Թափառող շները շարունակում են անհանգստացնել ք. Աբովյանի բնակիչներին

Թափառող շները շարունակում են անհանգստացնել ք. Աբովյանի բնակիչներին

1164

Քաղաք Աբովյանում փողոցային շների թիվը մեծացել է: Բնակիչները վախենալով են տնից դուրս գալիս: Ք. Աբովյանի շենքերից մեկի բնակչուհի Նաիրա Խաչատրյանը նշեց, որ տուն գալիս, երբ հատկապես տոպրակ է լինում ձեռքին, շները մոտ են գալիս: Նա ասաց, որ անգամ փորձել է տոպրակով հեռացնել, սակայն շները ավելի են մոտեցել:

«Մուտք մտնելուց էլ ենք վախենում, որ հանկարծ չհանդիպենք շներին, որովհետև չգիտենք, թե ինչպես կավարտվի այդ հանդիպումը»:

Մեզ հետ զրույցում էկոլրագրող Մարիամ Տաշչյանը առանձնացրեց խնդրի առաջացման մի քանի պատճառ:

«Առաջին պատճառը, որ մեզ մոտ մարդիկ տարիներ շարունակ առանց կանոնակարգման իրենց տներում պահել են կենդանիներ, հետո դուրս շպրտել:  Երկրորդ՝ բուծել են կենդանիներին անկանոն՝ առանց որևէ կարգավորման: Ու, Իհարկե, երրորդ պատճառը` տխրահռչակ «ՅունիգրաֆԻքսի» պատմությունն է, որ իբրև թե անընդհատ փորձում էին լուծել հարցը՝ կենդանիներին սպանելու միջոցով, բայց ինչպես տեսնում ենք` ոչ մի արդյունք»:

Բնակչուհի Նաիրա Խաչատրյանն ասաց, որ իր երեխաները վախենում են, և անգամ վերջին շրջանում տնից դուրս չեն գալիս:

«Շունը աղջկաս վրա է հարձակվել հենց մուտքում. հազիվ է փախել: Մեր շենքում կան բնակիչներ, ովքեր տանը շուն են պահում: Ես դրա դեմ ոչինչ չունեմ, նորմալ է: Բայց այլ հարց է, երբ փողոցային շներին բերում են և շենքի դիմաց կերակրում, կամ մուտք են թողնում: Մեր շենքում դոմոֆոն է տեղադրված, և մինչև կոդ չես հավաքում, չես կարող մտնել մուտք, հետևաբար՝ այդ շներին բնակիչներն են ներս թողնում: Ես դեմ չեմ, թող լավ վերաբերվեն, կերակրեն, բայց անեն դրսում և շենքից հեռու: Չմոռանանք հայտնի ասացվածքը`շան հետ ընկերացի՛ր, բայց փայտը ձեռքիցդ մի՛ գցիր»:

Մարիամ Տաշչյանի խոսքով՝ խնդիրը խորքային է, որովհետև հասարակության շրջանում կենդանիների նկատմամբ վերաբերմունքի տարրական գիտելիքները բացակայում են: Նա չի բացառում այն փաստը, որ շները կարող են հարձակվել մարդկանց վրա:

«Մեզ փոքրուց չեն սովորեցրել, թե ինչպես վարվել շների հետ փողոցում, տանը, ինչպես ճիշտ մոտենալ շանը, կամ միգուցե պետք չէ առհասարակ մոտենալ: Ինչ անել, երբ շունը հաչում է, կամ պատահում են դեպքեր, երբ ոհմակներով հարձակվում են, անժխտելի է: Ոչ ոք մեզ չի սովորեցրել՝ ինչպես վարվել. ո՛չ մեզ, ո՛չ էլ, հավանաբար՝ մեր ծնողներին: Շատ հաճախ, օրինակ, ծնողները տանը երեխային վախեցնում են շնով՝ արդեն իսկ նրան վատ տրամադրելով կենդանու նկատմամբ: Այդքանից հետո, բնականաբար, այդ երեխան շանը չի կարող վերաբերվել լավ, և շունը միգուցե մի օր հարձակվի և կծի նրան. շատ հավանական տարբերակ է»:

Շունը ամեն դեպքում կենդանի է և չունի բանականություն. հենց դրանով էլ մարդը տարբերվում է կենդանուց: Բանականության շնորհիվ է, որ մարդիկ կարող են կարգավորել այս հարցը արդյունավետ ձևով:

Բնակիչները դիմել են Աբովյանի քաղաքապետարան՝ լուծում ստանալու ակնկալիքով, սակայն՝ ապարդյուն: Կապ հաստատեցինք Աբովյանի քաղաքապետարանի հետ. պատասխանը մեկն էր. «Մեր լիազորությունների մեջ այլևս չի մտնում թափառող շների հարցով զբաղվելը»: Իսկ այն հարցին, թե ում դիմել, պատասխանեցին՝ «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ին:

Այն հարցին, թե ինչ լուծումներ է պատկերացնում, Մարիամ Տաշչյանը առաջարկում է տարբերակներ:

«Հիմա Երևան քաղաքում ստերջացման ծրագիրը, իհարկե, որոշակիորեն թերություններ ունի: Այդ ծրագրին զուգահեռ պետք է լայն մասշտաբներով իրականացվեն նաև կրթական ինչ-որ միջոցառումներ: Թեկուզ դպրոցներում ամիսը մեկ անգամ կարելի է հատկացնել ժամանակ՝ երեխաներին սովորեցնելու կենդանիների հետ վարվելու կանոնները. այն ամենակարևոր մասն է: Հաջորդ կարևոր քայլը՝ իրականացնել տանը բնակվող կենդանիների հաշվառում, գրանցում, որպեսզի տերերը պատասխանատվություն վերցնեն իրենց վրա և շներին դուրս չշպրտեն»:

Մարիամի խոսքով՝ այս կետերը չեն իրականացվում. միայն շներին ստերջացնում են ու հետ վերադարձնում:

Եթե Երևանում ծրագիրը գոնե մասամբ իրականացվում է, ապա մարզերում իրավիճակը այլ է: Ք. Աբովյանում՝ հատկապես վաղ առավոտյան և երեկոյան, կարելի է հանդիպել փողոցում շրջող ոհմակների:

«Ախր մեկը չի, երկուսը չի, 10-12 հատ են: Ինչքա՜ն կարա սենց շարունակվի: Աղբամաններն էլ դրսում են, չենք կարողանում աղբը թափել, վրա են տալիս: Վերջերս էլ շենքի հետևում մի կնոջ էին վրա տվել. խեղճին հազիվ փրկեց փողոցով անցնող մեքենան: Գիտենք իրենց ստերջացրածը: Ինչի էդ ստերջացրած շները չե՞ն հարձակվում. էն էլ ո՜նց են հարձակվում»,-բարկացավ բնակչուհի Քրիստինե Մուսաելյանը:

Բնակիչներ էլ կան, ովքեր կողմ են նույնիսկ շներին սպանելուն: Մարիամը, հակադարձելով այս մտքին, ասաց, որ շներին սպանելը ո՛չ կենդանասիրական է, ո՛չ մարդասիրական:

«Կենդանիները մեղավոր չեն, որ մարդիկ իրենց օգտագործել են ու դուրս շպրտել: Կենդանիները մեղավոր չեն, որ անկանոն բազմացել ու շատացել են: Ինչպես արդեն նշեցի՝ խնդրի լուծման միակ քաղաքակիրթ տարբերակը ստերջացումն է: Մի քանի տարի հետո մենք կզգանք շների թվի նվազում, հավանաբար: Արդյունքը գուցե մի փոքր ուշանա կամ մարդկանց աչքին տեսանելի չլինի, բայց անպայման լինելու է: Միջազգային փորձն էլ է այդպիսին. երբ շների թիվը կարգավորվի  հանրապետությունում, այսինքն՝ մնա որոշակի թվաքանակ, այդ ժամանակ հնարավոր կլինի նաև կացարաններ կառուցել կենդանիների համար և այլ տարբեր միջոցառումներ իրականացնել: Քաղաքակիրթ աշխարհում նմանատիպ հարցերը պետք է լուծել այնպես, որ արդյունավետ լինի բոլորի համար: Շներին սպանելով՝ հարցին լուծում չի տրվի»:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2019 թ. որոշմամբ`արգելվում է շների վնասազերծումը, իսկ օրինազանցներին սպասվում է քրեական պատասխանատվություն:

Ռոզա Խաչատրյան

2-րդ կուրս

Կիսվել