Գիրք նվիրելու տոն. ավանդու՞յթ, թե՞ նորաձևություն

Գիրք նվիրելու տոն. ավանդու՞յթ, թե՞ նորաձևություն

2248

20-ամյա Սվետլանա Դավթյանի ամենասիրելի տոներից մեկը գիրք նվիրելու օրն է։ Ընկերները, մտերիմները գիտեն, որ նրա ամենասիրելի նվերը գիրքն է։ Իր նախասիրությունը հաշվի առնելով՝ ընկերները մի հետաքրքիր ավանդույթ են ձևավորել: Ծրարի մեջ դրված նամակներով ուղորդում են, թե ուր գնա, քայլերով հուշում են, մինչև գտնի փաթեթավորված գիրքը, բացելուց հետո էլ ձեռագրից պետք է հասկանա, թե որ ընկերն է նվիրել. «Գիրք նվեր ստանալը և նվիրելը շատ գեղեցիկ սովորություն է, և կարծում եմ՝  կգա մի օր, երբ գրքերով կիսվելու համար չենք սպասի այդ մեկ օրվան» ,-ասում է Սվետլանան։

23-ամյա Աննա Կոստանյանը գիրք նվիրելու օրվան անհամբեր սպասում է ամեն տարի։ Նախապես որոշում է, թե ինչ գիրք է նվիրելու և ում։ Սովորաբար մտերիմներից մեկին է նվիրում և ընտրում այնպիսի գիրք, որն ինքը կարդացել է. «Իհարկե, հետաքրքիր է նաև այն, թե ինձ ինչ գիրք են նվիրելու։ Կարծում եմ՝ գիրք նվիրելիս կարևոր է, որ լավ ճանաչես նրան, ում նվիրում ես, որպեսզի այն չլինի ուղղակի մեխանիկական գործընթաց, այլ տվյալ մարդուն բնորոշ թեմա և հեղինակ ընտրես»,-ասում է Աննան։

Հոգեբան Քնարիկ Ղազարյանի խոսքով՝ գիրքը մեծ դեր ունի յուրաքանչյուր մարդու կյանքում: Այն մեզ տալիս է ուժ. յուրաքանչյուր գրքի պատմությանը ծանոթանալով,   մենք ձեռք ենք բերում վստահություն, գիտելիք, սեր, ճիշտ դատելու կարողություն, փիլիսոփայություն, իմաստություն: Տվյալ իրավիճակում, ըստ կարդացած գրքի, կարողանում ենք ճիշտ որոշում կայացնել, հարստացնում ենք մեր բառապաշարը. «Մեզանից յուրաքանչյուրն ունի իր նախասիրություններին, հետաքրքություններին համապասխան գիրքը: Եթե ունեք մոտիվացիայի խնդիր, շատ լավ կօգնեն մոտիվացնող գրքերը: Մասնագիտական ոլորտում աճելու դեպքում էլ, մասնագետների պատմությանը ծանոթանալը կօգնի առաջ գնալուն»,- պատմում է հոգեբանը:

Մասնագետն հավելում է նաև, որ գիրքը կարող է ազդեցություն ունենալ այնքանով, երբ անհատն իրեն պատկերացնում է տվյալ դերում: Այստեղ կարևոր է, թե գրքի որ հերոսն է, ինչպիսին է այդ հերոսը, ըստ այդ հերոսի ու գրքի բովանդակության հասկանալ ազդեցությունը. «Նույն գիրքը շատերը կարդում են, բայց յուրաքանչյուր ոք ըստ իրեն է մեկնաբանում»,- բացատրում է հոգեբան Քնարիկ Ղազարյանը:

18-ամյա Միքայել Գասպարյանը գիրք նվիրելու ավանդույթին հետևում է դեռ դպրոցական հասակից, քանի որ իրենց  ուսուցիչը միշտ հիշեցնում էր իրենց այդ տոնի մասին ու, որպես կանոն, այդ ժամանակ իրենք  նվիրում էին իրենց կողքին նստող դասընկերուհուն. «Այս ավանդույթը մինչև հիմա էլ ինձ մոտ պահպանվել է, այս տարի էլ որոշել եմ նվիրել Վահագն Դիբլարյանի «100 բիզնես գաղտնիք» գիրքը, քանի որ այն շատ մոտիվացնող է և ուսուցանող»,-ասում է Միքայելը:

34-ամյա Մարինեն իր 9-ամյա տղայի մեջ գրքի հանդեպ հետաքրքրությունը նկատել է դեռ 6 ամսականում, երբ իրեն առաջին անգամ գիրք է նվիրել: Բռնում էր ձեռքը և երկար ուսումնասիրում: Հիմա ամեն օր պարտադիր մի բան ընթերցում է: Փոքր տղան 4տ է. ավելի շատ սիրում է գրքեր, որոնց մեջ կան տարբեր խաղեր` լաբիրինթ, նկարների մեջ տարբերություն գտնել. «Ես ու ամուսինս էլ հաճախակի կարդում ենք: Մեր ընտանիքում բոլորս էլ շատ սիրում ենք գիրք նվեր ստանալ և նվիրել»,-պատմում է Մարինեն:

«Փետրվարի 19-ին՝ գիրք նվիրելու օրը, մարդիկ սկսում են ավելի շատ գիրք գնել, որն ամեն տարի գնալով կարծես վարակի պես ավելանում է, և արդյունքում՝ հաարակությունը շատ է կարդում»,- մեզ հետ զրույցում նշեց վաճառող Արա Սահակյանը:

Journalist.am-ի հարցին, թե մարդիկ, հիմնականում, ինչ ժանրի ստեղծագործություն ներ են նախընտրում, ըստ Արա Սահակյանի՝ պատերազմը պատճառ հանդիսացավ, որպեսզի մարդիկ սկսեն կարդալ «Գարեգին Նժդեհ», Կարո Վարդանյանի «Պայթյուններ Թուրքիայում և ոչ միայն», «Զորավար Անդրանիկ», Ադոլֆ Հիտլերի «Իմ պայքարը». «Դա պայմանավորված է նրանով, որ մինչ այդ բացը չենք հասցրել լրացնենք, կամ չենք գիտակցել դրա կարևորությունը: Պատերազմից հետո մարդիկ սկսել են ավելի լուրջ վերաբերվել և կարդալ այս հեղինակներին»,-ասում է Արա Սահակյանը:

Մեր այն հարցին, թե ինչպես պետք է օգնել երեխային սիրել գիրքը, հոգեբանը նշեց, որ կարելի է կազմակերպել խաղ-մրցույթներ. տվյալ գրքերից որն է լավագույն խոսքերը, որ հատվածը քեզ դուր եկավ: Սա կարելի է կազմակերպել ընկերների, ընտանիքի անդամների հետ, ովքեր ևս  կնպաստեն գրքի ընթերցանությանը. «Օրինակ՝ ինձ դուր եկավ այս գիրքը, միգուցե դու էլ կարդաս ու կարծիքդ հայտնես»,-բացատրում է մասնագետը:

25-ամյա Գոհարը, ով մեկ որդի ունի, կարծում է, որ երեխայի կյանքում գրքի դերը չափազանց կարևոր է և անհրաժեշտ: Քանի որ փոքրիկները կյանք մուտք են գործում  հեքիաթներ լսելով, հեքիաթի պատկերները ուսումնասիրելով։ Ըստ նրա՝ գիրք-երեխա հանդիպումը կարելի է կազմակերպել, երբ երեխան 1,5-2 տարեկան է, մինչ այդ կարելի է պատկերները ցույց տալ` մեկնաբանելով. «Երեխայի համար լավագույն օրինակը ծնողն է, եթե ծնողը մեծ սեր և հետաքրքրություն է ցուցաբերում գրքի նկատմամբ, եթե յուրահատուկ ձևով ներկայացվում է բալիկին, նաև երեխան կսիրի գիրք»,-ասում է Գոհարը:

Երեխաների համար մի քանի ամսեկանից կարելի է ընթերցել, հենց այդ տարիքից սկսած կարելի է փոքրիկ և հետաքրքիր գրքեր նվիրել, կարելի է ընտրել պատկերազարդ նկարով գրքեր, սկսել պատմել, թույլ տալ՝ երեխան էլ պատմի այն պատմությունը, որն ինքն է տեսնում. «Ամենակարևորը կսովորեն նվիրելու կարողություն, սեր դեպի ընթերցանությունը: Հաճախ երեխաներին նվիրեք գրքեր՝ դրանով խթանելով ընթերցանությանը»,-ասում է Քնարիկ Ղազարյանը:

Հոգեբանը հավելում է՝ ծնողի դերն այս գործում մեծ է: Երեխան սպունգի նման կրկնօրինակում է, ծնողն իր օրինակով պետք է ընթերցի, ցույց տա, որ հաճելի է գիրք կարդալը: Հետագայում կարելի է գրքերի մասին պատմել, կամ ասել՝ ինչ տվեց մեզ այս կամ այն գիրքը:

Էլիզա Գրիգորյան

3-րդ կուրս

Կիսվել