«Արվեստն իմ երակներում է». պարուհի Մերի Ավչյան

«Արվեստն իմ երակներում է». պարուհի Մերի Ավչյան

905

«Էմբոլադա» պարային համույթի 21-ամյա  պարուհի Մերի Ավչյանը պատմում է պարային դժվարությունների, իր դաջվածքի և Հայաստանում ճանապարհորդելու մասին:

Պարարվեստում ե՞րբ եք կատարել Ձեր առաջին և կարևոր քայլերը:

-Դեռ 7 տարկանից արվեստի մեջ եմ եղել, այն իմ երակներում է: Կարևոր  քայլը հենց պարով զբաղվելն էր, այն շատ է փոխել ինձ, իմ կյանքը: Պարով սկսել եմ զբաղվել 12 տարեկանից լատինոամերիկյան ոճով, 1 տարի անց սկսեցի ուսումնասիրել Հիփ հոփ ոճը և հետագայում շարունակեցի այդ ոճով:

Նշեցիք, որ հանդես եք գալիս Հիփ հոփ պարային ոճում: Ինչպե՞ս եք հաղթահարում այդ ոճի դժվարությունները:

-Ինձ միանգամից գտա այդ ոճում, միամգամից դարձավ իմը: Ճիշտ է, սկզբում շատ դժվար էր, քանի որ Հիփ հոփը պահանջում է ուժեղ ֆիզիկական տվյալներ, ճկունություն, սակայն շատ աշխատասիրությունը ստիպեց, որ անցնեմ այդ դժվարությունների միջով։ Եթե մի բան չի ստացվում կամ վատ է ստացվում, ապա դա միայն ծուլությունից է:

-Որքանո՞վ է Հայաստանում տարածված Հիփ հոփ պարային ոճը:

-Իրականում Հիփ հոփ ոճը կա ու միշտ էլ կմնա փողոցային պարերի (street dance) մի  մասնիկը։ Հավաքվել, կազմակերպել battle-ներ,(մրցակցություններ), ուղղակի հաճույք ստանալ քո պարից, չփորձել լինել մյուսներից լավը։ Հայաստանում շատ քիչ հիփ հոփ պարաոճին տիրապետող մարդիկ կան, կուզենայի՝ լիներ հակառակը։

Ձեզ հաճախ դիմում են Shady մականվամբԻնչու՞ Shady և ի՞նչ է այն նշանակում :

-Այո´, հիմանականում այլազգի ընկերներս եւ պարային շրջապատի մարդիկ։ 2018թ որոշեցի ունենալ պարային նիկնեյմ(մականուն), և առաջինը, ինչը եկավ մտքիս, հենց Shady-ն էր։ Մականունը կապված է սիրված և հայտնի Ռեփ արտիստ Էմինեմի հետ, նրան դեռ 2000 ականներին դիմում էին Slim Shady կեղծանվամբ: Ես էլ հեղինակային իրավունքներ չխախտելու համար միայն վերցրի Shady-ն: Ի դեպ, Shady բառը, ըստ Էմինեմի, բացատրություն չունի։

Ձեր ձեռքին ունեք «Հիփ հոփն իմ ապրելակերպն է» գրությամբ դաջվածքը: Այլ դաջվածքներ ևս արել եք։ Արդյո՞ք դաջվածք ունենալը Ձեզ համար հոբբի է:

-Իրականում դա առաջին դաջվածքս է, որի ուղղությամբ շատ երկար չեմ մտածել: Այն, ինչ սիրտս ու միտքս ասեցին, դա էլ արեցի։ Ձեռքիս մեկ նախադասությանը նայելով՝  մարդիկ հասկանում են իմ ես-ը, ոճը, ով լինելը։ Ամեն դաջվածք նոր շունչ է բերում իմ կյանք:

-Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում սովորում եք օպերատորություն: Ինչպե՞ս ստացվեց, որ ընտրեցինք հենց այս մասնագիտությունը:

-Սկզբում կինոռեժիսոր  էի ցանկանում դառնալ, սակայն ժամանակի ընթացքում շատ բան փոխվեց, ինչպես յուրաքանչյուրի մոտ մասնագիտություն ընտրելիս։ Օպերատորությամբ սկսեցի զբաղվել 3-րդ կուրսից և հասկացա, որ տեսախցիկի հետևում ինձ զգում եմ իմ իրական աշխարհում։ Այն ինձ համար ոչ միայն մասնագիտություն է, այլև հանգստանալու, իրականությունից կտրվելու միջոց՝ ուղիղ և  փոխաբերական իմաստներով։

-Ձբաղվում եք նաև  լուսանկարչությամբ և այդ լուսանկարներում գերակշռում է սև գույնը: Ի՞նչ խորհուրդ ունի այն Ձեզ համար:

-Լուսանկարում եմ իրականությունից դուրս։ Մտքերս գունավոր են, սևը արդեն ոճ է դառնում: Նկարում եմ անգիտակցաբար: Մինչև նկարահանումը օրերով մտածում եմ ապագա նկարների մասին, փորձում եմ այնպես անել, որ նկարները խոսեն դիտողի հետ։ Իմ ամեն մի նկարի հետ կարծես ես ինքս էլ կոնտակտի մեջ եմ մտնում: Կարողանում եմ իրականությունն այն կողմ թեքել, որը ես եմ տեսնում։

– Ֆեյսբուքյան Ձեր էջում կատարել եք հետևյալ գրառումը` «Ես հասկացա, որ ճանապարհորդելը ամենից կարևորն  է մարդու կյանքում»: Ինչո՞ւ է այն Ձեզ համար կարևոր։

-Ամենակարևոր բանը ցանկացած արկածասեր, կյանքը սիրող մարդու համար, ըստ իս, ճամփորդելն է։ Ճանապարհ գնալիս մարդն առաջինը ծանոթանում է ինքն իր հետ, սովորում գնահատել բնությունը, շրջակա աշխարհը, գտնում նոր ընկերներ: Այն էներգիան, որը փոխանցվում է յուրաքանչյուր ճամփորդությունից հետո, նկարագրել չի ստացվի: Ճանապարհորդելն ինձ տալիս է ուժ, մոտիվացիա: Բնությունը այլ տեղ ունի իմ կյանքում:

Արևիկ Սարգսյան

2-րդ կուրս

Կիսվել