Զրուցել ենք երիտասարդ երգչուհի, երաժիշտ, ստեղծագործող Թամարա Մխիթարյանի հետ:
-Կպատմեք՝ քանի՞ տարեկանից եք սկսել նվագել։
-Ինը տարեկանից. յոթ տարի «սովորեցի» ջութակ նվագել։ Հիմա, որ հետադարձ հայացք եմ գցում, հասկանում եմ, որ ոչինչ էլ չեմ սովորել իրականում ու ափսոսում եմ այդ յոթ տարիների համար, որ լավ չեմ պարապել։ Ներկայումս նվագում եմ, բայց ոչ ջութակ, կիթառ եմ նվագում ինքնուս, քանի որ կարոտ էի զգում երաժշտական գործիքի հանդեպ։
–Կարելի՞ է մտածել, որ կիթառը Ձեր ինքնարտահայտման միջոցն է։
-Գուցե այո, գուցե ոչ, որովհետև եթե դիտարկենք այդ տեսանկյունից, ապա շատ ինքնարտահայտման միջոցներ ունեմ։ Ստեղծագործում եմ, լուսանկարներ եմ անում, երգում եմ։
-Նշեցիք, որ երգում եք: Կպատմե՞ք, թե ինչպես ստացվեց, որ սկսեցիք երգել։
-Սկսեցի գնալ Թումո։ Այնտեղ մի գեղեցիկ օր բախտը ժպտաց, «Բամբիռ» խմբից կանչեցին լսումների, և մինչև օրս իրենց նախագծում երգում եմ։ Այդպես էլ սկսվեց երգելուս պատմությունը: Բայց չեմ թաքցնի, որ առանձին էլ եմ երգում, հիմնականում cover-ներ եմ անում։
-Կշարունակե՞ք երգեցողությամբ զբաղվել, թե՞ այլ պլաններ ունեք։
-Ներկա պահին սովորում եմ Սլավոնական համալսարանում որպես քաղաքագետ, բայց կարծում եմ, որ երգը երբեք չեմ թողնի, քանի որ խումբ եմ ստեղծել և հիմա համերգներ ենք պատրաստում, եթե պլաններս իրականանան, կմեկնենք Նյու Յորք, քանի որ Երևանը սիրտս է, Նյու Յորքը՝ հոգիս։ Շատ չեմ խոսի այդ մասին, երբ ամեն ինչ ստացվի, ինքներդ կտեսնեք և կլսեք։
-Բացի երգելուց և նվագելուց նաև ստեղծագործում եք։ Խոսենք ստեղծագործություններից։ Ի՞նչ ժանրի մեջ եք ստեղծագործում։
-Հիմնականում ստեղծագործում եմ արձակ, չնայած որ չափածոյից եմ սկսել, բայց հիմա չափածո ստեղծագործություններս հիմնականում վերածում եմ երգի։ Իսկ արձակի հետ կապված շատ մեծ պլաններ ունեմ: Փակագծերը չբացեմ, հետաքրքրություն պահպանեմ։ Առաջին գիրքս սկսել եմ գրել մոտ երկու տարի առաջ, արդեն վերջացրել եմ: Հրատարակելու և շնորհանդեսի նպատակներ ունեի, բայց համավարակի հետ կապված մտածեցի հետաձգել այդ ամեն ինչը։ Հիմա սկսել եմ աշխատել երկրորդ գրքիս վրա, այն ավելի լայնածավալ է ու երևի ավելի ուշ կավարտեմ։ Հուսամ՝ մոտ ժամանակներս ներկա կգտնվեք իմ առաջին գրքի շնորհանդեսին։
-Ինչի՞ մասին է գիքը։
Մարդկային զգացողությունների, զգացմունքների ու մտքերի գիշերային բովանդակության մասին է գիրքը։
Սիլվի Պետրոսյան
2-րդ կուրս