«Դու հանճար ես, երբ կավից կյանք ես կերտում». կավագործ Վազգեն Կարապետյան

«Դու հանճար ես, երբ կավից կյանք ես կերտում». կավագործ Վազգեն Կարապետյան

901

Վազգեն Կարապետյանը, ով արդեն 42 տարի զբաղվում է կավագործությամբ, մեզ հետ զրույցում խոսեց իր՝ 42 տարվա ընթացքում ձեռք բերված փորձից, կավի հետ աշխատելու նրբություններից, իր իսկ սեփական ձեռագրից և ոճից:

-Ե՞րբ և ինչպե՞ս ձևավորվեց սերը կավագործության հանդեպ:

-Կավագործության հանդեպ հետաքրքրություններս առաջացել են դեռ 17 տարեկանում։ Հայրս 15 տարի եղել է վերոնշյալ ոլորտում, բայց միայն զբաղվել է կավի ստացումով և չի ստեղծագործել։

-Նշեցիք, որ Ձեր հայրը նույնպես եղել է կավագործ, բայց չի ստեղծագործել, այլ զբաղվել է կավի ստացումով: Ի՞նչը Ձեզ ստիպեց ստեղծագործել կավով:

-Ես գնահատում եմ գեղեցկությունը։ Ես սիրում եմ գեղեգիտական հաճույք ստանալ իմ ամեն տեսածից, ուստի դրա աղբյուր կարող է հանդիսանալ առաջին հերթին հենց արվեստը։ Ինձ ստեղծագործ մարդ եմ համարում. կյանքի ներդաշնակությունն եմ տեսնում արարման մեջ։ Ինչպե՞ս կարող էի չտալ հոգիս արվեստին և իհարկե կավին։ Դու հանճար ես, երբ կավից կյանք ես կերտում։

-Վաղ տարիքից ստեղծագործում եք, ի՞նչ դժվարություններ եք ունեցել կավի հետ աշխատելիս:

-Գիտե՞ք՝ դժվարություններին զարմանալիորեն դրական աչքով եմ նայում։ Չեմ սիրում առանց դժվարության կյանքը. կյանքը գեղեցիկ է, երբ ջանք կա ներսում։ Առանց դժվարության դժվար թե գնահատես արդյունքը։

-Դուք 10 տարի աշխատել եք կերամիկական իրերի կոմբինատում: 10 տարվա ընթացքում ի՞նչ փորձ ձեռք բերեցիք, որը հետագայում կիրառել եք կամ կիրառելու եք կավի հետ աշխատելիս:

-Սովորել եմ կավի հետ խոսել, միտքս կավին փոխանցել, կավին կերակրել ու ինքս կշտանալ։ Ամեն օրս փորձառության դաշտ էր. փորձում էի ամեն բան ընկալել ու հասկանալ։ Կարծում եմ՝տարիներս զուր չէին:

Ամեն կավագործ վարպետ ունի իր ոճը, ձեռագիրը, իսկ ո՞րն է Ձերը:

-Իմը՝ օգտակարն ու հարմարավետն է։ Գեղեցիկի նկատմամբ տարբեր ըմբռնումներն են դրա ապացույցը։ Քանզի ինձ համար գեղեցիկը հաճելին ու օգտակարն է, դրա մեկտեղումը հարմարավետության հետ։

-Ըստ Ձեզ ՝ բացի ֆիզիկական ուժից, էլ ի՞նչ է անհրաժեշտ կավի հետ ստեղծագործելիս։

-Ֆիզիկական ուժը վերջին տեղում է։ Կարևորը մտքի ուժն է։Կարևորում եմ նաև կավին որպես շնչավորի վերաբերվելը, և, իհարկե, գնահատողական մոտեցումդ քո իսկ ստեղծածի նկատմամբ։

-Արդեն 42 տարի է՝ զբաղվում եք կավագործությամբ, ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակներին:

-Ճանաչե՛ք նախ և առաջ ինքներդ ձեզ։ Ես կյանքի մեծագույն էության հիմքում ինքնաճանաչողությունն եմ դնում։ Եթե քեզ չես ճանաչում, ուրեմն չգիտես՝ արդյոք ընտրածդ ոլորտը սիրում ես։ Այս ամենը հասցրեց մի շղթայի՝ մարդ-անհատ-սեր-ընտրություն-ոլորտ-ամբողջական կյանք։

Ստեֆանի Օհանջանյան

2-րդ կուրս

Կիսվել