Հեռավար ուսուցումից առկային անցնելու փուլում կարևոր է դուրս չթողնել հեռավարը․ կրթության փորձագետ

Հեռավար ուսուցումից առկային անցնելու փուլում կարևոր է դուրս չթողնել հեռավարը․ կրթության փորձագետ

927

2021 թվականի փետրվարից՝ ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում, կորոնավիրուսի համավարակով պարտադրված գրեթե մեկ տարվա ընդմիջումից հետո Հայաստանի բուհերում վերսկսվել են առկա պարապմունքները։ Որոշ բուհեր կիրառում են ուսուցման հիբրիդային մոդելներ, որոշներն էլ ամբողջությամբ վերադարձել են նախկին ձևին։

Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանող Հասմիկ Ճաղարյանն արդեն մի քանի շաբաթ է առկա դասերի է մասնակցում, սակայն իր ֆակուլտետի համար օնլայն տարբերակն ավելի արդյունավետ է համարում։ Նա թվարկում է մի շարք խոչընդոտներ։

«Ոչ համալսարանական բնույթի խնդիրներն են՝ խցանումները, հիվանդանոց հասնելու խնդիրը, քանի որ երբեմն լինում է՝ ճանապարհի վրա ավելի շատ ժամանակ է գնում, քան դասի։ Կարծում եմ՝ ավելի օպտիմալ կլիներ հիբրիդային տարբերակը, երբ օնլայն կանեինք տեսական մասը և մի քանի օր էլ կգնայինք պրակտիկ մասի համար։  Իսկ օնլայնը հնարավորություն էր տալիս լավ որակի նկարներ, վիդեոներ և այլ իրավիճակային խնդիրներ օգտագործել դասին, ինչը օֆլայնի պարագայում ոչ միշտ է հնարավոր՝ կախված պրոյեկտորի, նոութբուքի կամ դասախոսի հավեսի բացակայությունից»,-ասում է ԵՊԲՀ-ի ուսանողը։

Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի ուսանող Տիրուհի Հովհաննիսյանի կարծիքով՝ հիբրիդային եղանակը եւ’ առավելություններ ունի, և’ թերություններ։ Ուսանողները մարդկային շփման կարիք ունեն․ դասախոսի կենդանի ներկայացմամբ ուսանողներն ավելի լավ են ընկալում նյութը։ Որպես թերություն նա մատնանշում է այն, որ մարզերի ուսանողները  երկու օրվա համար կամ պետք է տուն վարձեն, կամ ամեն օր գնան գան։

«Ես ինքս կողմ եմ առկային, քանի որ խնդիր չունեմ մնալու, բայց ես ունեմ կուրսընկերներ, ովքեր ստիպված են գնալ գալ կամ մնալու տեղ չունեն։ Իրենց համար շատ դժվար է, միայն այդ ճանապարհի վրա անցկացրած ժամանակը հերիք է, որ հոգնես, էլ ունակ չլինես բան հասկանալու։ Բացի այդ, այն ժամանակը, որ կորցնում ես, ինչքան բան կարող էիր անել, այդ առումով խնդիր է առաջանում։ Ու այն փաստը, որ անորոշ է՝ դեռ ինչ կլինի, դա ավելի վատ է»,-ասում է նա։

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Կառավարում բաժնի ուսանող Վալենտինա Ստեփանյանի համար օնլայնից կրկին օֆլայն անցնելու միակ դժվարությունը եղավ առավոտյան շուտ համալսարան հասնելը։ Ըստ նրա՝ դեռևս անսովոր է մարդկանց հետ կենդանի շփումը։

«Նույնիսկ դասամիջոցներին չենք կարողանում միմյանց հետ ազատ շփվել, որովհետև թվում է, թե կրկին վերցնելու ենք հեռախոսները և չաթով ենք սկսելու խոսել։ Դասամիջոցներին չենք կարողանում դուրս գալ համալսարանից, անընդհատ ջերմաչափում է իրականացվում»,-ասում է նա։

Խաչատուր  Աբովյանի անվան  պետական մանկավարժական համալսարանի Լրագրության բաժնի ուսանող Սիմոն Հովանիսյանի համար նախորդ կիսամյակը հեռավոր մի շրջան է թվում։

«Օնլայնը վերջացավ առաջին կիսամյակում, երկրորդից արդեն օֆլայն էր: Ես ու կուրսընկերներս հեշտ հարմարվեցինք փոփոխություններին՝ կապված թե՛ օնլայն, թե՛ օֆլայն դասապրոցեսների հետ։ Կարծում եմ՝ ճիշտ է և պետք է, որ համալսարան գան այն ֆակուլտետները, որտեղ շփումն է կաևոր և առաջնային»,-նկատեց ՀՊՄՀ-ի ուսանողը։

Նույն համալսարանի Բանասիրության ֆակուլտետի ուսանող Ալիսա Աղաջանյանը համաձայն չէ, պնդում է, որ կան այնպիսի գործնական ժամեր, որոնք ավելի արդյունավետ կլինեն լսարանում անցկացնել, իսկ իրենք շաբաթական ընդամենը մեկ օր են գալիս, որը բավարար չէ։

«Հատկապես հայոց լեզվի գործնականները լսարանում ավելի լավ կանցնեն, ի վերջո, մասնագիտական առարկա է։ Իսկ օնլայն դասերի ժամանակ թելադրություններ չենք կարողանում գրել, ճիշտ է՝ փոխարենը համր բնագրերի վրա ենք աշխատում, բայց ավելի օգտակար կլիներ, եթե թելադրություններ էլ գրեինք»,-ասում է Ալիսա Աղաջանյանը։

Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում փետրվարից սկսվել են առկա դասերը բոլոր ֆակուլտետների և կուրսերի համար։ Թարգմանչության և միջմշակութային ֆակուլտետի ուսանող Լիլիթ Սարգսյանը պատմում է, որ օնլայն ուսուցման ժամանակ, որքան էլ լրջորեն է մոտեցել ուսուցմանը, միևնույն է, տրվող նյութը բավարար չի եղել։

«Առկա դասերը, իհարկե, անհամեմատելի են հեռավար եղանակով անցկացված դասապրոցեսի հետ։ Այժմ մատուցման հարցում ամեն ինչ կարգին է։ Սկզբնական շրջանում որոշ տեխնիկական խնդիրների պատճառով դասերը թերի են անցկացվել, կարծում եմ՝ այդ խնդիրները կլուծվեն և կվերադառնանք մեր բնականոն ռեժիմին»,-ասում է լեզվաբանական համալսարանի ուսանողը։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը բուհերին հայտնել էր, որ երկրորդ կիսամյակի ուսումնական գործընթացն անհրաժեշտ է կազմակերպել առկա ուսուցմամբ։ Ըստ անհրաժեշտության՝ համապատասխան դասընթացների համար ուսումնական պլանով նախատեսված դասախոսության ժամերը կարող են կազմակերպվել հեռավար։ Բուհերն են որոշել դասապրոցեսի կազմակերպման տարբերակը՝ այն իրականացնելով հիբրիդային եղանակով՝ առկա և հեռավար ձևերի համադրությամբ կամ էլ ամբողջովին առկա տարբերակով։

Journalist.am-ը զրուցել է մի քանի բուհերի ներկայացուցիչների և դասախոսական կազմի hետ՝ պարզելու, թե  ինչպես են կազմակերպվում առկա դասերը, ի՞նչ հնարավորություններ է տվել օնլայն կրթությունը, և ի՞նչ դժվարություններ ունեն ուսումնական պրոցեսում։

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հայոց լեզվի և գրականության դասախոս Լիլիթ Հակոբյանի խոսքով՝ առկա դասերն ունեն անվիճելի առավելություններ, առաջին հերթին կարևոր է կենդանի շփումը։

«Երբ տեսական օրինաչափությունը ներկայացնելուց հետո հնարավորություն ունես սովորողի աչքերին նայելու և պարզելու՝ ընկալե՞ց ասածդ, թե՞ ոչ, գեղարվեստական գրքի մասին խոսելիս կարող ես ակտիվ քննարկում կազմակերպել, որովհետև բոլորը ներգրավված են այդ գործընթացի մեջ, չի խանգարում ոչինչ, ոչ մեկի թույլ համացանցը կամ հոսանքի անջատվելը, այդ դեպքում ցանկալի արդյունքները երկար չեն սպասեցնի»,-ասում է դասախոսը։

ՀՊՏՀ-ի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը  մեզ հետ զրույցում հայտնեց, որ սեպտեմբերից տնտեսագիտական համալսարանում դասապրոցեսը սկսեցին  հիբրիդային եղանակով, իսկ հիմա ամբողջովին առկա եղանակով են իրականացնում։

«Երեք հերթով ենք դասերը կազմակերպում, որպեսզի կարողանանք պահպանել սոցիալական հեռավորությունը, սակայն եթե տվյալ կուրսում լինում է կորոնավիրուսի հիվանդության դեպք, ապա կուրսը վերադառնում է օնլայնի՝ կարանտինի պահպանման նկատառումներից ելնելով։ Ինչպես նաև ամբիոնում եթե որևէ դասախոսի մոտ բացահայտվում է Covid-19-ը, ապա ամբողջ ամբիոնը պետք է անցնի նորից օնլայնի։ Այդ ժամանակ դասացուցակային գրաֆիկի  պահպանումը էապես բարդանում է»,-ասում է պրոռեկտորը։

Երևանի պետական համալսարանի Քաղաքական գիտության պատմության և տեսության ամբիոնի  դասախոս Առնակ  Սարգսյանի կարծիքով՝  օնլայնի անցումը  մեծ դժվարությունների առաջ կանգնեցրեց և՛ պրոֆեսորադասախոսական կազմին, և՛ ուսանողներին, քանի որ այն միանգամից էր։

«Հիմա այս երկու շաբաթվա ընթացքում օֆլայն դասապրոցեսի անցնելով՝ կարծում եմ, որ աստիճանաբար այդ հարմարվողականության փուլում ենք։ Սակայն մենք դժվարություններ ունեցանք հատկապես օնլայնից օֆլայն   անցման փուլում, որը կկապեմ հիբրիդային ձևաչափի հետ։ Կան ֆակուլտետներ, որոնք դեռևս գտնվում են օնլայն ռեժիմում, որը միանշանակ դժվարություններ է ստեղծում դասախոսների համար, որոնք և’ օնլայն, և’ օֆլայն ձևաչափով են աշխատում»,-նշում է դասախոսը։

ԵՊՀ ճշգրիտ և բնագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դասերը վարում են հիբրիդային եղանակով՝ հաշվի առնելով բազմաթիվ սահմանափակումներ։

«Երբ աշնանը արդեն կորոնավիրուսի հիվանդության թիվը շատացավ, ինչպես նաև պատերազմական իրավիճակը հաշվի առնելով՝ անցանք ամբողջությամբ հեռավար ձևաչափի։ Սակայն, այս պահի դրությամբ ևս ունենք և՛ հեռավար դասեր, և՛ առկա դասեր։ Եթե բնագիտական թևի մասին ենք խոսում, ապա  շատ կարևոր է դասի տիպը․ եթե գործնական, լաբորատոր պարապմունք է, լինում է առկա, որովհետև առցանց անելը գրեթե անհնար է։ Մյուս ուսանողների հետ կապված՝ դիտարկում ենք՝ քանի ուսանող կա, եթե մեծ  հոսք է, մոտավորապես 60-70 հոգուց բաղկացած, գտնում ենք, որ ավելի լավ է անել առցանց։ Այսինքն՝ նայում ենք բովանդակային, թե ինչ դասընթաց է, և ինչքանով է հնարավոր պահել հակահամաճարակային նորմերը»,-ընդգծում է  պրոռեկտորը։

Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի Լրագրության  ամբիոնի դասախոս Դիանա Մարկոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ  համալսարանում վերջին 5 տարիների ընթացքում ուսուցման առերես գործընթացը զուգակցվել է օնլայն պրոցեսի հետ` «Google Classroom» համակարգի միջոցով։ Այդ իմաստով, անցումն օնլայնից օֆլայնի և հակառակը որևէ բարդություն չի ներկայացրել դասախոսների և ուսանողների համար։

«Որևէ խոչընդոտ չի եղել, հակառակը, ուսանողները մեծ ոգևորությամբ ընդունեցին առերես դասապրոցեսի անցման լուրը։ Պետք է ասեմ, որ որոշ մասնագիտությունների գծով համակցված է իրականացվում ուսուցումը։ Ինչ վերաբերում է առերես հանդիպումներին, ապա, անշուշտ, դրանք բավականաչափ հագեցած էին. և ընդհանրապես, առերես շփումը ուսանողի հետ անփոխարինելի է և’ դաստիարակության, և’ կրթության, և’ աշխարհաճանաչողության իմաստով»,-նշում  է  Դիանա Մարկոսյանը։

Համալսարանի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ առկա դասընթացները սկսելիս հաշվի է առնվել լսարանային ֆոնդը, ամեն նստարանին մեկական ուսանող տեղավորելու, հնարավորինս փոքր խմբերով պարապելու հնարավորությունները։

«Անշուշտ, լրացուցիչ միջոցներ են ձեռնարկվել հակահամաճարակային միջոցառումների  իրականացման։ Էլեկտրոնային ջերմաչափվող սրվակներ են ձեռք բերվել, և համալսարան մուտք գործող յուրաքանչյուր ոք ջերմաչափվում է։ Կարող եմ ասել, որ համալսարանը այժմ 90 տոկոսով անցել է օֆլայն ուսուցման, իսկ այն կուրսերը, որտեղ մեծամասնությունը մարզերից են, կամ դասախոսները գտնվում են կորոնավիրուսային հիվանդության խոցելի խմբի շրջանակում, ապա այս պարագայում նախընտրելի է օնլայն եղանակը»,-հայտնում են  վարչությունից։

Երևանի  պետական բժշկական համալսարանի Գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի ամբիոնի դասախոս Աննա Հազոյանի համար հեռավարը, տեսական առումով, շատ ավելի արդյունավետ էր, քան առկան։

«Իհարկե, օնլայնը հնարավորություն չի տալիս, որ գործնական մասը ապահովենք, և այս առումով մենք թերություններ ունեցանք, բայց տեսական մասը՝ պրեզետանցիաներ, նկարներ, վիդեոներ, պատկերավոր քննարկումներ  շատ արդյունավետ անցկացրինք։ Օնլայնին, կարծում եմ, մենք պատրաստ էինք այնքանով, որքանով օֆլայն դասապրոցեսին․կրեատիվ դասախոսները գտան հետաքրքիր քննարկումների տարբերակներ, իսկ հետաքրքրվող ուսանողները ստացան նորմալ տեսական գիտելիքներ»,-նկատում է  դասախոսը։

Բժշկական համալսարանի հասարակության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ համալսարանն ամբողջովին անցել է առկա ուսուցման և պահպանվում են բոլոր հակահամաճարակային կանոնները.

«Ուսանողները մի մուտքով ներս են մտնում, մեկ այլ մուտքով դուրս գալիս, այսինքն՝ նույն մուտքով ներս ու դուրս չեն անում։ Բոլոր մուտքերում դրված են ջերմաչափում իրականացնող հատուկ սարքեր, և ուսանողները շրջում են միայն դիմակներով։ Ինչպես նաև՝ կանոնավոր հետևում ենք, որպեսզի այս բոլոր հակահամաճարակային կանոները պահպանվեն»։

Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի Ռոմանագերմանական լեզուների ավագ դասախոս Գայանե Բարսեղյանի համար տնային միջավայրում ուսուցման մթնոլորտը խախտված էր։

«Հեռավար ուսուցման ժամանակ մենք կարծես մեխանիզմի վերածված լինեինք։ Նախ՝ օնլայնի դեպքում ուսուցումը կարծես տնային միջավայրում լինի, պաշտոնական միջավայր չկա։ Առանց դեմ առ դեմ հաղորդակցման, ինչքան էլ մենք ջանում ենք բոլոր միջոցները գործածել, միևնույն է, միջավայրն ուրիշ է։ Տեղում կատարում ենք խմբային աշխատանքներ, համագործակցային ուսուցում, իսկ առցանց ուսուցման պարագայում այդ ամենը խախտվում է»,-ընդգծում է դասախոսը։

Համալսարանի ուսումնական բաժնի պետ Լուսինե Վարդանյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ԲՊՀ-ում սեպտեմբերից արդեն ամբողջովին առկա էր դասապրոցեսը, այդ պատճառով փետրվարից ավելի հեշտ եղավ երկրորդ կիսամյակը կազմակերպել, քանի որ արդեն համավարակային պայմաններում աշխատելու փորձ ունեին։

«Մենք կազմակերպել ենք այնպես, որ լսարանները բավարարեն համապատասխան ձևով նստելուն, ամեն նստարանին աշխատում ենք նստեցնել մի ուսանող, որպեսզի հեռավորությունը պահպանվի։ Ուսանողների քանակից ելնելով՝ առաջին կուրսը ամբողջովին տեղափոխել ենք երկրորդ հերթ, երկրորդ և երրորդ կուրսի ուսանողները գալիս են առաջին հերթով»,-հայտնում է ԲՊՀ-ի ուսումնական բաժնի պետը։

Թեմայի շուրջ զրուցել ենք կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ։ Նրա կարծիքով՝ ոչ բոլոր դասախոսներն էին պատրաստ օնլայն ուսուցման ձեւին, որովհետև այն պարզապես չի նշանակում, որ ամբիոնի փոխարեն դասախոսը նստում է էկրանի մոտ և էկրանի մոտից դաս վարում։

«Օնլայն ուսուցում իրականացնելու համար բազմաթիվ հմտություններ են պետք, ոչ միայն համակարգչային տարրական հմտություններ, այլ նաև տարբեր տեսակի պլատֆորմներից, թվային գործիքներից օգտվելու հմտություններ, որին, իհարկե, դասախոսների որոշ մասը պատրաստ չէր։ Սակայն այնպես չի,  որ ուսանողները շատ լավ տիրապետում են այդ թվաային գործիքներին։ Հմնական խնդիրը սա է՝ հմտությունների պակաս։ Որոշ դեպքերում նաև ունենք տեխնիկայի խնդիրներ․ կային ուսանողներ, որոնք սարքերի, որակյալ ինտերնետի խնդիր ունեին, այսպիսի հարցեր էլ առաջ եկան»,-ընդգծում է  փորձագետը։

Սերոբ Խաչատրյանի կարծիքով՝ հեռավար կրթության հետևանքով բնագիտության, սպորտի, արվեստի ոլորտներում կորուստները շատ մեծ եղան, բայց որոշ առարկաների դեպքում՝ հատկապես հումանիտար, լեզվական մասնագիտությունների դեպքում հեռավար ուսուցումը շատ ավելի արդյունավետ է եղել, եթե, իհարկե, լավ է անցկացվել։

Նա  նաև նկատեց, որ այժմ՝ օնլայնից օֆլայն անցնելու փուլում, կարեւոր է դուրս չթողնել օնլայն ուսուցումը։

«Այսինքն՝ եթե մենք օֆլայնից անցանք օնլայնի, հիմա հետ ենք գնում նորից առկա դասապրոցեսի, կլինի այնպես, որ մենք այս հնարավորությունը կորցրինք․հիմա մեզ պետք է օնլայնի բոլոր ուժեղ կողմերը շարունակել օգտագործել։ Օրինակ՝ շատ լավ կլինի, եթե ուսանողները ոչ թե հինգ օր գնան համալսարան, այլ չորս օր, և մեկ օրն էլ անցկացնեն հեռավար։ Դա և՛ Երևան քաղաքը կբեռնաթափի, և՛ ուսանողների ծախսերը կարող է նվազեցնել, հատկապես, որ մոտակա մարզերից եկող որոշ ուսանողներ կարող են տուն գնալ, եթե մեկ-երկու ժամ հեռավորության վրա են Երևանից, ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքում։ Եվ, իհարկե, օնլայն կրթությունը նաև մեծ հնարավորություններ ունի տեսանյութեր, որոշ անիմացիաներ ցույց տալու, որոնք լսարաններում մենք չենք կարող անել, որովհետև տեխնիկապես հագեցած չեն լսարանները»,-նշում է  կրթության փորձագետը։

Անի Թամրազյան
3-րդ կուրս

Կիսվել