Ո՛չ թուրքական ապրանքին

Ո՛չ թուրքական ապրանքին

808

-Բարև Ձեզ, տաբատը թուրքակա՞ն է,-հարցնում ենք:

-Աղջիկ ջան, դե մի կերպ պե՞տք է ապրենք, թե՞ չէ։ Ապրանքն արդեն բերել եմ։

Արդեն 2 ամիս է, ինչ ուժի մեջ է մտել թուրքական ծագմամբ իրերի ներկրումը Հայաստան արգելող օրենքը, բայց հայ սպառողն ու վաճառողը դեռ շարունակում է նախապատվություն տալ թուրքական ապրանքներին։ Մինչդեռ սննդի կետերը, սուպերմարկետներն ու լայն ճանաչում ունեցող առևտրի կետերում թուրքական ծագմամբ իրերի բացակայությունը նկատելի էր պատերազմի առաջին օրերից, երբ հայ վաճառողն ու սպառողը համաձայնեցին շրջանառությունից հանել Թուրքիայից բերված իրերը։ Մի քանի մթերային խանութներում թուրքական արտադրության ապրանք անհնար էր գտնել.

-«Նազ» մարգարին ունե՞ք,-հարցնում ենք ։

-Ներեցեք, բայց չունենք, դրա փոխարեն կարող ենք առաջարկել ուրիշ, շատ ավելի որակյալ մարգարին։

-Իսկ կստանա՞ք:

-Ոչ, էլ չենք ստանալու։ Մեզ մոտ արդեն 3 ամսից ավել է, ինչ  թուրքական արտադրանք չկա։ Իսկ պահեստի ապրանքներն իրացնելու նպատակով բաժանվել են  սոցիալապես անապահով մարդկանց։ Հավանաբար այլևս երբեք, սուպերմարկետում թուրքական արտադրանքի ապրանք չեք կարող տեսնել»։

Զեյթույն համայնքի մթերային փոքր խանութում ևս պատկերը նույնն էր. «Աղջիկ ջան, էսքանից հետո էկել թուրքական մարգարին էս ուզում. այ էդ թուրքական մարգարինների պատճառով է իրանց բանակն ու տնտեսությունը հարստացել, իսկ մերը՝ չէ։ Քա՞նի անգամ ես հայ արտադրողից, հայ գյուղացուց կարագ առել, որ հիմա թուրքական ես ուզում: Ապրանքների առաքիչները եկել ու հավաքել են այդ ամենը»։

Իսկ հագուստ ներկրող անհատ ձեռներեցները դեռ շարունակում են վաճառել թուրքական արտադրության հագուստ՝ փաստելով, որ պահանջարկ կա, իսկ արդեն իսկ բերված իրերը շատ են. «Այս տաբատն էլ է թուրքական, բլուզն էլ, մաքուր բամբակ է աղջիկս, ընտիր ապրանք է, հաստատ չես փոշմանի»։

-Գիտե՞ք, որ արդեն օրենքով արգելվում է և չի կարելի վաճառել:

-Աղջիկ ջան, մի կերպ պետք է ապրե՞նք, թե՞ չէ, բա երեխաներիս ոնց պահեմ, տեղի հարկը ոնց տամ, ախր հայկականը շատ թանկ է։ Համ էլ գումարը վաղուց թուրքիայի տնտեսությունը զարգացրել է, վճարել ենք սրա համար, մեզանից էլ դուք գնեք հարկերը վճարենք, տնտեսությունը առաջ գնա»։

Ի տարբերություն անհատ ձեռներեցների, Հայաստանի մոլերում գտնվող թուրքական բրենդներից, օրինակ, «DE FACTO»-ի մի քանի մասնաճյուղ փակվել է:

Երևանի այս հակասական իրավիճակի հակապատկերն է մարզերում, որտեղ թե՛ գնորդները, թե՛ վաճառողները դեռ գնում ու վաճառում են թուրքական ապրանք:

«Ապարանում դժվար կարող ես գտնել խանութ, որտեղ վաճառվում է հայկական արտադրանք։ Բոլորը նախապատվությունը տալիս են թուրքականին, համ էժան է, համ որակով՝ մենք չենք կարող մեզ թույլ տալ ու հայկական բրենդներից օգտվել»,- մեզ հետ զրույցում նշեց ապարանի գյուղերից մեկի բնակչուհին:

Աննա Ասմանգուլյան

3-րդ կուրս

Կիսվել