Գյուղի հերոսներն ու «մատիտ-սնարյադի» հեղինակները

Գյուղի հերոսներն ու «մատիտ-սնարյադի» հեղինակները

1280

«Յուրաքանչյուր մայր որդուն բանակ ճանապարհելիս միայն մի բանի՝ որդու ողջ ու առողջ վերադարձի համար է աղոթում»,- այսպես է մտածել տիկին Նարինեն, երբ գյուղի հերոսական անկյունը ստեղծելիս որպես պաստառի առաջին նկար ընտրել է «Մոր աղոթքը»:

Լոռու մարզի Սարչապետ համայնքի համայնքապետարանում իր ուրույն  տեղը ունի «հերոսական» պաստառը: Այս պաստառը գյուղի բուժաշխատող տիկին Նարինեն պատրաստել է դեռևս 2016 թվականին՝ Քառօրյա պատերազմից հետո: Ամեն տարի պաստառի նկարները փոխել է. ծառայությունից վերադարձած  զինվորների նկարները հանել, փոխարենը նոր մեկնածներինն է փակցրել, և այսպես տարիներ շարունակ. «Եթե բոլոր տղաների նկարները թողնեի, մի ամբողջ պատն էլ չէր բավականացնի»,- ասում է նա ու հավելում, որ դա չի նշանակում, թե նկարները դեն է նետել: Դարակից հանում է նկարների հավաքածուն ու սկսում անուն առ անուն թվել, թե ով, երբ և որտեղ է անցկացրել ծառայությունը:

Այս տարվա պաստառը  տարբերվում է մյուս տարվաններից. նրա վրա հայտնվել են հին ու նոր նկարներ՝ նոր պատմություններով: Այդ պատմություններից շատերը տիկին Նարինեն լսել է հենց տղաներից, ու այժմ, ամեն մեկի պատմությունը վերհիշելով, նորից ցավ է ապրում: Անգիր գիտի, թե պատերազմի ժամանակ ով, որտեղ և ինչ պայմաններում է եղել. «Արմանը Մարտունիում էր, բեկորային վնասվածք ստացավ,  Գևորգը նոր նշանված էր, թողեց նշանածին գնաց, իսկ մեր մյուս Գևորգը՝ ժամկետային զինծառայող, կապի վրա էր, հայրը գնաց, որ որդու հետ լինի, էն էլ որդուն տարան մեկ այլ տեղ դիրքեր հանեցին, Վոլոդյան հրամանատարի զոհվելու լուրը լսելուն պես մեկ երկու չի արել, հենց 28-ին էլ գնացել է, Միքայելը ուր ասես եղել է, որտեղ թեժ է եղել, այնտեղ էլ տարել են, Էդուարդը ժամկետային զնծառայող է, վիրավորում էր ստացել, բայց էլի հետ գնաց, իմ որդին էլ գնաց իր ծառայած տեղը՝ Եղնիկներ, Մարատին էլ ծանուցումով տարան»,- և այսպես պատմում է բոլորի մասին:

Ժամկետային զինծառայողներից շատերը դեռ չեն վերադարձել, իսկ տիկին Նարինեն ու գյուղի փոքրիկները նրանց համար անակնկալ ունեն. «Մտածեցինք, որ պետք է մեր զինվորներին ուրախ ու շնորհակալական խոսքերով դիմավորենք. փոքրիկները իրենց սրտի ուզածն են գրել թղթերի վրա, հենց տղաները գան, կբացեն ու կկարդան»:

Մաղթանքները լցված են մատիտ-սնարյադի մեջ: Տիկին Նարինեն ասում է ՝ ով ինչպես ուզում է՝ թող հասկանա, ում աչքը մատիտ կտեսնի, ում աչքը՝ սնարյադ. դե  երեխաներն էին պատրաստում ու պարզ է, որ գունավոր ու պայծառ էին ուզում, արդյունքում դարձավ գունավոր սնարյադ, մի քիչ էլ փոփոխեցինք ու ստացվեց մատիտ-սնարյադ»: 

Տիկին Նարինեն ինքն էլ չէր կարդացել, թե ինչ էին գրել երեխաները. միասին մի քանիսը կարդացինք. տպավորիչներից էր երկրորդ դասարանի աշակերտ Բարոյան Արմենի խոսքերը. «Ես ուզում եմ, որ հայ զինվորները շատ քաջ լինեն, ես հպարտանում եմ ձեզանով, ես գիտեմ, որ 2020 թիվը շատ վատ թիվ էր»:

Աննա Պալաքյան

2-րդ կուրս 

Կիսվել