտան» վեպը յուրաքանչյուր ընթերցող յուրովի է ընկալում։ Այս գիրքը բոլորի համար է։ Երբ նոր ես սկսում ընթերցել, կարծիք է ստեղծվում, թե յուրաքանչյուր նոր գլուխը կապ չունի նախորդի հետ, բայց սա վեպ է վեպի մեջ, որոնց կապը պարզ է դառնում վերջում։ Գրքի վերջաբանը նույնպես տարբեր կերպ է ընկալվում. Վարպետը և Մարգարիտան դրա՞խտ են գնում, թե՞ դժոխք, թե՞ դեպի հանգստությունը, որտեղ նրանք կապրեն տնակում հանգիստ և երկար տարիներ…  «Ջեյն Էյր» սիրավեպում մենք հանդիպում ենք Ջեյն Էյրին, աղջնակ, որ ծանր մանկություն է ունեցել, բայց դա նրանց միայն ավելի ուժեղ է դարձրել, և Էդվարդ Ռոչեստրին, ում կյանքի ծանր հարվածները դարձրել են փակ և կոպիտ մարդու, բայց նրա հոգու խորքում բարությունն է բնակվում։ Այս երկու իրարից տարբեր անձնավորություններն ապացուցում են, որ կա իրական սեր, որին չեն հաղթում ո՛չ հեռավորությունը, ո՛չ էլ այլ խոչընդոտները։ Նրանք լրացնում են մեկը մյուսին, բուժում իրենց հոգու վերքերը։

Սահմանապահ գյուղում ծնված ու մեծացած Լիայի ընտրությունը, կարծում եմ՝ ոչ ոքի չի զարմացնի, չէ որ հայրենիքը սկսվում է հենց սահմանից․

«Գարեգին Նժդեհի «Որդիների պայքարը հայրերի դեմ» աշխատությունն ազգային դաստիարակության և վերածննդի բանալին է, որն այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է հայությանը: Այս աշխատությունը հասցեագրված է հայ երիտասարդությանը և ոչ միայն: Ընդհանրապես, Գարեգին Նժդեհի տեսական ժառանգության նշանակությունը մերօրյա հայ հասարակական, քաղաքական կյանքում կարևոր նշանակություն ունի։ Յուրաքանչյուր հայ պետք է կարդա այս իմաստասերի գրվածքները։ Ես կարդում եմ Նժդեհ, որովհետև երբեք որևէ մեկի հետ այսքան համակարծիք չեմ եղել»:

Փաստորեն նուրբ ու քնքուշ աղջիկներն էլ են սիրում սարսափի ու միստիկայի ժանրով գրված գրքեր. «Էդգար Պոյի «Անուրջներ և մղձավանջներ» գրքում ընդգրկված են պատմվածքներ: Պոյի ստեղծագործությունները թույլ չեն տալիս կտրվել դրանցից: Նրա գործերը ինտրիգային են և ընթերցողին լարված են պահում մինչև վերջ: Շատ եմ հավանում «Սպանություններ Մորգ փողոցում» պատմվածքը, որի ընթացքը լի է չբացահայտված ու որոշակիորեն դաժան տեսարաններով, իսկ վերջը՝ անսպասելի բացահայտումով: Պոն ստիպում է ընթերցողին իրեն զգալ իրադարձությունների վայրում և փորձել հասկանալ՝ ի վերջո ինչ է կատարվում»։

Իսկ մեր մյուս Էլիզան անդրադրձել է վերջին շրջանում ամենաքննարկված գրքերից մեկին։ Դեռ ամռանը դիտել էի Մարկ Արենի «Անատոլիական պատմութուն» ստեղծագործության էկրանավորումը, սակայն չէր հաջողվում ձեռք բերել գիրքը։ «Քույրիկս որոշեց հաճելի անակնկալ մատուցել. նվիրեց իմ սիրելի գրքերից մեկը»։

Դե իսկ Աննան անդրադարձել է մի սիրավեպի, որը երբեք էլ չի հնանում։ «Սևակի սիրելու կարողությունը անմեկնելի է ու երկնային։ Այստեղ սերը պատկերված է այնպես, ինչպես որ կա՝ առանց խմբագրությունների ու պաթետիկ մտքերի։ Սիրուն չհավատացող կամ էլ անսահման սիրել ցանկացող մարդու համար այս գիրքը քարտեզ է, որը կօգնի բացահայտել սերն ամբողջ գունապնակով»։

Հոդվածը պատրաստեցին 3-րդ կուրսի ուսանողները

Կիսվել