«Ֆիզիկայի լավ իմացությունը շատ դռներ է բացում դեպի դրա հետ կապված այլ...

«Ֆիզիկայի լավ իմացությունը շատ դռներ է բացում դեպի դրա հետ կապված այլ ոլորտներ». Օլիմպիադայի ոսկե մեդալակիր

830

Դեկտեմբերի 7-14-ն անցկացվեց ֆիզիկայի միջազգային օլիմպիադան, որը պետք է տեղի ունենար ամռանը Վիլնյուսում, բայց կորոնավիրուսային համաճարակի պատճառով անցկացվեց առցանց։ Օլիմպիադային մասնակցել է 52 երկրի 250 աշակերտ։ Հայաստանը ներկայացել է հինգ մասնակիցներով, որոնք Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցի սաներ են: Օլիմպիադայի արդյունքներով՝ 12-րդ դասարանի աշակերտ Արտաշես Գյոլեցյանն արժանացել է ոսկե, իսկ Հակոբ Չախոյանն ու Ռուբեն Կարախանյանը՝ բրոնզե մեդալների: Զրուցել ենք Արտաշեսի հետ։

-Արտաշե՛ս,  շնորհավորում եմ հաջողությունների կապակցությամբ և առաջարկում եմ սկսել։ Ինչո՞վ քեզ գրավեցին  ֆիզիկան ու աստղագիտությունը։

-Ինձ մանկուց հետաքրքրել են տարատեսակ մեխանիզմները, իսկ դրանք հասկանալու համար անհրաժեշտ էր իմանալ ֆիզիկա, ինչով էլ սկսեցի զբաղվել, երբ հնարավորություն եղավ։

-Իսկ ե՞րբ քայլերդ տարան Ֆիզմաթ, և հասկացար, որ ուզում ես խորությամբ ուսումնասիրել այս բնագավառը։

-Բնագավառի նկատմամբ սերը երևի ի ծնե եմ ունեցել, և երբ  4-րդ դասարանում իմացա Ֆիզմաթի մասին, իմ առջև նպատակ դրեցի և 3 տարի անց հասա դրան։

-Հարազատներիդ մեջ ֆիզիկայով զբաղվողներ կա՞ն։

-Չէ, ֆիզիկայով զբաղվողներ չկան, բայց հայրս իմ մեջ սերմանել է հետաքրքրությունն այս ամենի նկատմամբ։ Ինձ թվում է, որ նա մեծ դեր  է ունեցել իմ ընտրության մեջ։

Իսկ կասեի՞ր, որ ծնողներիդ երազանքներն են դարձել քո երազանքների հիմքը։

-Ինձ թվում է, որ նրանք ունեցել են իրենց մեծ դերը իմ երազանքը կերտելիս։

-Արտաշես, տեղյակ եմ, որ օլիմպիադան անցել է առցանց եղանակով։ Կնշե՞ս այս ձևով ուժերը փորձելու բարդությունները և առավելությունները։

-Բարդություններ առանձնապես չեն եղել, սակայն առցանց օլիմպիադան ենթադրում է, որ չի լինում շփում այլազգի աշակերտների հետ, ինչն այս օլիմպիադաների կարևոր կողմերից է։ Միակ առավելությունը նույն թերությունն է. մասնակցել մրցույթին հարազատ վայրից ավելի հեշտ ու հաճելի է, սակայն չկա փորձի փոխանակում նոր մարդկանց հետ։

-Դու հոկտեմբերին արդեն արժանացել էիր աստղագիտության օլիմպիադայի ոսկե մեդալին։ Արդյոք դա օգնե՞ց ավելի ինքնավստահ լինել և ազդեցություն ունեցա՞վ երկրորդ ոսկին շահելու ճանապարհին։

-Ինձ թվում է, որ դա շատ բան չփոխեց, որովհետև ես ներքուստ գիտակցում էի, որ աստղագիտությունը և ֆիզիկան, ինչքան էլ մոտ լինեն, էապես տարբերվում են։

-Մենք երբեմն լսում ենք կարծիքներ, որ ֆիզիկան ու աստղագիտությունը հակադիր բևեռներ են ու իրար հետ կապ ունենալ չեն կարող։ Ուրեմն համաձա՞յն ես այս կարծիքի հետ։

-Չէի ասի, որ այդպիսի կարծիքը համատարած է, քանի որ նրանք երկուսն էլ ճշգրիտ գիտություններ են, և աստղագիտությունն օգտագործում է շատ գործիքներ ֆիզիկայից։

-Արտաշես, ի՞նչ խորհուրդ կտաս այն աշակերտներին, ովքեր սիրում են այս ոլորտը, բայց այն հեռանկարային չեն համարում։

-Միգուցե համաձայն կլինեմ, որ աստղագիտությունը հեռանկարային չէ, սակայն ֆիզիկայի լավ իմացությունը շատ դռներ է բացում դեպի այլ ոլորտներ, որոնք որևէ կերպ կապ ունեն ֆիզիկայի հետ։

-Քո կարծիքով՝ այս գիտությունների ոչ հեռանկարային լինելու խնդիրը միայն Հայաստանո՞ւմ կա, թե՞ արտասահմանում ևս։

-Խնդիրը հանդիպում է Հայաստանից բացի այլ երկրներում ևս։ Ես համարում եմ, որ դա շատ մեծ խնդիր է, որովհետև հենց ֆիզիկան է բացում ուղին դեպի զարգացած արդյունաբերություն, ինչը շատ կարևոր է զարգացող երկրների համար։ Զարգացած երկրներում այսպիսի խնդիրներն ավելի քիչ են։ Իսկ միգուցե այդ երկրները զարգացած են, որովհետև հաղթահարե՞լ են այդ առաջնային քայլը։

-Որպես վերջաբան՝դու ապագայում քեզ տեսնո՞ւմ ես այս ոլորտում՝գիտնականի դերում, թե՞ մասնագիտական ընտրությունը կտանի ուրիշ ոլորտ։

-Ինձ չեմ տեսնում գիտնականի դերում, սակայն մասնագիտության ընտրությունս  կապ կունենա ֆիզիկայի հետ։

Օֆելյա Արսենյան

2-րդ կուրս

Կիսվել