Ռոմանոս Մելիքյանի անվան պետական քոլեջի ուսանողական խորհրդի նախագահ, «Տարոնցիներ» ազգագրական երգի և պարի համույթի երգող և պարող Էդգար Մարտիրոսյանը «Journalist.am»-ի հետ զրույցում խոսել է ազգային երաժշտության, իր բազում շնորհակալագրերի և հետագա ծրագրերի մասին։
-Ե՞րբ հասկացաք, որ երգը Ձեր տարերքն է, և ընտրեցիք հենց այդ բնագավառը:
-Ինը տարեկան էի, երբ դպրոցում երգիս ուսուցչուհին, լսելով ինձ, խորհուրդ տվեց ավելի պրոֆեսիոնալ մակարդակով զբաղվել երգով։ Այդ ժամանակ դեռ չէի էլ կարող պատկերացնել, որ երաժշտությունը կդառնա տարերք ու առօրյայիս հիմնական մասը։ Իսկ այսօր ունեմ այն, ինչ ունեմ. երաժշտությունն իմ կյանքն է։
–Դուք Ձեր առաջին քայլերն արել եք Ջիվանու անվան աշուղական դպրոցում: Ինչո՞ւ ընտրեցիք ժողովրդական և աշուղական երգը:
-Ապրելով ավանդական հայ ընտանիքում ՝ մշտապես լսել եմ ազգային, ժողովրդական և աշուղական երգ ու երաժշտություն։ Պապս եղել է դհոլահար, մայրս ոչ պրոֆեսիոնալ, բայց երգել է։ Պապիս գործը շարունակող էր պետք, և դա պետք է ես լինեի, չնայած դեռ ինը տարեկանում դա պատկերացնել չէի կարող։
–Ոչ միայն երգում եք, այլև նվագում: Անցյալ տարի ավարտել եք դաշնամուրի բաժնի լրիվ դասընթացը ՝ գերազանց առաջադիմությամբ: Նշեցիք, որ պապիկի գործը շարունակող էր պետք, բայց ընտրեցիք դաշնամուրը, ինչո՞ւ:
-Դաշնամուրն ինձ համար արքայական ու կատարյալ գործիք է։ Երբ ընդունվեցի երաժշտական դպրոց, շատ էի լսում դաշնամուր ու երազում էի նվագելու մասին։ Վոկալ բաժին ընդունվելուց մեկ տարի անց ընդունվեցի ոլորտի լավագույն մասնագետներից մեկի՝ Աստղիկ Բրուտյանի դաշնամուրի դասարան։ Պապիս գործը շարունակելն էլ իրականում համարում եմ ստացված, որովհետև թե՛ իմ, թե՛ պապիս գործի բուն էությունը ազգայինը պահպանելն է։ Ճիշտ է, ես չարեցի դա դհոլով, բայց արեցի երգ ու պարով:
–Ինստագրամյան ձեր էջում գրառում եք կատարել, որ կյանքն ապրել բեմում, նշանակում է հավերժ ճախրել, իսկ ի՞նչ է կյանքն առանց բեմի Ձեզ համար:
-Բեմում գտվելիս զգում ես մի բան, որն ըստ իս՝ բնավ բացատրել չի լինի… Այդ զգացողությունները քեզ կտրում են ներկայից և տեղափոխում մի լուսավոր վայր, որտեղ դու ես, քո հնչյունները և հանդիսատեսի էներգիան։ Մի քանի րոպե գտնվելով բեմում՝ հասնում ես անվերջանալի թվացող կատարելության։ Ապրել առանց բեմի՝ կնշանակի ապրել առնվազն առանց վերոնշյալ զգացողությունների:
–Դուք մասնակցել եք աշուղ Նազելիի երգերի մրցույթին, «Նռան սերմեր» փառատոնին, «Dance Art Studio» համերգային ծրագրին և մի շարք այլ մրցույթների: Ունեք բազում շնորհակալագրեր և պատվոգրեր, ո ՞ րն է դրանցից ամենանշանակալին Ձեզ համար:
-Ինձ համար կարևոր են բոլոր այն մրցանակներն ու պատվոգրերը, որոնք ստացել եմ։ Առավել ոգևորիչ են անկեղծ գնահատանքի խոսքերը, որոնք լսել եմ թե՛ ոչ պրոֆեսիոնալ հանդիսատեսից, թե՛ արվեստի և մշակույթի նշանավոր գործիչներից։ Եթե անդրադառնամ մրցանակի ծավալին, ապա ծավալի մեծությամբ աչքի ընկնող է «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի առաջին կարգի մրցանակը, որի շրջանակներում առաջին անգամ հանդես եկա նաև հոգևոր ստեղծագործությամբ։
-Այս տարի ընդունվելու եք Երևանի պետական համալսարանի Հանրային կառավարման ֆակուլտետ: Երաժշտությունից ինչո՞ւ անցում կատարեցիք հանրային կառավարման ոլորտ:
-Դեռ դպրոցական տարիներից մշտապես զբաղվել եմ հասարակական ակտիվ գործունեությամբ, 2019 թվականից Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի ուսանողական խորհրդի նախագահի պաշտոնն եմ զբաղեցնում և ըստ երևույթի՝ նկատելի են արմատներ հետագայում որպես կառավարիչ լայն գործունեություն ծավալելու։ Բացի դրանից, հետաքրքրություններս մեծ են հումանիտար առարկաների նկատմամբ։ Հուսով եմ՝ ընտրության հարցում չեմ սխալվել. չնայած զուգահեռ հանրային կառավարման, երաժշտության ոլորտում դադար երբեք չեմ տալու։
– Մի քանի տարի անց Էդգար Մարտիրոսյանին կտեսնենք հանրային կառավարմա՞ն, թե՞ երգի ոլորտում:
-Էդգար Մարտիրոսյանն ինքն իրեն տեսնում է որպես արժանի հայորդի՝ սա առաջնահերթ։ Մնացյալը ցույց կտան ժամանակն ու իմ աշխատասիրությունը։ Կլինեմ այնտեղ, որտեղ կլինեմ միայն լավագույնը, քանի որ կիսատությունն իմը չէ։
Ստեֆանի Օհանջանյան
2-րդ կուրս