«Սկսեցի համեմատել լեզուները բանալիների հետ». լեզվաբան-նկարչուհի Իրինա

«Սկսեցի համեմատել լեզուները բանալիների հետ». լեզվաբան-նկարչուհի Իրինա

623

Տասնիննամյա Իրինան սովորում է Բրյուսովի անվան պետական համալսարանի Թարգմանության և միջմշակութային հաղորդակցության ֆակուլտետի երկրորդ  կուրսում: Փոքր տարիքից շատ հետաքրքրասեր է եղել, փորձել է ինքնուրույն գտնել բոլոր ինչուների պատասխանը։ «Քանի որ մեծացել եմ տեխնոլոգիաների ակտիվ զարգացման ժամանակահատվածում, իմ բոլոր հարցերի պատասխանն ուներ համացանցը։ Չնայած կոնսերվատիվ մարդկանց կարծիքի, թե համացանցը բացասական ազդեցություն ունի մեզ վրա, իմ կարծիքով՝ այն, որ մենք միակ սերունդն ենք ամբողջ մարդկության պատմության մեջ, որ ունի հնարավորություն գրպանի սարքի միջոցով միլիոնավոր գրքեր գտնել, շփվել շատ հեռվում գտնվող մարդկանց հետ, մեզ բավականին մեծ առավելություն է տալիս։ Հենց այդպես էլ սովորեցի ռուսերեն։ Հիմա որ համեմատում եմ՝ ինչքան շատ տեղեկություն կկորցնեի, եթե սահմանափակվեի մի լեզվով, սարսափում եմ»,- ասում է Իրինան։

Իրինային դեռահասության շրջանում ամեն ինչ հետաքրքրում էր և ոչ մակերեսայնորեն. «Մտածում էի, օրինակ, ինչպե՞ս է աշխատում լամպը, ո՞վ է ստեղծել, ո՞նց է այդ մտքին եկել։ Օհ, Թոմաս Էդիսո՞նը. ո՞վ է եղել նա: Ու այդպես խորանում էի ֆիզիկայի մեջ, մոտակա շաբաթները թեմայից թեմա էր բացվում, ու կարդում էի դրանց մասին: Հետաքրքում էին նաև փիլիսոփայությանը վերաբերող հարցեր, օրինակ՝ ինչո՞ւ ենք մենք աշխարհ գալիս, ինչպե՞ս է աշխատում բանականությունը, ո՞րն է կյանքի իմաստը, ու խորանում էի էքզիստենցիալիզմի, նիհիլիզմի, հեդոնիզմի գաղափարախոսությունների մեջ, մինչև որ ձևավորեց իմ սեփական կարծիքը»:

Բայց միշտ Իրինային ամենից շատ դուր է եկել պատմությունը: Նրա կարծիքով՝ պատմությունն ամփոփում է այս ամենը։ Նրան հետաքրքրել են բոլոր ակնառու գործիչները, մեր զարգացման երկար ընթացքը, տարբեր գաղափարախոսությունների պատճառով առաջացած պատերազմներն ու թե մի փոքրիկ մտքից ինչի կարող էր հանգել ամբողջ մարդկությունը. «Միշտ պատմական գործիչներն ավելի են ոգեշնչել, քան, օրինակ, գրական կերպարները։ Դու երկուսի մասին էլ կարդում ես գրքերում, բայց մեկը գտնվում է իրավիճակում, որը կարող էր և չլինել իրական կյանքում, իսկ մյուսը հաղթահարել է ամենն ու փորձ ձեռք բերել»:

Լեզուներ սիրող Իրինան այժմ գիտի ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, Կորեայով հետաքրքրված լինելով՝ կարողանում է կարդալ կորեերեն և որոշ չափով հասկանալ:

Իրինան, բացի լեզուներով հետաքրքրված լինելուց, սիրում է նկարել: Նկարում է հիմնականում դիմանկարներ: «Նկարչությունն ինձ համար միշտ եղել է անփոխարինելի, մի բան, որն ինձնից չէին խլի, որի միջոցով կկարողանայի մտքերս արտահայտել, ու դա միշտ տարբերվող  կլիներ: Այն ինձ օգնում էր հաղթահարել կյանքի դժվար պահերը»,- ասում է նա:

Սկսել է նկարել, որովհետև կար ժամանակ, որ իրեն մենակ էր զգում. «Փոքր էի, երբ դասարանում ոչ ոքի հետ լեզու չէի գտնում: Երևի հինգերորդ դասարանում էի, երբ լսեցի՝ ինչպես իմ դասընկերն ինձ կոչեց  «մոտիկ ընկեր»: Ասել՝ ապշած էի, երևի քիչ կլինի: Տանը մտածում էի, թե ինչպես փոխհատուցեմ, ու այդպես նկարեցի իմ առաջին դիմանկարը: Գլուխգործոց չէր, բայց դեռ չէի գիտակցում, որ ճանապարհի սկիզբն էր: Ցավոք, քաջությունս չհերիքեց, որ նվիրեի, ու այդպես էլ թողեցի տանն ու չնվիրեցի: Նա նույնիսկ չիմացավ էլ, որ ժամեր եմ ծախսել՝ իր դիմագծերն ուսումնասիրելով: Բայց հեռախոսով նկարեցի ու հաջորդ օրը դպրոցում մեկ ուրիշի ցույց տվեցի աշխատանքս: Ի զարմանս ինձ՝ նա ճանաչեց՝ ասելով՝ լավ է ստացվել: Այնուհետև առաջարկեցի իրեն ևս նկարել, ու այդտեղից սկսվեց ամեն ինչ»:

Եվ այդպես Իրինային սկսել են ճանաչել: Ասում է, որ հիշողության մեջ շատ պատկերավոր դրոշմվել է, թե ինչպես էին ընկերները կատակով կռվում իրար հետ, թե հաջորդ օրն ում նկարը պետք է նկարի: Այսպես ամաչկոտ Իրինան գտել է մի բան, որով հետաքրքել է մարդկանց, ու նրանք սկսել են շփվել իր հետ. «Ես ձեռք բերեցի փորձ, գտա մի բան, ինչով զբաղվելն իրոք հաճույք էր պատճառում: Բայց ամենակարևորը՝ կային մարդիկ, ովքեր միշտ աջակցում էին, գովում, ու դա էր ինձ առաջ տանում: Առանց նրանց օգնության ես չէի զարգացնի այս ունակությունը, չէի էլ բացահայտի, և չնայած տարիներ են անցել, ու շատերը հաստատ մոռացել են, բայց ես հավերժ շնորհակալ կլինեմ նրանցից ու երբեմնի «մոտիկ ընկերոջիցս»»:

Ալվարդ Բաղդասարյան

2-րդ կուրս

Կիսվել